March-6

Գլխավոր | Հրաշքներ | Իսկ դու ճանաչո՞ւմ ես Բարձրյալ և ահեղ Աստծուն․․․

Իսկ դու ճանաչո՞ւմ ես Բարձրյալ և ահեղ Աստծուն․․․

Երբեմն մենք փառաբանում և գոհանում ենք Տեր Աստծուց Իր գործած բարիքների համար։ Դա կարող է լինել ցանկացած աղոթքի պատասխան կամ պարզապես Տեր Աստծու միջամտությունն առանց աղոթքի, երբ մենք հասկանում ենք, որ միայն Աստված կարող էր դա անել և ելք ապահովել անելանելի թվացող իրավիճակից։ Այս ամենը հրաշալի է և ամբողջովին սուրբգրային։ Սակայն կա նաև մարդու սրտից բխող մի փառաբանություն, որի հիմքում ո՛չ թե Տեր Աստծու գործերն են մեր կյանքում, այլ Նրա Ո՛վ լինելը՝ Նրա բնույթն ու էությունը։ 

Սիրելի՛ բարեկամ, իսկ ի՞նչն է քո՛ փառաբանության հիմքը։ Այս շարքի նախորդ ուղերձների մեջ մենք խոսել ենք այն մասին, որ Տեր Աստծուն ուղղված փառաբանությունը պետք է լինի մեր երախտագիտության դրսևորումը, որն ուղեկցվում է ուրախության ցնծությամբ։ Սակայն ոչ պակաս կարևոր է, որ մենք հասկանանք նաև այդ ուրախության պատճառը։ 

«Ծա՛փ տվեք, բոլո՛ր ժողովուրդներ, ցնծության ձայնով աղաղակե՛ք Աստծուն, որովհետև Տերը Բարձրյալ և ահեղ է. մեծ Թագավոր է ամբողջ երկրի վրա։ Ժողովուրդներին Նա մեզ է հպատակեցնում և ազգերին մեր ոտքերի տակ դնում։ Նա մեզ համար ընտրում է մեր ժառանգությունը՝ Հակոբի փառավորությունը, որին Նա սիրում է» (Սաղմոս 47․1-4

«Որովհետև Տերը Բարձրյալ և ահեղ է․․.»։ Բարձրյալ և ահեղ Աստված իմ և քո երկնային Հայրն է․․․ Անշուշտ, ասվածը ճշմարտություն է միայն այն մարդկանց պարագայում, որոնք իրենց սրտում որոշում են կայացրել ապրելու ըստ Աստծու Խոսքի և հնազանդվելու Քրիստոսի պատվիրաններին։ Տեր Հիսուս Քրիստոսի կատարած գործին և Նրա ուսուցումներին հավատացող մարդիկ են միայն, որ Տեր Աստծու զավակներ կոչվելու իրավունք են ստանում։ 

«Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները Նրան չընդունեցին։ Սակայն նրանց, ովքեր ընդունեցին Նրան և հավատացին Նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու» (Հովհաննես 1.11-12):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ դու ընդունե՞լ ես Տեր Հիսուսին՝ որպես քո կյանքի Տեր։ Տեր ընդունելը միայն խոսքով չի կարող լինել։ Բարձրյալ և ահեղ Աստված իմ և քո երկնային Հայրն է, եթե մենք լսում և հնազանդվում ենք Նրա Որդու Խոսքերին։ Տերն Ինքն էր սթափեցնում շատ շատերին այս խոսքերով․ «Եվ ինչո՞ւ եք Ինձ “Տե՛ր, Տե՛ր” կանչում, բայց չեք անում այն, ինչ ասում եմ» (Ղուկաս 6.46):

Բարձրյալ և ահեղ Աստված իմ և քո երկնային Հայրն է․․․ Եթե միա՜յն այսօր պատկերացնենք ու գիտակցենք այս ճշմարտության անգին արժեքը մեր կյանքերում և հավիտենության մեջ։ Եթե միա՜յն թույլ տանք, որ մեր սիրտը լցվի Աստծու ընտանիքին Քրիստոսով որդեգրված լինելու ցնծությամբ, ապա Աստծուն ուղղված անկեղծ փառաբանությունը ցնծության ուրախության հետ մեկտեղ կհորդա մեր ներսից և մեր օրը կլցնի Տիրոջ քաղցր ներկայության երանությամբ։ 

Միայն Բարձրյալ և ահեղ Աստծուն ճանաչողներն են հասկանում Նրա հայրության իրական օրհնությունները։ Իսկ Նրա զավակը լինելու իրողությունն ինքնին բավարար է մի ողջ հավիտենություն Նրան ցնծության ուրախությամբ փառաբանելու համար։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: