October--8

Գլխավոր | Հրաշքներ | Լի շնորհով և ճշմարտությամբ․․․

Լի շնորհով և ճշմարտությամբ․․․

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Հավատացյալի գաղտնի օգնությունը» անվանումը։ Նախորդ ուղերձի մեջ մենք կենտրոնացանք «հավատացյալ» բառի վրա և տեսանք, որ մեր մշակույթի մեջ մարդիկ հավատացյալ պատվավոր կոչումը տալիս են այն քրիստոնյաներին, որոնք ո՛չ միայն ասում են, թե քրիստոնյա են, այլև իրենց ապրած կյանքով մյուսներին տեսանելի կերպով վկայում են, որ հավատում են Տեր Հիսուս Քրիստոսի ուսուցումներին և ձգտում են ապրել սրբության և աստվածավախության կյանքով՝ հնազանդվելով Տեր Աստծու կամքին, որը սովորում են Աստվածաշնչի էջերում։

Սիրելի՛ բարեկամ, այս ուղերձով մենք սկսում ենք բացահայտել ուղերձների այս շարքի հիմնական թեման՝ հավատացյալի գաղտնի օգնությունը։ Առանց Տեր Աստծու այս օգնության ո՛չ մի մարդ ի վիճակի չի կարող լինել ապրելու այն կյանքը, որն Աստված է ակնկալում իրենից։ Ավելի պարզ ասած՝ եթե մարդը հավատում է Տեր Հիսուս Քրիստոսին և ձգտում է ապրել Նրա ուսուցանած ճշմարտություններով, ապա պետք է Տեր Աստծուց ընդունի նաև այդ կյանքն ապրելու համար Նրա պատրաստած օգնությունը։ 

Այո՛, որքան էլ զարմանալի թվա քեզ վերը ասվածը, անհերքելի աստվածաշնչյան ճշմարտություն է այն, որ երբ Աստված որևէ բան է պահանջում մարդուց՝ լինի դա մեղքի դեմ պայքարը, աններելին ներելը, որևէ ծառայություն հավատարմորեն կատարելը, հեզության ու խոնարհության հարաբերություն ունենալը եկեղեցում կամ աշխատավայրում կամ մեկ այլ պահանջ ու հանձնարարություն Տիրոջից, ապա Աստված Իր պահանջների ու հանձնարարությունների հետ միասին Իր կամքին հնազանդության փափագ ունեցող մարդուն զինում է Իր հատուկ օգնությամբ, որն Աստվածաշունչը բնութագրում է շնորհ բառով։ 

«Բայց ինչ որ եմ, Աստծու շնորհով եմ, և Նրա շնորհը, որ իմ մեջ է, ունայն չեղավ, ընդհակառակը, նրանցից ավելի շատ աշխատեցի. սակայն ոչ թե ես, այլ Աստծու շնորհը, որ ինձ հետ է» (Ա Կորնթացիս 15․10):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հավատացյալի կյանքի փոփոխությունը պետք է լինի հստակ և տեսանելի իր շրջապատի մարդկանց համար։ Սակայն այդ փոփոխությունն անհնարին է առանց Աստծու շնորհի, ո՛րն էլ հենց հավատացյալի գաղտնի օգնությունն է Երկնքից՝ մեր հոգատար ու բարի, սիրող, ներող ու ողորմած Հորից։ Այս և հոգևոր կյանքի հետ առնչություն ունեցող բոլոր հարցերում մեր օրինակը Տեր Հիսուսը պետք է լինի։ 

«Եվ Բանը մարմին դարձավ ու մեր մեջ բնակվեց, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հորից ունի Միածինը՝ լի շնորհով ու ճշմարտությամբ» (Հովհաննես 1․14):

Ինչպես Տերն էր լի շնորհով ու ճշմարտությամբ, այնպես Նրա աշակերտները պետք է լի լինեն շնորհով ու ճշմարտությամբ։ Ճշմարտությամբ մարդը կարող է լցվել միայն ու միմիայն Աստվածաշնչի շնորհիվ՝ կարդալով, մտորելով և ընդունելով Տեր Աստծու Խոսքը և այդ Խոսքի մեջ բացահայտված ճշմարտությունները Աստծու կամքի ու մարդուց Նրա ունեցած ակնկալիքների մասին։ Իսկ շնորհով մարդը լցվում է, երբ թույլ է տալիս, որ շնորհի Հոգին՝ Աստծու Սուրբ Հոգին բնակվի իր մեջ և ուղղորդի, հանդիմանի, զորացնի ու առաջնորդի առօրյա կյանքի յուրաքանչյուր որոշման և այդ որոշման իրագործման ընթացքի մեջ։

Այսօր աղոթում եմ քեզ համար, որ քո կյանքի բոլոր դժվարությունների մեջ ո՛չ թե ընկճվես ու հուսահատվես, այլ Տեր Աստծուց ընդունես հավատացյալի գաղտնի օգնությունը՝ լցվես Աստծու շնորհով և Նրա կամքի ու ծրագրերի վերաբերյալ աստվածաշնչյան ճշմարտությունով։ Աղոթում եմ, որ անգամ ամենադժվարին իրավիճակներում քո քայլերը չտրտմեցնեն Աստծու Սուրբ Հոգուն, այլ ուրախացնեն Նրա սիրտը և ճանապարհ բացեն Նրա զարմանահրաշ շնորհի համար, որը քեզ կզորացնի՝ դիմակայելու դժվարություններին, հաղթահարելու անհաղթահարելի խոչընդոտները և զորանալու ուժասպառության ամենադժվարին պահերին։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: