January-20

Գլխավոր | Հրաշքներ | Իսկ դու գիտե՞ս քո կանչվածությունը

Իսկ դու գիտե՞ս քո կանչվածությունը

Բացի նրանից, որ Աստված հոգ է տանում քեզ համար, Նա նաև կանչում է քեզ՝ ծառայելու Իրեն և դառնալու Իր փառքի մասնակիցը։ Եթե անգամ դու մոռանաս Նրա կողմից քեզ տրված կոչումը այս կյանքի համար, ապա Աստված չի դադարի հիշեցնել քեզ դրա մասին։

Սիրելի՛ բարեկամ, ընթերցե՛նք այս շարքի հիմնական աստվածաշնչյան խոսքը. «Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են Նրա կամքով» (Հռոմեացիս 8․28)։ 

«Եվ կանչված են․․․»

Հիշում եմ, երբ ես դեռ երիտասարդ քրիստոնյա էի, աղոթքաժողովներից մեկի ժամանակ, երբ աչքերս փակ աղոթում էի՝ հազիվ շշնջալով աղոթքի բառերը, Աստված այնպես հստակ խոսեց իմ սրտին, թե ինչի մեջ եմ կանչված, որ ես վերցրի տետրն ու գրիչը, որ միշտ պահում էի ինձ մոտ, և գրի առա, թե ինչի մեջ է ինձ կանչել Աստված։ Իհարկե, այդ հրաշալի փորձառությունից հետո շատ տարիներ անցան, մինչև քայլ առ քայլ Աստված իրագործեց և դեռ իրագործում է իմ կյանքում Իր կողմից տրված կանչվածությունը։

«Ես՝ Տերը, կանչել եմ քեզ արդարությամբ։ Ես բռնում եմ քո ձեռքը և քեզ պաշտպանում. քեզ իբրև ուխտ կտամ ժողովրդին և ազգերին՝ իբրև լույս» (Եսայիա 42․6):

Իմ հոգևոր ընթացքի մեջ լինում էին ժամանակաշրջաններ, երբ կյանքի ու ծառայության դժվարությունները ստիպում էին երբեմն կասկածել, թե արդյոք Աստվա՞ծ  էր, որ խոսել էր իմ սրտին իմ կանչվածության մասին խոսքերը։ Սակայն Տիրոջ նշաններն ու Նրա Խոսքի հաստատումը միշտ քաջալերում էին ինձ ու զորացնում իմ հավատն Աստծուց տրված կանչվածության առումով․ «Որովհետև Աստծու շնորհն ու կոչումը անփոփոխելի են» (Հռոմեացիս 11․29):

Իմ և քո կյանքի հանդեպ Աստվածային կոչումը անդառնալի է։ Այո՛, Աստված կանչել է քեզ։ Դեպի փրկություն, դեպի ապաշխարություն, դեպի Իր սերը, դեպի Իր կյանքը, դեպի սրբության կյանք, դեպի Նրան հավատարիմ ծառայություն և դեպի երանելի հավիտենություն։ Աստված կանչել է քեզ՝ դառնալու Իր ընտանիքի մի մասնիկը, Իր Մարմնի մի անդամը, որն ունի հստակ առաքելություն և հավատարմորեն ծառայում է հանուն Աստծու Արքայության և Տեր Հիսուս Քրիստոսի Եկեղեցու բարօրության։ Նա ամեն օր կանչում է քեզ Իր մոտ։

Ահա երկու աստվածաշնչյան խոստում, որ խոսում են Տեր Աստծու կողմից մարդուն կանչելու մասին․

  • «Խավարի մեջ գտնվող գանձերը և ծածուկ տեղերում պահված հարստությունները քեզ կտամ, որպեսզի իմանաս, թե ես եմ Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ կանչեցի քեզ քո անունով» (Եսայիա 45․3):
  • «Սակայն այսպես է ասում Տերը՝ քո Արարիչը, ո՛վ Հակոբ, և քեզ ձևավորողը, ո՛վ Իսրայել. «Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ փրկել եմ, կանչել եմ քեզ քո անունով. դու Իմն ես։ Երբ ջրերի միջով անցնես, Ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի, երբ քայլես կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չի լափի» (Եսայիա 43.1-2):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված նաև քեզ է կանչում ծառայելու Իրեն։ Նախքան քո լույս աշխարհ գալը՝ Աստված արդեն իսկ քեզ համար նախատեսել էր այն շնորհները, որոնցով դու պետք է ծառայես Իրեն ու Իր գործին։ Նա հստակ ծրագիր ունի քո կյանքի համար և շատ է փափագում, որ դու ընթանաս Նրա նախանշած բարիքի շրջանակներում։ Նա տվել է քեզ տաղանդներ և կանչում է քեզ, որ զարգացնես դրանք Իր փառքի համար։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: