Սիրելի՛ բարեկամ, ծանո՞թ ես աստվածաշնչյան այս խոսքերին․ «…որովհետև ինչպես Նա է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում» (Ա Հովհաննես 4․17)։
Իսկ Բ Պետրոս 1․3-4 հատվածում, խոսվում է, որ մենք կարող ենք հաղորդակից լինել մեր Տեր Հիսուսի աստվածային բնությանը։ Այլ կերպ ասած, մենք կարող ենք Նրա աստվածային էությունն ընդունել մեր մեջ։ Աստված մեզ արդեն իսկ շնորհել է այն ամենն, ինչն անհրաժեշտ է այս կյանքը ճիշտ ապրելու և աստվածպաշտության մեջ կամ հոգևոր կյանքում հաղթանակող ու հաջողված լինելու համար։
Բայց եթե անկեղծ ու ազնիվ լինենք, ապա պետք է խոստովանենք, որ լինում են օրեր, երբ մենք չենք զգում «աստվածային էությունը» մեր ներսում և մոռանում ենք, որ կանչված ենք Նրա փառքի համար, որպեսզի իրագործենք Նրա առաքելությունն այս երկրի վրա։ Եվ պետք է նաև նշեմ, որ դա բնական է և մարդկայնորեն հասկանալի։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբ բացասական մտքեր կամ սխալ պահվածք ես ունենում, երբե՛ք ու երբե՛ք մի՛ հուսահատվիր։ Մի՛ դադարեցրու ընթացքդ և ջանքդ դեպի սրբության ճանապարհը, դեպի արդարության կյանքը, որն Աստված է քեզնից ակնկալում։ Հենց այն նույն պահին, երբ գիտակցում ես քո տկարությունն ու անկատար լինելը, սկսում է գործել Տեր Աստծո շնորհի օգնությունը։ Տերն Իր զորությամբ, կարողությամբ և աստվածային էությամբ է լցնում քեզ։ Հենց Նա է, որ զորացնում է քեզ, որպեսզի ապրես այնպես, ինչպես Նա է ակնկալում, և կատարես այն առաքելությունը, որի համար Նա կանչել է քեզ։ Եվ, այս անելով, Նա ամեն օր ավելի ու ավելի է նմանեցնում քեզ Իրեն։
Երբ դու հոգևոր, զգացմունքային կամ ֆիզիկական կարիքի մեջ ես, ապա
- Մոտեցի՛ր Աստծուն խոնարհ սրտով և մաքուր խղճով,
- Խնդրի՛ր Նրան բացահայտել քո թուլություններն ու տկարությունները,
- Ասա Տիրոջը, որ դու Նրա կարիքն ունես՝ Նրա օգնության, Նրա խորհրդի և առաջնորդության,
- Ժամանակ տրամադրի՛ր աղոթքի մեջ լռելու և Նրան լսելու համար,
- Ընդունի՛ր Նրա խորհուրդներն ու խրատները և գործի՛ր հավատքով ու առաջ շարժվի՛ր դեպի նորանոր հաղթանակներ։
Ուզում եմ այսօր էլ զորավոր կերպով քաջալերել քեզ։ Անկախ քո կարգավիճակից և անկախ նրանից, թե ինչպես է դասավորվել կյանքդ և ինչպիսի իրավիճակներով ես անցնում, վստահաբար կարող եմ ասել, որ դու պատահականության արդյունք չես։ Աստված է կամեցել, որպեսզի դու ապրես այս երկրի վրա։ Եվ Նրա կողմից քեզ կյանք պարգևելը ունեցել է և ունի հստակ նպատակ՝ քեզ տեսնել Իր ծրագրի մեջ ներգրավված և արդյունավետ ու պտղաբեր կերպով Աստծո Արքայության գործը կատարելիս։
Իսկ եթե դու կանչված ես, որպեսզի քո միջոցով Աստծո հրաշքնե՞րը տեղի ունենան․․․ Եղի՛ր քչի մեջ հավատարիմ և է՛լ ավելի մեծ բաների ականատես կլինես։ Սա քեզ ասում եմ իմ և շատ այլ Աստծո ծառաների կյանքի բազմաթիվ վկայությունների հիման վրա։ Եվ Աստծո Խոսքը հաստատում է ասվածը։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը