Սիրելի՛ բարեկամ, փորձի՛ր մտովի պատկերացնել քեզ Եդեմի պարտեզում՝ մեղքի անկումից անմիջապես հետո։ Ադամն ու Եվան հենց նոր են մեղք գործել Տեր Աստծու դեմ և կերել են Նրա կողմից արգելված պտղից։ Աստծու հետ նրանց հաղորդակցությունը խափանված է։ Այս՝ երբևէ գործած առաջին մեղքն իր հետ բերեց պատիժ՝ մահ և բաժանում Աստծուց։ Իսկ երբեւէ մտածե՞լ ես, որ այն իր հետ բերեց նաև վախ։ Աստվածաշնչում վախի մասին առաջին անգամ նշվում է հենց այս պատմության մեջ։
«Պարտեզում Քո ձայնը լսեցի և վախեցա, որովհետև մերկ էի, և թաքնվեցի»։ (Ծննդոց 3․10):
Ինչո՞ւ էր Ադամը վախեցել։ Սեփական մերկության և Աստծուն անհնազանդ լինելու մասին Ադամի անակնկալ գիտակցումը նրա ներսում վախ առաջացրեց։ Ավելին, վախը դրդեց նրան՝ թաքնվել Աստծուց։ Թաքնվել Նրանից, Ով արարել էր իրեն, սիրել և հոգ տարել իր համար։ Նրանից, Ով այնքան մտերիմ էր, որ ամեն օր խոսում էր իր հետ։
Աստվածավախությունը իմաստության սկիզբն է և մարդու կյանքի ամենամեծ օրհնություններից մեկը։ Այդ Աստծու կամքին հակառակ գնալու վախն է, որը մեզ հետ է պահում մեղք գործելուց։ Սակայն Ադամի պարագայում վախը նրան հետ էր պահում Տեր Աստծու ներկայությունից։ Սա աստվածավախություն չէր։ Նա վախենում էր, քանի որ անհնազանդ էր գտնվել։
Երբ մենք, մեղքին տրվելու պատճառով, վախենում ենք Աստծուց, անմիջապես փախչում ենք Նրա ներկայությունից։ Այնուամենայնիվ, մենք պետք է հստակ գիտակցենք, որ միայն Նրա ներկայության մեջ ենք ունակ ընդունելու առաջ ընթանալու համար անհրաժեշտ ներումը, շնորհքն ու զորությունը և քաջաբար դեմ առ դեմ կանգնելու ու դիմակայելու այն ամենին, ինչը մեզ հետ կարող է պատահել։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, գուցե քեզ նույնպե՞ս մեղքը թույլ չի տալիս մոտենալ քո Տեր Աստծուն։ Սակայն, այնուամենայնիվ, պիտի հստակ գիտակցես, որ Նա սպասում է քեզ։ Սպասում է, որպեսզի քեզ ընդունի Իր ջերմ գրկի մեջ, ճիշտ այնպես, ինչպես անառակ որդու հայրն էր սպասում իր որդուն (տե՛ս Ղուկաս 15․11-24 հատվածը):
Աստված սպասում է քեզ քո սրտի շքամուտքի մոտ։ Բացի՛ր սրտիդ դուռը Նրա առջև։ Թո՛ւյլ տուր, որ Նա ներս մտնի։ Թո՛ւյլ տուր, որ Նա վերականգնի քո հոգին, ներաշխարհը և քո կյանքը։
Աստված սիրում է քեզ և, եթե դու ներման կարիք ունես և խնդրես Նրան, Նա կների քեզ։ Ես տեղյակ չեմ քո կյանքից, քո սրտի իրավիճակից։ Բայց եթե այսօր զգում ես Աստծո քաղցր կանչը, ապա թո՛ւյլ տուր Սուրբ Հոգուն հասնելու քո սրտին և քո հոգուն։ Ուզո՞ւմ ես, որ Տերը փոխի քո ներաշխարհը։ Եթե այո, ապա աղոթի՛ր ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՜ր, երբեմն ես վախենում եմ մուտք գործել Քո ներկայության մեջ և խոսել Քեզ հետ, որովհետև ինձ մեղավոր և անարժան եմ զգում։ Ես խնդրում եմ Քեզ՝ օգնի՛ր ինձ և Քո Սուրբ Հոգու միջոցով ցույց տուր ինձ այն պատնեշները, որոնք առկա են Քո և իմ միջև։ Հայտնի՛ր ինձ դրանք և օգնի՛ր ազատվել դրանցից։ Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը