December-16

Գլխավոր | Հրաշքներ | Լսի՛ր քո Խորհրդատուին

Լսի՛ր քո Խորհրդատուին

Սիրելի՛ բարեկամ, առաջիկա յոթ օրերին միասին ուսումնասիրելու ենք Տեր Հիսուսի անունները, որոնց հանդիպում ենք Եսայիա մարգարեի գրքում։ 

Աստվածաշնչի Հին Կտակարան բաժնում Եսայիայի մարգարեության գրքում Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդից մոտ 750 տարի առաջ Աստված Իր մարգարեի միջոցով հրաշալիորեն խոսում է Մեսիայի մասին, որ պետք է հետագայում գար աշխարհ, և Նրան տարբեր անուններով է բնութագրում։ 

Աստված մարգարեի շուրթերով Իր որդուն տարբեր անուններ է տալիս։ Այդ անուններից յուրաքանչյուրը բացահայտում է այն որակները, որոնք կրելու էր գալիք Մեսիան՝ Տեր Հիսուս Քրիստոսը։ Հայրը նման կերպով մեզ է փոխանցում Իր սերը և մեզ համար բացահայտում այն հոգատարությունը, որը Նա նպատակ ունի փոխանցելու մարդկանց Իր Որդու հայտնության և ծառայության միջոցով։

«Որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և … կկոչվի Սքանչելի Խորհրդական…» (Եսայիա 9․6

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսը աշխարհ է եկել, որպեսզի դառնա քո կյանքի լավագույն խորհրդատուն։ Նրա անուններից մեկը Սքանչելի Խորհրդական անունն է։ 

Այս անունով Աստված մեզ հուշում է, որ ուզում է օգնել մեզ մեր կյանքի կարևոր որոշումների կայացման ժամանակ։ Նա մեզ հայտնում է, որ պատրաստ է առաջնորդել մեզ, ուղղորդել, խրատել, զգուշացնել վտանգներից և իմաստուն խորհուրդներ տալ մեզ, որոնք ընդունելու պարագայում մենք կխուսափենք շատ սխալներից և բազում ճիշտ ու օրհնաբեր որոշումներ կկայացնենք մեր կյանքի ընթացքում։ 

Երբ քո կյանքի դժվարին ընթացքի մեջ այլեւս չգիտես՝ ինչ անել, երբ մոլորված ես, շփոթված և հուսախաբ, քո Սքանչելի Խորհրդականը ուզում է քեզ օգնել։ Տերը քո կողքին է։ Նրա հետ մտերմությունը քեզ կմիացնի իմաստության ամենախորը և ամենահարուստ աղբյուրին։ 

Եթե վստահես Տեր Հիսուսի խորհուրդներին․․․, եթե քո որոշումների հիմքում դնես Նրա Խոսքից և ուսուցանած ճշմարտություններից բխած սկզբունքները․․․, եթե ամեն ջանք անես կյանքդ ապրելու այնպես, ինչպես Տերն է ուսուցանում Իր Խոսքի մեջ՝ Նրա պատվիրաններին համահունչ և ըստ Նրա դավանած արժեհամակարգի, ապա քեզ մի զարմանահրաշ կյանք է սպասվում։ Դու կդառնաս վախերից ու անհանգստություններից ազատված մի անձնավորություն, ով ոչ միայն վայելում է այս կյանքը, այլև շատերին է օգնում ազատության կյանքի վայելքը զգալու և Սքանչելի Խորհրդականի խորհուրդներով իրենց կյանքը բժշկելու հիասքանչ ընթացքի մեջ։ 

Լսի՛ր քո Սքանչելի Խորհրդատուի խորհուրդները, և Նա Իր ամենագիտությամբ ու անսահման իմաստությամբ կառաջնորդի քեզ քո կյանքի ցանկացած իրավիճակում։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: