February-2

Գլխավոր | Հրաշքներ | Հավատարմությունը քո հաղթանակի երաշխիքն է

Հավատարմությունը քո հաղթանակի երաշխիքն է

Աստվածաշունչը հստակ խոսում է այն մասին, որ Քրիստոսի յուրաքանչյուր հետևորդ գտնվում է հոգևոր պատերազմի մեջ։ Մենք՝ Քրիստոսին հավատացողներս, պատերազմի մեջ ենք։ Այդ պատերազմը կոչվում է հավատքի բարի պատերազմ։ Եվ Աստվածաշունչն ասում է, որ յուրաքանչյուր հավատացյալ կարող է ոչ միայն հաղթող լինել այդ պատերազմում, այլ ավելին, քան հաղթող։ 

Սիրելի՛ բարեկամ, իսկ ինչպիսի՞ պատերազմով ես դու անցնում։ Արդյոք քո կյանքում նո՞ւյնպես առկա է հոգևոր պատերազմը։ Իսկ ուզո՞ւմ ես իմանալ, թե որն է Քրիստոսի մեջ հաղթող լինելու բանալին։ Ինչպե՞ս կարող ես հաղթել հավատքի բարի պատերազմը և ապրել մի կյանք, որն Աստված է կամենում, որ ապրես՝ լիառատ և Տիրոջ խաղաղությամբ հագեցած մի կյանք։ 

Իրականում, մարդը հաղթանակով է դուրս գալիս հոգևոր պատերազմից, երբ Աստված նրա հետ է և Ինքն է պատերազմում այդ պատերազմը։ Մենք չենք կարող հաղթել խավարի ուժերին մեր զորությամբ, մեր հնարամտությամբ, մեր իմաստությամբ կամ մեր ունեցած մարդկային իշխանությամբ։ Մենք հաղթում ենք խավարի բոլոր ուժերին միայն մեկ պարագայում՝ երբ Աստված մեզ հետ է և մեր փոխարեն պատերազմում է խավարի դեմ մեր թեժ ճակատամարտերը։ 

«Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, ու հաղթեցիք նրանց, որովհետև ավելի մեծ է Նա, որ ձեր մեջ է, քան թե նա, որ աշխարհի մեջ է» (Ա Հովհաննես 4.4

Հոգևոր պայքարների մեջ դու կարող ես հաղթող լինել միայն և միմիայն այն պարագայում, երբ Աստված քո մեջ է բնակվում։ Այդ ժամանակ Նա՛ է պատերազմում քո պատերազմը: Այդ ժամանակ է, որ քո դեմ պատերազմող ուժերն իրականում պատերազմում են քո մեջ բնակվող Աստծու դեմ։ Իսկ Աստված Իր հավատարիմ ժողովրդի համար զորավոր խոստումներ ունի։ Ահա այդպիսի մի խոստում, որ Աստված է տալիս Իրեն հավատարիմ յուրաքանչյուր մարդու։

«Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև Ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ Իմ արդար աջով։ Ահա քո դեմ բոլոր բորբոքվողները կամաչեն և ամոթահար կլինեն, քո դեմ պայքարող մարդիկ ոչնչի պես կլինեն ու կկորչեն» (Եսայիա 41.10

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր ուզում եմ քեզ քաջալերել մի պարզագույն ճշմարտությամբ՝ Աստված հավատարիմների կողմից է։ Եթե դու հավատարիմ չես Նրա Խոսքին ու Նրա կամքին, ապա ինչ հռչակում ու աղոթք էլ անես, չես կարող Նրան ստիպել քո կողմից և քեզ համար պատերազմել քո կյանքի հավատքի պատերազմը։ Իսկ եթե դու որոշում ես կայացրել ճանաչելու Նրա կամքն Աստվածաշնչի շնորհիվ և հետևելու քո կյանքում Աստծու Սուրբ Հոգու ուղղորդմանն ու խրատներին, ապա քեզ համար է Տիրոջ հավատարիմ ծառաներին տրված այս հրաշալի խոստումը։ Եվ ինչ դժվարություն էլ այցելած լինի քո կյանք, միևնույնն է՝ դու տիրանալու ես Տիրոջ ծառաների հաղթական ժառանգությանը։

«Ամեն մի գործիք, որ շինված է քո դեմ, հաջողություն չպիտի ունենա, և ամեն լեզու, որ դատաստանի է ելնելու քո դեմ, պիտի դատապարտվի։ Ա՛յս է Տիրոջ ծառաների ժառանգությունը, և Ինձնից է գալու նրանց արդարացումը»,- ասում է Տերը» (Եսայիա 54.17

Աստված հավատարիմների կողմից է…

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: