December-24

Գլխավոր | Հրաշքներ | Հարատևի՛ր մինչև տեսնես պտուղները (Սովորություն #7)

Հարատևի՛ր մինչև տեսնես պտուղները (Սովորություն #7)

Սիրելի՛ բարեկամ, այսօր ավարտում ենք «Սովորություններ, որոնք կփոխակերպեն քո կյանքը․․․» շարքը։ Իհարկե, հոգևոր կյանքի համար օգտակար սովորությունները շատ ավելին են, քան այս շարքի մեջ տեղ գտած յոթ սովորությունները։ Սակայն հույս ունեմ, որ իմ մատնանշած սովորությունները կարմատանան քո կյանքում և իրապես կփոխակերպեն քո կյանքը՝ այն լցնելով Աստծո քաղցրությամբ, խաղաղությամբ և հաղթանակներով։ Այսպիսով, որպես վերջին սովորություն, այսօր առաջարկում եմ միասին խորհել հետևյալ սկսած գործի կամ կայացրած որոշման մեջ հարատևելու շուրջ․․․

Սակայն նախ ուզում եմ կիսվել ինձ ուղարկված մի վկայությամբ։ Մեզ գրում է Գոհար Սարիբեկյանը․ «Բարև Ձեզ Արման եղբայր, ուզում եմ կիսվել Ձեզ հետ և ասել, որ իմ կյանքում մեծ դեր խաղացին ամենօրյա քաջալերական ուղերձները։ Ուզում եմ նաև վկայել, որ իմ կյանքում մեծ կորուստ ունենալուց հետո, երբ գտնվում էի շատ ծանր իրավիճակում ամենօրյա ուղերձների շնորհիվ էր, որ Աստված բժշկեց իմ հոգին։ Աստված շատ օրհնի Ձեզ այս ծառայության համար։ Եվ ուզում եմ ասել նաև, որ այս ուղերձները ուղարկում եմ իմ մտերիմներից շատերին։ Ես էլ Ձեզ եմ ուզում ասել՝ շնորհակալ եմ, որ Դուք կա՛ք։ Այս ծառայության միջոցով Աստված խոսում է իր զավակների հետ և բժշկում նրանց սրտերը»։

Իրապես, հրաշալի է նման վկայություններ ստանալը։ Դրանք քաջալերում են ինձ և մեր ողջ թիմին է՛լ ավելի պարտաճանաչ ու կարգապահ կերպով պատրաստել «Քո հրաշքն՝ ամեն օր» ամենօրյա քաջալերական ուղերձները։ Սակայն որպեսզի այս ուղերձները քո կյանքում իրապես փոփոխություն բերեն ու փոխակերպեն այն, շատ կարևոր է, որպեսզի զարգացնես քո մեջ այն սովորությունը, որի մասին խոսելու ենք այսօր։

Անցնող շաբաթվա ընթացքում ես հորդորում էի քեզ մի քանի օգտակար սովորույթներ զարգացնել քո կյանքում, որոնք կօգնեն քեզ հաստատուն մնալ որոշումներիդ մեջ, մասնավորապես՝ քո հոգևոր ընթացքին և Աստծո հետ մտերիմ հարաբերություններ ունենալուն նպաստող որոշումներիդ մեջ։

Ամենադժվարը ինչ-որ բան սկսելը չէ, այլ դրա մեջ հարատևելը և այն ճիշտ ավարտին հասցնելը։ Ինչպես փաստում է իմ կողմից շատ սիրված աստվածաշնչյան այս խոսքը․ «Ավելի լավ է մի բանի վերջը, քան դրա սկիզբը.․․» (Ժողովող 7․8

Վերջում է, որ մենք տեսնում ենք պտուղները․․․ կամ անպտուղ հողը։ Եվ վերջում է, որ մենք հաղթանակի բերկրանքն ենք վայելում կամ ճաշակում պարտության դառնությունը։

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, հարատևի՛ր ճիշտ հոգևոր սովորությունների մեջ այնքան ժամանակ, մինչև տեսնես ջանքերիդ պտուղները։ Եվ այդ ժամանակ էլ մի՛ թող այն, ինչ սկսել ես․․․ Գնա՛ նպատակիդ հետևից, մինչև տեսնես այն իրականացած։ 

Այսպիսով, օգտակար սովորույթներին նվիրված այս շարքը կավարտենք սովորություն #7-ով․ «Հարատևի՛ր ընթացքիդ ու որոշումներիդ մեջ այնքան ժամանակ, մինչև տեսնես դրանց պտուղները»։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: