May-7

Գլխավոր | Հրաշքներ | Հավատքի ընկերների կարևորությունը

Հավատքի ընկերների կարևորությունը

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Դասեր Դանիելի մարգարեությունից» անվանումը։ Այսօր անդրադառնալու ենք մի պատմության, որը միջոց դարձավ Տեր Աստծու ձեռքին՝ Իր փառքը Դանիելի միջոցով հայտնելու համար։ 

Նաբուգուդոնոսոր թագավորը մի երազ է տեսնում, որը տակնուվրա է անում նրա ներաշխարհը։ Սակայն երազի մեկնության ստուգության մեջ վստահ լինելու համար նա պահանջում է, որ իմաստունները մեկնեն այն՝ առանց իր երազը նրանց պատմելու։ Չստանալով որևէ մեկնություն, նա բարկության մեջ հրամայում է սպանել բոլոր իմաստուններին, որոնց մեջ էին նաև Դանիելն ու նրա ընկերները։

Սիրելի՛ բարեկամ, գուցե դու էլ քո կյանքում բախվել ես նման ծանրագույն իրավիճակների և դժվարագույն խնդիրների։ Դանիելը և նրա ընկերները ոչ մի սխալ բան չէին արել, սակայն նրանց մահապատիժ էր սպառնում։ Իսկ դու երբևէ առնչվե՞լ ես քո հանդեպ նման անարդարության, գուցե՝ ոչ մահապատժի սպառնալիքի, սակայն այլ վտանգների, ծայրահեղ դժվարությունների և անարդար մեղադրանքների տեսքով։ 

Ի՞նչ կարող ենք սովորել ծանրագույն ճգնաժամի մեջ Դանիելի պահվածքից։ Ի՞նչ դաս է մեզ փոխանցում Աստվածաշունչը։ Լսելով մահապատժի որոշման լուրը՝ Դանիելը նախ խոհեմությամբ և իմաստությամբ խոսեց դահճապետի հետ և իմացավ թագավորի բարկության պատճառը։ Հետո մտավ թագավորի մոտ և ժամանակ խնդրեց, որպեսզի աղոթի և Աստծուց ստանա երազի մասին տեղեկությունն ու դրա մեկնությունը։ Սակայն ամենակարևորը տեղի ունեցավ թագավորի մոտից դուրս գալուց հետո։

«Այն ժամանակ Դանիելը գնաց տուն և եղելությունն իմացրեց իր ընկերներին՝ Անանիային, Միսայելին և Ազարիային, որպեսզի գթություն խնդրեն երկնքի Աստծուց այս գաղտնիքի մասին, որ Դանիելն ու նրա ընկերները չոչնչացվեն Բաբելոնի մնացած իմաստունների հետ» (Դանիել 2․17-18):

Դանիելը կարիք ուներ հոգևոր օգնության։ Դանիելը, որքան էլ զորավոր լիներ հավատքի մեջ և Տեր Աստծու հետ մտերմության ու Նրա բարեհաճության ընթացքի մեջ ապրեր, կարիք ուներ Աստծուն սիրող մյուս մարդկանց հետ միաբանվելու և աղոթք ու աղաչանք բարձրացնելու Ամենակարող Աստծուն՝ իրենց դժվարին կացության մեջ ելք ու փրկության ուղի բացելու համար։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ դու ունե՞ս հոգևոր ընտանիք։ Քո շրջապատում կա՞ն Աստծուն սիրող և Աստծուց երկյուղ ունեցող մարդիկ, որոնք ապրում են Քրիստոսի ուսուցանած սկզբունքներին հավատարիմ կյանքով և որոնց հետ դու կարող ես միաբանվել ու աղոթել քո կամ նրանց կյանքի ճգնաժամային պահերին։ Դու ունե՞ս Տեր Աստծու նախանշած սրբության կյանքով ապրող ընկերներ, որոնց հետ միասին կարող ես գթություն խնդրել Երկնքի Աստծուց, ինչպես դա արեցին Դանիելն ու իր ընկերները։ 

Հավատքի ուղին միայնակ անցնելը գրեթե անհնարին է, քանի որ Աստվա՛ծ է, որ հաստատել է երկրի վրա եկեղեցու և հոգևոր համայնքի կարևորությունը։ Քրիստոսն է եկեղեցու գլուխը։ Աստվածաշունչն է մեզ պատվիրում միանալ հոգևոր ընտանիքի և իրար օգնելով ու իրար համար աղոթելով՝ անցնել քրիստոնեական կյանքի նեղ ու դժվարին ճանապարհը։ 

«Եվ միմյանց նկատմամբ հոգատար լինենք՝ սիրո ու բարի գործերի մղելով։ Եվ մեր մեկտեղ հավաքվելը զանց չառնենք, ինչպես ոմանց սովորությունն է, այլ միմյանց քաջալերենք, և այնքան ավելի, որքան տեսնում եք, որ օրը մոտեցել է» (Եբրայեցիս 10․24-25):

Աստված լսեց Դանիելի ու նրա ընկերների աղոթքը և գերբնական կերպով պատախանեց նրանց աղաչանքին։ Դանիելը կանգնում է թագավորի առջև, մեծարում միակ ճշմարիտ Աստծուն, խոսում Նրա ամենակարողության մասին և հայտնում թե՛ երազը և թե՛ երազի մեկնությունը։ Արդյունքը լինում է ցնցող՝ թագավորը ինքն է ընկնում Դանիելի առջև, երկրպագում նրան, մեծամեծ պարգևներ տալիս ու նշանակում Բաբելոնի գավառի կառավարիչ և բոլոր իմաստունների ղեկավար։ Սակայն Դանիելը նման առաջխաղացման արդյունքում չի մոռանում իր հավատարիմ ընկերներին․․․

«Բայց Դանիելը թագավորին խնդրեց, և Բաբելոնի գավառը կառավարելու համար նշանակեց Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին, իսկ ինքը՝ Դանիելը, թագավորի դռանն էր լինում» (Դանիել 2․49):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: