January-23 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Ծոմապահությունը կբժշկի քո աղոթքի կյանքը 

Ծոմապահությունը կբժշկի քո աղոթքի կյանքը 

Այսօր ուզում եմ խոսել քեզ հետ մի թեմայի շուրջ, որը քչերն են սիրում բարձրաձայնել՝ ծոմապահության մասին:

Սիրելի՛ բարեկամ, կան շատ հավատքի հերոսներ, որոնք ծոմ էին պահում (Աստվածաշնչում խոսվում է Եսթերի, Դանիելի, Եղիայի և այլոց ծոմապահությունների մասին): Սակայն կարծում եմ՝ Տեր Հիսուսի ծոմապահությունը լավագույն օրինակն է մեզ համար։

Ղուկաս 4.1-2 խոսքում կարդում ենք. «Հետո Հիսուսը Սուրբ Հոգով լցված, Հորդանանից վերադարձավ և Հոգով անապատ առաջնորդվեց, որտեղ Նա Սատանայի կողմից քառասուն օր փորձվեց և այն օրերին ոչինչ չկերավ, իսկ երբ օրերը լրացան, քաղց զգաց» (Ղուկաս 4․1-2):

Տեր Հիսուսը սովորություն ուներ աղոթելու: Նա գնում էր մի հատուկ տեղ, որպեսզի առանձնանար ու վայելեր Իր Հոր ներկայությունը: Նրա նախընտրելի վայրերից էր, օրինակ, Ձիթենյաց սարը:

Իսկ ո՞րն է քո առանձնահատուկ տեղը, քո ներքին սենյակը, որտեղ դու ժամանակ ես անցկացնում քո երկնային Հոր հետ:

Տեր Հիսուսը լավ սովորություններ էր զարգացրել Իր հոգևոր կյանքում. առավոտյան, երբ աշակերտները դեռ քնած էին, Նա առանձնանում էր և աղոթում Հորը: Նա առավոտյան զորություն էր ստանում, որը Նրան ուղեկցում էր ողջ օրվա ընթացքում, երբ բժշկություններ ու հրաշքներ էր գործում, ուսուցանում էր Իր աշակերտներին, կամ դիմակայում էր փարիսեցիների չարախոսություններին ու Իրեն ատողների լարած որոգայթներին:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, աղոթքի կյանքի հիմնական խնդիրը կարգապահությունն է ու հարատևությունը։ Մեր հոգին, շունչը և մարմինը սերտորեն կապված են իրար: Իսկ մեր մարմինը ծոմի օգնությամբ խրատելու փորձառությունը իր դրական ազդեցությունն է թողնում նաև մեր հոգու կարգապահության վրա:

Ի դեպ, «կարգապահություն» բառն էլ իր հերթին սերտ առնչություն ունի «աշակերտ» բառի հետ։ Եթե մենք Քրիստոսի աշակերտներն ենք, ապա պետք է հետևենք նաև Նրա կարգապահության օրինակին: Իսկ կարգապահության լավագույն ուսուցիչը ծոմապահությունն է։

Երբ մենք ծոմ ենք պահում Տիրոջը փնտրելու համար, Նրա ուժը, զորությունը սկսում է գործել մեր տկարության մեջ: Երբ ծոմ ենք պահում, մենք ավելի թույլ ենք զգում ֆիզիկապես, բայց թույլ ենք տալիս, որպեսզի Տեր Աստծու շնորհը բացահայտվի մեր թուլության մեջ: Մեր հոգիները զորանում են, և Տերն օգնում է մեզ մուտք գործելու հայտնությունների և Իր ներկայության փառքի ավելի բարձր հարթություններ: Ի՞նչ կլինի, եթե ծոմապահությունը սկսես՝ սկզբում ընդամենը քսանչորս ժամով քեզ զրկելով սնունդից, հետո դարձնես այն երկու ամբողջական օր, իսկ հետագայում նաև՝ օրեր (անշուշտ, եթե չկան բժշկական հակացուցումներ)։ Ես միշտ խորհուրդ եմ տալիս ծոմապահության որոշումը քննարկել հոգևոր հովվի հետ, որպեսզի զերծ մնաս ծայրահեղություններից։

Դարձրո՛ւ ծոմապահությունը քո կյանքի սովորություններից մեկը և ականջ մի՛ դիր մարմնիդ հակազդեցությանը, որն ամեն պատճառ կհորինի, որպեսզի քեզ հետ պահի հոգևոր կարգապահությունից։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: