January-13

Գլխավոր | Հրաշքներ | Կատարյալ՝ Նրա աչքերում․․․

Կատարյալ՝ Նրա աչքերում․․․

Սիրելի՛ բարեկամ, երեկ մենք խոսեցինք այն մասին, որ դու զարմանահրաշ ու հիասքանչ կերպով ես ստեղծված: Իսկ այսօր ուզում եմ վստահեցնել քեզ, որ եթե բավարարես Տեր Աստծու ընդամենը մեկ պայմանին, ապա դու կատարյալ ես դառնում Նրա աչքերում… 

Ահա իմ այս համարձակ պնդման հիմքը Աստվածաշնչից. «Որովհետև մեկ պատարագով սրբվողներին հավիտյան կատարյալ դարձրեց» (Եբրայեցիս 10․14):

Իսկ ո՞րն է այդ պայմանը։ Ո՞ւմ է սրբում Նրա կատարած պատարագը։ «Պատարագ» բառը նշանակում է «զոհաբերություն»։ Աստված Իր Որդուն պատարագեց որպես փրկագին յուրաքանչյուր մարդու մեղքերի ներման համար։ Սակայն Տեր Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը սրբում ու կատարյալ է դարձնում միայն Նրա խոսքերին հավատացողներին։ 

Այսօր շատերն են ասում, թե հավատում են Տեր Հիսուսին։ Սակայն արդյոք մենք լսո՞ւմ ենք Նրա արձագանքը․ «Եվ ինչո՞ւ եք ինձ “Տե՛ր, Տե՛ր” կանչում, բայց չեք անում այն, ինչ ասում եմ» (Ղուկաս 6․46):

Ընդամենը մեկ պայման՝ հավատալ Նրա ասածներին։ Հավատալ Նրա ուսուցանած ճշմարտություններին։ Հավատալ այն ամենին, ինչը Նա բացահայտել է հոգևոր կյանքի և Տեր Աստծու հետ հարաբերությունների մասին։ Եվ եթե մենք բավարարում ենք այս միակ պահանջի պայմաններին, ապա Աստված մեզ կատարյալ է տեսնում։ Նա այլևս չի նայում մեր թերություններին ու մեղքերին։ Նա սրբել է մեզ Գողգոթայի խաչի վրա Իր Որդու հեղած արյունով։

Աստված ջնջում է Քրիստոսին հավատացող մարդկանց մեղքերը, մաքրում նրանց և դարձնում Իր նման կատարյալ․ «Եվ ջնջեց մեր դեմ դատավճռի ձեռագիրը և այն մեջտեղից վերացրեց ու խաչափայտին գամեց» (Կողոսացիս 2․14):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբ դու հավատում ես Տեր Հիսուսի խոսքերին, սկսում ես տեսնել քո սխալներն ու մեղքերը։ Երբ հավատում ես Նրա ուսուցումներին, սկսում ես զղջալ քո սխալ խոսքերի, արարքների, վերաբերմունքի ու վարքագծի համար։ Եվ, վերջապես, երբ հավատում ես Տեր Հիսուս Քրիստոսին, չես կարող չհրաժարվել այդ մեղքերից ու սխալներից։ Նման հավատք ունեցող մարդն ամբողջ սրտով որոշում է կայացնում մաքրվելու, սրբվելու և այնպիսի նոր կյանք ապրելու, որը համահունչ է Աստծու ակնկալած կյանքին։ 

Աստված Ինքն է մեզ քաջալերում հետևյալ խոսքերով, եթե, անշուշտ, մենք հավատում ենք Իրեն․ «Նրանց մեղքերն ու նրանց անօրենություններն այլևս չեմ հիշելու» (Եբրայեցիս 10․17

Առաջարկում եմ աղոթել միասին այս աղոթքով․ «Շնորհակալ եմ, Տե՛ր, խաչի վրա Քո անգին զոհի համար, որի արդյունքում սրբեցիր ինձ և, որքան էլ անհավանական դա հնչի, ինձ Քո աչքերում կատարյալ դարձրիր։ Շնորհակալ եմ, որ այլևս երբե՛ք չես հիշում իմ այն մեղքերը, որոնք ես խոստովանել եմ Քեզ և որոնք Քո օգնությամբ հեռացրել եմ իմ կյանքից։ Այսօրվանից սկսած ես թույլ չեմ տալու, որ անցյալի մեղքերի ծանրությունը գա ու ճնշի ինձ։ Ես գիտեմ, որ հիմա Քո Սուրբ Հոգին է իմ մեջ բնակվում, և ես Քոնն եմ հավիտյան։ Աղոթում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»:

Քաջալերում եմ քեզ խարսխել այս ճշմարտությունը քո սրտում՝ Աստված Քրիստոսով քեզ կատարյալ է դարձրել: Նույնիսկ քո մարդկային անկատարության պարագայում դու Նրա աչքին կատարյալ ես, եթե հավատում ես Որդուն և թույլ ես տվել, որ Նրա Խոսքը բնակվի քո ներսում։ Փառք Աստծուն Նրա զարմանահրաշ սիրո համար․․․ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: