Սիրելի՛ բարեկամ, գուցե դու էլ ինձ նման շատ հաճախ ես օգտվում սմարթֆոնից և սովորություն չունես փակելու հեռախոսի հավելվածները։ Իմ հեռախոսի մեջ դրանք կուտակվում են և հետո, երբ հիշում եմ, հերթով փակում եմ բացված հավելվածները։ Մասնագետները ասում են, որ նման հեռախոսների մարտկոցը շատ ավելի արագ է սպառվում։
Բերված օրինակն ինչ-որ առումով նման է մարդկային մտքի աշխատանքին. երբեմն մենք միաժամանակ հարյուրավոր մտքեր ենք ունենում… ու մեկ մտքի վրա արդյունավետ կերպով կենտրոնանալը դառնում է ոչ այնքան հեշտ լուծելի խնդիր։
Այս ամենին գումարած մեր ձեռքի տակ եղած էլեկտրոնային հաղորդակցության միջոցները, որոնցով ամեն րոպե հաղորդագրություններ ենք ստանում․․․ Էլ չեմ խոսում սոցիալական ցանցերից եկող ծանուցումների մասին, որոնք անընդհատ շեղում են մեր ուշադրությունը։ Հաճախ, մենք այնքան ենք խճճվում, որ չենք կարողանում կողմնորոշվել, թե ինչն է կարևոր այդ պահին անել և ինչից պետք է սկսենք մեր գործերը… Անգամ բժշկագիտական համաշխարհային վիճակագրություններն են հաստատում, որ նախկինում երբեք կենտրոնացման խանգարում ունեցող մարդկանց թիվն այդքան մեծ չի եղել, որքան այսօր։
Մյուս կողմից, որքան ավելի խորն եմ ուսումնասիրում Աստվածաշունչն, այնքան ավելի ու ավելի եմ տպավորվում, թե որքան արդիական և պահանջված է այն մեր օրերի իրողությունների առումով։ Ահա թե ինչ է Աստված Հեսուին փոխանցում Իր Խոսքի մասին.
«Այս օրենքի գիրքը թող չհեռանա քո շուրթերից, այլ գիշեր-ցերեկ դրա մասի՛ն մտածիր, որպեսզի պահես և կատարես ամենը, ինչ որ գրված է դրա մեջ. այն ժամանակ ճանապարհը դու հաջող կդարձնես և այն ժամանակ հաջողություն կունենաս» (Հեսու 1.8):
«Մտածի՛ր Աստծո Խոսքի շուրջ»… Այս պատվիրանը շատերի համար այսօր դժվարին մի հանձնարարություն է թվում։ Աստծո Խոսքի շուրջ մտածելու համար նախ պետք է ժամանակ հատկացնել այն ընթերցելու համար։ Հետո առանձնանալ ու կտրվել ամեն ինչից՝ կենտրոնանալով մեր ընթերցածի ու ստացած հայտնությունների վրա։ Այս ամենը մեզ անիրագործելի մի բան է թվում, հատկապես, երբ մեր մտքերը նման են իմ հեռախոսի մեջ բացված տասնյակ հավելվածների, որոնք ես թեև չեմ օգտագործում, բայց մոռանում եմ փակել։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր ուզում եմ քաջալերել քեզ, որպեսզի մի կարևորագույն որակ զարգացնես քո կյանքում՝ գործնական կիրառությամբ սովորես Աստծո հետ առանձնանալը և Նրա ներկայության մեջ լռելը։ Գնալով մեր շուրջն ամեն բան ավելի ու ավելի աղմկալի է դառնում։ Մեր շուրջ տարբեր ձայներ կան՝ գայթակղության ու մեղքի, վատ լուրերի ու անհանգստությունների, մարդկանց կարծիքների ու տարբեր փիլիսոփայությունների և այլն։ Եվ այս ամենի մեջ Աստված կանչում է ինձ ու քեզ Իր ներկայության մեջ լռելու և մեր կորցրած խաղաղությունը վերագտնելու։ Որովհետև միայն այդ ժամանակ մենք ունակ կլինենք լսելու Նրա մեղմ ձայնը, որի մեջ այդքա՜ն մեծ ու զորավոր սեր է պարփակված․․․
Աստծո Սուրբ Հոգին այնքա՜ն շատ բան ունի մեզ հայտնելու… Սակայն արդյոք պատրա՞ստ ես հանուն Նրա ձայնը լսելու փակելու հեռախոսիդ բոլոր հավելվածները․․․ Այլ կերպ ասած, առանձնանալու քո ներքին սենյակում և լռեցնելու մյուս բոլոր ձայները, որպեսզի լսես միայն Նրան ու Նրանից ընդունես ուղղորդում և խրատ քո կյանքի յուրաքանչյուր իրավիճակի համար։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը