Մենք արդեն մոտենում ենք «Դարձի՛ր Երկնքի Արքայության դեսպանը» անվանումը կրող շարքի ավարտին։
Սիրելի՛ բարեկամ, արդյոք կարո՞ղ ես ուշադիր լսել այսօր Տեր Աստծու այն մեղմ ձայնը, որ խոսում է քո սրտի հետ։ Սովորի՛ր լսել Աստծուն․․․ Երկնքի Արքայության դեսպանը նաև պետք է կարողանա լսել իր Թագավորի ցուցումներն ու հրահանգները։
«Երբ Մովսեսը ժողովի վրան էր մտնում՝ Տիրոջ հետ խոսելու, նա լսում էր իր հետ խոսողի ձայնը երկու քերովբեների միջև գտնվող վկայության տապանակի վրա դրված կափարիչի վրայից։ Եվ ինքը խոսում էր Տիրոջ հետ» (Թվոց 7․89)։
Աստված բավականին հաճախ է խոսում և այնքա՜ն շատ բան ունի քեզ ասելու։ Ես սիրում եմ աղոթելիս երբեմն դադար առնել, որպեսզի պարզապես լուռ մնամ և լսեմ, թե Նա ինչ է մտածում իմ իրավիճակի կամ իմ մասին։ Հետո գրի եմ առնում բոլոր մտքերս և սկսում մտածել։ Այն ամենը, ինչը համապատասխանում է Աստծո Խոսքին, Նրանից է տրված, իսկ մնացածը, հավանաբար, իմ մտքերն ու երևակայությունն են։ Տիրոջն այսպես լսելու ժամանակ է հնարավոր դառնում, որ Տերն ինձ հիշեցնի իմ ով լինելը և հիշեցնի նաև, որ Նա՛ իմ կյանքի Տերն է ու Թագավորը․․․ որ ես չպետք է անհանգստանամ ու պետք է ամեն բան Իրեն վստահեմ։
Հաճախ մենք մտածում ենք, թե Աստված կարող է խոսել ուրիշների հետ, բայց ոչ մեզ հետ․․․ Մինչդեռ, մենք սիրով կլսեինք Նրան, սակայն չգիտենք՝ ինչպես սովորել Աստծուն լսելը։
«Սակայն Աստված կրկին ու կրկին կխոսի, բայց մարդս ուշադրություն չի դարձնում» (Հոբ 33․14)։
«Մարդն ուշադրություն չի դարձնում»․․․ Ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի ուշադրություն դարձնենք Աստծու ձայնին ու լսենք Նրա ասածները։ Կարծում եմ՝ հետևյալ խորհուրդները կօգնեն մեզ այս հարցում։
- Օրվա մեջ ժամանակ հատկացնենք Տեր Աստծուն լսելու համար․ որքան ավելի շատ ժամանակ հատկացնենք Տիրոջը լսելուն, այնքան ավելի ճանաչելի կդառնա Նրա ձայնը մեզ համար։ Նույնիսկ եթե սկզբում դա մեզ տարօրինակ թվա և անհարմարության զգացում ծնի մեր ներսում, կամ այդ հաղորդակցությունն ընդամենը մի քանի ակնթարթ տևի, շուտով կհասկանանք, թե որքան կարևոր է Նրան լսելուն ժամանակ հատկացնելը։
- Աստծու Խոսքի պարբերաբար և կարգապահ ընթերցանություն․ Ես հավատում եմ, որ Աստվածաշնչի յուրաքանչյուր Խոսք ճշմարտություն է։ Այդ ճշմարտություններն ընդունելով՝ ես ամուր հավատքի հիմք եմ կառուցում ինձ համար։ Եվ դա մեզ համար պետք է լինի սնունդ ընդունելու պես։ Մենք ամեն օր ենք սնվում։ Նույն կերպ էլ Աստվածաշնչի ընթերցանությունը պետք է դառնա հանապազօրյա հաց մեր հոգու համար։
- Բարձրաձայնենք մեր ներսում կուտակված բոլոր հարցերը․ «Ինչո՞ւ, ինչպե՞ս, ո՞րն է ելքը, ո՞րն է Քո կամքը, Տե՛ր․․․»։ Որպես Աստծո զավակ՝ ազատ եղի՛ր քո բոլոր հարցերի մեջ։ Մի՛ սահմանափակիր Աստծո պատասխանները «այո» և «ոչ» տարբերակներով․․․ փորձի՛ր լսել ավելի երկար բացատրություններ, որոնք Տերը կդնի քո սրտում, որպեսզի Նա հայտնի քեզ այն ամենը, ինչ Ինքն է ուզում ասել։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբե՛ք չհանձնվես։ Տեր Աստված ուզում է բացահայտել այն բոլոր հրաշալի ծրագրերը, որոնք Նա նախատեսել է քո կյանքի համար։ Մուտքը դեպի Տեր Աստծու շնորհքի գահը բաց է քեզ համար․․․ Կարող ես մոտենալ Հայր Աստծուն, և Նա կբացահայտի այն ամենը, ինչը քեզ հարկավոր է իմանալ։ Երբ լսես Նրա ձայնը, ոչինչ չի կարողանա խանգարել քեզ, և քո վկայություններն իսկապես զորավոր կդառնան։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը