January-30

Գլխավոր | Հրաշքներ | Հավատարմությունն ամրանում է ճիշտ աշակերտությամբ

Հավատարմությունն ամրանում է ճիշտ աշակերտությամբ

Հավատարմությունն ի ծնե տրվող որակ չէ։ Հավատարմությունը մարդու որոշումն է։ Հավատարմությունը երախտապարտ մարդու արձագանքն է իրեն բարիք արած մեկին։ Հավատարմությունը սիրո և հնազանդության լավագույն դրսևորումն է։ 

Սիրելի՛ բարեկամ, կարելի է անվերջ թվարկել հավատարմության օրհնությունները, սակայն այսօր ուզում եմ միասին քննենք հավատարիմ մարդ դառնալու գործնական քայլերը, որպեսզի մեր կյանքը փոխարկերպվի, ու մենք քայլ առ քայլ մոտենանք Աստծու բարի և հավատարիմ ծառան լինելու օրհնյալ իրողությանը։

Այո՛, Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ յուրաքանչյուր մարդ կանգնելու է Աստծու առաջ և հաշիվ է տալու իր ապրած կյանքի համար։ Ամեն մարդ, նաև ես և դու, կանգնելու է Աստծու առջև։ Իսկ Նա՝ արդար Դատավորը, քննելու է մեզ՝ մեր ազատ կամքով կայացրած որոշումները, մեր արարքներն ու գործերը և այդ ամենի հիման վրա կայացնելու է որոշում։ Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ այդ որոշման միայն երկու տարբերակ գոյություն ունի։ Աստված կա՛մ ասելու է մարդուն․ «Ապրե՛ս, բարի ու հավատարի՛մ ծառա, մտի՛ր քո տիրոջ ուրախության մեջ», կա՛մ ասելու է․ «Չար ու ծո՛ւյլ ծառա, քո տեղը դրսի խավարն է, որտեղ լացն է ու ատամների կրճտոցը» (տե՛ս Մատթեոս 25.14-30 հատվածը)։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես իմ ողջ սրտով փափագում եմ, որ երբ դու կանգնես Տեր Աստծու առաջ, լսես «Ապրե՛ս, բարի ու հավատարի՛մ ծառա, մտի՛ր քո տիրոջ ուրախության մեջ» խոսքերը։ Այս խոսքերը լսելու են միայն հավատարիմները։ Իսկ հավատարիմ դառնալու համար դու նախ պետք է աշակերտ դառնաս։ Հավատարմությունը սկսվում է աշակերտությունից։ 

«Այդժամ Հիսուսն Իրեն հավատացած հրեաներին ասաց. «Եթե դուք հավատարիմ մնաք Իմ խոսքին, Իմ ճշմարիտ աշակերտները կլինեք» (Հովհաննես 8.14-30 հատվածը

Քրիստոսի աշակերտ դառնալը անիրական ու վերացական մի բան չէ։ Այն շատ իրական ու գործնական է։ Եթե դու որոշես դառնալ Տեր Հիսուսի աշակերտը, ապա պիտի նվիրվես Նրա Խոսքի միջոցով Նրա կամքը ճանաչելուն։ Քրիստոսի աշակերտի հավատարմության հաջորդ քայլը Նրա խոսքերին հնազանդ կյանք ապրելն է։ Քրիստոսի խոսքը բնակվում է Նրա աշակերտների մեջ։ Եվ եթե դու նաև կարգապահ կերպով կյանքի կոչես Նրա բոլոր հանձնարարությունները և գործես ըստ Նրա ակնկալած կերպի, ապա կդառնաս հավատարիմ ու վստահելի մարդ։ 

Հավատարմությունը սկսվում է աշակերտությունից և դրսևորվում մեր կյանքի տարբեր ոլորտներում՝ Աստծու կամքը մեր պատկերացումներից ու ցանկություններից բարձր դասելու որոշումների մեջ։ 

Այո՛, եթե դառնաս աշակերտ, ապա կարո՛ղ ես դառնալ նաև Քրիստոսի բարի և հավատարիմ ծառան։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: