Հավատարմության առաջնային դպրոցը մարդու ընտանիքն է։ Ընտանիքն ամենալավ հմտություններն է փոխանցում մարդու հավատարմության առումով։ Այն ապահովում է մարդու կազմավորման և բնավորության դրսևորման հիմքը։
Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշունչը բազմաթիվ ուսուցումներ է մեզ փոխանցում հոգևոր մարդու հավատարմության գնահատման և չափանիշների վերաբերյալ, և դրանցից ամենակարևորներից մեկն ընտանիքում հոգևոր մարդու պահվածքին և հարաբերություններին է վերաբերում։
Եթե մարդը հավատարիմ չէ ընտանիքում, չի կարող հավատարիմ լինել եկեղեցում կամ Աստծու հետ հարաբերություններում։ Ընտանիքը կրթում է մարդուն։ Ընտանեկան հարաբերությունները հղկում են մեր հավատարմությունը։ Եվ Աստված մեր հոգևորության աստիճանը որոշում է՝ գնահատելով մեզ մեր ընտանիքում ունեցած հավատարմության հիման վրա։
«․․․բայց եթե մեկն իր տանը վերակացու լինել չիմանա, նա ինչպե՞ս է հոգալու Աստծու եկեղեցուն» (Ա Տիմոթեոս 3.5)։
Եթե որևէ ծառայող իր տանը հավատարիմ չէ, օրինակ՝ հայրական կամ ամուսնական պարտականությունների հարցում, եթե չի կարողանում ընտանիքի համար պատշաճ խնամք տանել կամ ապահովել հաշտ ու համերաշխ մթնոլորտ ընտանիքում, ինչպե՞ս կարող է նման ծառայողը հովվել Աստծու եկեղեցին։ Աստված ընտանիքում հավատարմության դրսևորումը ներկայացնում է որպես հոգևոր կյանքում հավատարմության չափանիշ։
Նույնը ճշմարիտ է նաև կանանց պարագայում․ «․․․եթե մեկը յուրայիններին ու մանավանդ ընտանիքին հոգ չի տանում, նա հավատն ուրացած է և անհավատից էլ վատ է» (Ա Տիմոթեոս 5.8)։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ ինչպիսի՞ն է քո հոգևոր կյանքն ընտանիքում։ Ինչպիսի՞ ծնող ես կամ զավակ, ամուսին կամ կին, քույր կամ եղբայր քո ընտանիքում։ Արդյոք քո ընտանիքի անդամների հետ քո հարաբերություններն արտացոլո՞ւմ են Տեր Աստծու ուսուցանած սկզբունքները։ Արդյոք ընտանիքում կամ ամուսնական հարաբերություններում քո պարտականությունները կատարո՞ւմ ես այն հավատարմությամբ, որով կհնազանդվեիր Տեր Աստծու ուղղակի հրահանգներին։
Հավատարմության լավագույն դպրոցն ընտանիքն է։ Ընտանիքում հավատարիմ լինելը մեզ դարձնում է այնպիսի մի մարդ, որը վստահելի է Տեր Աստծու համար։ Աստված բազմաթիվ օրհնություններ ունի հավատարիմների համար և մեզ ընտանիք պարգևն է տվել, որպեսզի հղկի ու զարգացնի այդ որակը մեր մեջ։ Շնորհակալություն Աստծուն մեր ընտանիքների համար։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը