Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ քեզ հետ կիսվել մշակութային քրիստոնեությունից դեպի հավատքի քրիստոնեություն անցնելու Արա եղբոր վկայությամբ։ Ահա Արա եղբոր պատմությունը։
«Ծնվել և մեծացել եմ բարեպաշտ ընտանիքում, որում հարգվում և պահպանվում էին կրոնական բոլոր տոները, ծեսերն ու ավանդությունները: Դպրոցական տարիներին իմ սովորած «Կրոն» առարկան ինձ համար մյուս դասերի նման տեղեկությունների և քննությունը բարեհաջող հանձնելու առարկա էր միայն:
Աստված իմ պատկերացումներում վերևում՝ Երկնքում ինչ-որ տեղ Իր գահին բազմած Արքա էր, Ում հետ կապ հնարավոր էր հաստատել միայն քահանաների և սրբազանների միջոցով, իսկ անգիր արած աղոթքը ինձ համար ամենօրյա պարտականություն էր միայն։ Մանուկ ժամանակ տպավորությանս մեջ Հիսուսը դարեր առաջ ապրած մի մարգարե էր, Ով բուժում էր մարդկանց հիվանդությունները՝ կույրերին ու կաղերին, և բարության մասին քարոզներ էր տալիս մարդկանց:
Պատանեկության-երիտասարդությանս տարիները համընկան ազգային զարթոնքի ու պահանջատիրության վայրիվերումներին: Օրերս հագեցած էին ազգային բնույթի աշխատանքներով, իսկ քրիստոնեությունն ինձ համար միայն հայկական ինքնության բաղադրիչ էր: Ես ապրում էի որպես «հայ քրիստոնյա», սակայն չէի ապրում քրիստոնյայի կյանքով և քրիստոնեության սկզբունքներին համահունչ:
2012 թվականին համատարած լուրեր էին շրջանառվում Մայաների օրացույցի հիման վրա աշխարհի վերջի ահավոր կանխատեսումների մասին: Մոտալուտ թվացող վախճանը վախի ու խուճապի պատճառ էր դարձել նաև ինձ մոտ: Մահն արդեն շատ մոտ էր թվում… Մտքումս միայն մեկ հարց էր պտտվում՝ ո՞րն է փրկության ելքը:
Տարիներով կուտակված հոգևոր հարցերս երկար ժամանակ էր, ինչ աչքաթող էի արել: Իսկ հիմա ինձ թվում էր, թե այլևս ժամանակ չէր մնացել: Հուսահատ ու ծնկաչոք աղոթեցի: Խնդրում էի Աստծուն, որպեսզի Նա ազատի ինձ իմ վախերից ու տագնապներից, ինչպես նաև ակնկալում էի հարցերիս պատասխանն ստանալ Նրանից։
Աղոթքիս պատասխանը չուշացավ: Հաջորդ օրը մի պատվիրատու այցելեց իմ գրասենյակ հոգևոր թեմայով խորհրդանշանի ձևավորման համար: Նա ավետարանիչ մի եղբայր էր, և աշխատանքային հենց առաջին հանդիպումից բացվեց հոգևոր զրույցի թեման: Մի քանի շաբաթ տևող աշխատանքային հանդիպումները զուգորդվեցին հարցերիս տարափով, որը ավարտվեց խոստովանության և ապաշխարության աղոթքով:
Մանկությանս օրերի պատկերացումներում կույր աչքեր բժշկող Հիսուսն այսօր բժշկել է նաև իմ հոգու կուրությունը: Վախերից ու չարի կապանքներից ազատված՝ այսօր ես ամենօրյա անմիջական հաղորդակցությունն ու մտերմությունն եմ վայելում Տիրոջս հետ»:
Ինչպիսի՜ հրաշալի վկայություն Արա եղբորից, ով այսօր արդյունավետ կերպով ներգրավված է մեր եկեղեցու մի քանի պատասխանատու ծառայությունների մեջ։ Փա՜ռք Աստծուն:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այո՛, միայն Տեր Հիսուսը կարող է փրկել և կյանքեր փոխել: Նրա զոհի շնորհիվ այսօր` 2000 տարի անց, Աստված բացեց փրկության դուռը Արա եղբոր կյանքում, ինչպես և բացել է ինձ ու քեզ համար, ողջ աշխարհի մարդկության համար։ Եվ եթե դու դեռևս իրական հանդիպում չես ունեցել Տեր Հիսուսի` քո Փրկչի հետ, ապա կոչ եմ անում քեզ անելու դա հենց այսօր: Սա քո կյանքի ամենակարևոր որոշումը կարող է լինել։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը