Սիրելի՛ բարեկամ, երեկ միասին խոսեցինք այն մասին, որ Աստված հզոր ազատարար է, լսում է քեզ, տեղյակ է քո խնդիրներին և կարող է օգնել քեզ դեպի քո կյանքի օրհնությունները առաջնորդելու հարցում։ Նրա խոստացած ազատությունը Իսրայելի համար մի երկիր էր, որը Տերը նկարագրում է որպես կաթ ու մեղր բխող երկիր։
Ելից 6․8-9 հատվածում կարդում ենք. «Եվ ձեզ տանելու եմ այն երկիրը, որի համար բարձրացրի Իմ ձեռքը և երդվեցի, որ այն տամ Աբրահամին, Իսահակին և Հակոբին։ Այն տալու եմ ձեզ որպես ժառանգություն, Ես՝ Տերը»։ Մովսեսն այսպես խոսեց Իսրայելի որդիների հետ, բայց նրանք հոգու հուսահատության և ծանր աշխատանքի պատճառով չլսեցին Մովսեսին» (Ելից 6․8-9):
Երբեմն մենք այնպիսի՜ ծանր բեռների տակ ենք կքվում, որ ընկճվում ենք, ճնշվում և հոգու հուսահատության պատճառով չենք կարողանում լսել մեր երկնային Հոր քաջալերական և հուսադրող խոսքերը: Այդ ժամանակ քեզ խոստացված երկիրը կամաց-կամաց վերածվում է անիրական ու հեռավոր մի երազանքի… Նման հուսալքության մեջ մարդը աստիճանաբար համակերպվում է իր դաժան իրավիճակի հետ ու սկսում հավատալ այն ստին, թե իր կյանքում ոչինչ էլ չի կարող դեպի դրականը փոխվել… Եթե այդպես է նաև քո պարագայում, ապա ահա մի խոսք Աստվածաշնչից, որը, հուսով եմ, կխոսի քո սրտին և կքաջալերի քեզ…
«Գրի՛ր տեսիլքը և որոշակի նշանակի՛ր տախտակների վրա, որպեսզի այն կարդացողը սահուն կարդա։ Որովհետև տեսիլքը դեռևս որոշված ժամանակի համար է և հևում է դեպի վախճանը. չի ստում, եթե նույնիսկ հապաղի. սպասի՛ր նրան, որովհետև անպատճառ պիտի գա և չի ուշանա» (Ամբակում 2․2-3):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, վստահ եղի՛ր, որ ինչպիսին էլ լինի Աստծուց քեզ տրված խոստումը՝ քո խոստացված երկիրը, այն անիրական չէ, այն գոյություն ունի և դու մուտք ես գործելու այնտեղ, եթե հավատարիմ մնաս Տեր Աստծու կամքին ու պահես հավատքդ Նրա Խոսքի հանդեպ։ Թույլ չտա՛ս, որ կասկածները գողանան Տեր Աստծու խոստումների հանդեպ քո հավատքը։
«Աստված մարդ չէ, որ սուտ խոսի, Ոչ էլ մարդու որդի, որ զղջա։ Մի՞թե կասի և չի անի Կամ կխոսի և չի՞ կատարի» (Թվոց 23․19):
Տեր Աստծու հեղինակությունն է կանգնած Իր յուրաքանչյուր խոստման հետևում։ Նա խոստացել է և կկատարի։ Մի՛ կասկածիր Աստծու Խոսքի և խոստումների ճշմարտացիության մեջ, այլ քննի՛ր յուրաքանչյուր խոստման պայմանը։ Քննի՛ր, թե դու քո սկզբունքներով, արժեհամակարգով, վարքագծով ու պատկանելությամբ արդյոք բավարարո՞ւմ ես այդ խոստումների իրականացման համար անհրաժեշտ պայմաններին։
Եթե այո, ապա դիմավորի՛ր այս և քո կյանքի յուրաքանչյուր օրը լցված Տեր Աստծու զորությամբ, վճռականությամբ և խաղաղությամբ, որովհետև խոստման իրականացումը թեև ուշանա էլ, սակայն հաստատ կատարվելու է։ Եվ ամենից առաջ ընդունի՛ր նաև Նրա ուրախությունը, որովհետև Տեր Աստծու կողմից խոստացված երկիրը հե՛նց քեզ համար է:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը