September-16

Գլխավոր | Հրաշքներ | Կրակների միջո՞վ ես անցնում․․․ ?

Կրակների միջո՞վ ես անցնում․․․ ?

Սիրելի բարեկա՛մ, ես չգիտեմ, թե ինչի միջով ես անցնում հիմա կամ ինչ փորձության մեջ ես հայտնվել։ Սակայն հենց այսօր ուզում եմ քաջալերել քեզ՝ ինչ փորձության միջով էլ անցնես, եղի՛ր ուժեղ, որովհետև քո կյանքի պատմությունը պետք է հաղթանակների պատմություն լինի։

Չնայած փորձությունը կարող է շատ դժվարին ու ցավոտ լինել՝ անգամ այնպիսին, որ քեզ կարող է թվալ, թե կրակների միջով ես անցնում, սակայն կա մի ճշմարտություն, որը երբե՛ք չի փոփոխվում՝ քո ամենածանր փորձությունները կարող են դառնալ քո կյանքի ամենաազդեցիկ վկայությունները:

Այնքա՜ն շատ են ասվածի ապացույց հանդիսացող կյանքերը: Օրինակ, Ջոյս Մայերը, ով երիտասարդ տարիքում ենթրակվել է սեռական, հոգեբանական ու զգացմունքային բռնությունների իր հոր կողմից, սակայն դարձել է աշխարահահռչակ ծառայող, իր քաջալերական ուսուցումների շնորհիվ։ 

Նույնը կարող ենք ասել Նիք Վույչիչի մասին։ Հաշմանդամ, միայնության ճնշող զգացումով և կործանված ապագայով երեխան, որը ծնվել է առանց ոտքերի ու ձեռքերի, հետագայում դարձել է երջանիկ անհատ՝ սիրող ամուսին և չորս երեխաների հայր, ով նաև Քրիստոսի Բարի Լուրը փոխանցել է միլիոնավոր մարդկանց:


Աստվածաշնչում կարդում ենք նաև Եսթերի պատմությունը, ով օտար երկրում ապրող մի որբ երեխա էր, սակայն դարձավ թագուհի և զորավոր կերպով օգտագործվեց Աստծո ծրագիրը կյանքի կոչելու գործի մեջ։ 

Այսպիսով, ուզում եմ այս բոլոր պատմություններով քեզ մի կարևոր քաջալերանք փոխանցել։ Քո կյանք այցելած փորձությունը քեզ կրակի պես այրելու համար չէ, այլ ավելի շուտ քեզ ոսկու պես զտելու և քո կյանքում Աստծո ծրագրերին նախապատրաստելու համար։ Դու չես պատժվում, այլ պատրաստվում ես։ Աստվածաշնչում կարդում ենք․ «Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ. արևելքից եմ բերելու քո սերունդը և արևմուտքից եմ հավաքելու քեզ» (Եսայիա 43․5): 

Այն ինչ ասելու եմ հիմա, փորձված ճշմարտություն է․ երբ մենք որոշում ենք մեր կյանքը վստահել Աստծուն, Նրան տալ մեր ամենը, առանց որևէ նախապայմանի վստահել Տիրոջը, սկսած հենց այդ պահից այն ամենը, ինչը կարող է մեզ վնասել, դառնում է մեր զորությունը, մեր լավագույն պատմությունն ու ամենագեղեցիկ վկայությունը, որը փառք է բերում մեր Տեր Աստծո սքանչելի անվանը։ 

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, ե՛կ միասին խորհենք այս զորավոր աստվածաշնչյան խոսքի շուրջ․ «Տերն ապավեն է խեղճին, ապավեն՝ նեղության ժամանակներում» (Սաղմոս 9.9):

Աստված թող լինի քո ամուր աշտարակը, քո պարիսպն ու պաշտպանությունը։ Զորացի՛ր ու քաջացի՛ր։ Քո կյանք այցելած այս փորձությունը հավիտյան չի տևելու։ Այն շուտով կավարտվի։ Իսկ դրանից բխած վկայությունը մարդկանց հայտնելու է Աստծո փառքն ու հրաշագործ զորությունը։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: