Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Ասացվածքներ, որոնք վերցված են Աստվածաշնչից» անվանումը։ Այսօրվա ասացվածքը, որը մեր ժողովուրդը վերցրել է Տեր Աստծու հայրական սիրո ու հոգատարության խորհուրդները մարդկությանը փոխանցող միակ աղբյուր Աստվածաշնչից, հետևյալն է՝ «Լավություն արա՛, գցի՛ր ջուրը»։
Սիրելի՛ բարեկամ, Աստված Իր Խոսքի մեջ մեզ հորդորում է մարդկանց բարիք անել առանց ակնկալելու, որ նրանք կփոխհատուցեն մեզնից ընդունած օգնությունը։ Աստված սովորեցնում է, որ ողորմասիրտ և գթառատ մարդու կատարած բարիքներն ու օգնությունները կորուստ չեն այդ մարդու համար, այլ նրա ունեցած միջոցների լավագույն կիրառություն, քանի որ Աստված Ինքն է հետևում, որպեսզի մյուսներին օգնելու փափագ ունեցող մարդը հե՛նց Աստծուց ստանա իր վարձքը։
«Հացդ գցի՛ր ջրերի երեսին, որովհետև շատ օրեր հետո այն կգտնես» (Ժողովող 11․1):
«Լավություն արա՛, գցի՛ր ջուրը»։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ ջուրը գցած լավությունը չի կորչում։ Այն հետ է վերադառնալու լավություն անողին։ Ինչպե՞ս։ Ինչպե՞ս կարող է, օրինակ, կարիքի մեջ գտնվող մարդուն տրված քո օգնությունը որոշակի ժամանակ անց գտնել քեզ ու վերադառնալ որևէ այլ օրհնության տեսքով։ Գրքերի Գիրք և բացարձակ ճշմարտութան միակ հավաստի Աղբյուր Աստվածաշունչը պատասխանում է նաև այս հարցին։
«Աղքատին ողորմացողը փոխ է տալիս Տիրոջը, և Նա կհատուցի նրան հասանելիքը» (Առակաց 19․17):
Երբ մարդն օգնում է կարիքի մեջ գտնվող որևէ մեկին առանց նրանից իր օգնությունը հետ ստանալու ակնկալիքի, Աստված տվյալ օգնությունն ընկալում է որպես Իրեն արված լավություն։ Սա մի ցնցող բացահայտում է, որը և լույս է սփռում հոգևոր աշխարհում գործող օրենքների վրա։ Հե՛նց այս հոգևոր ճշմարտությունն է բացատրում, թե ինչպես է ջուրը գցած լավությունը վերադառնում մյուսներին անշահախնդիր կերպով օգնող մարդուն։
«Աղքատին ողորմացողը փոխ է տալիս Տիրոջը, և Նա կհատուցի նրան հասանելիքը»։ Աղքատին տրված օգնությունը կամ ծանր իրավիճակում գտնվող մարդուն որևէ կերպ ձեռք մեկնելն ու նրան այդ իրավիճակից հանելուն նպաստելը Աստված գրանցում է որպես Իրեն տրված պարտք։ Իսկ Աստված, լինելով այս տիեզերքի ամենագթառատ ու ողորմասիրտ, ամենագետ ու ամենակարող Անձը, երբե՛ք պարտքի տակ չի մնում Իրեն արված լավությունների հանդեպ։ Նա գիտի ու տեսնում է ո՛չ միայն մեր լավություններն ու օգնությունները, որ անում ենք մյուսներին, այլև մեր շարժառիթն ու անշահախնդրությունը։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ մենք լինենք ողորմասիրտ ու մյուսներին օգնող։ Ժլատ ու միայն իր կարիքների վրա կենտրոնացած մարդն ինքն իրեն զրկում է Տեր Աստծու պատրաստած առատ օրհնություններից, որոնք հաճախ մեր կյանք են գալիս շատ ավելի թանկարժեք օրհնությունների տեսքով, քան ֆինանսներն են։ Աստված երբե՛ք պարտքի տակ չի մնում։ Նա առատորեն փոխհատուցելու է անշահախնդիր և գթասրտության շարժառիթով կատարված մեր բոլոր օգնությունների համար։
«Տվե՛ք, և կտրվի ձեզ. ձեր գոգը կլցվի լա՛վ չափով՝ լեփ-լեցուն, առատ, որովհետև ինչ չափով որ չափեք, նույնով էլ ձեզ կչափվի» (Ղուկաս 6.38):
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը