May-16

Գլխավոր | Հրաշքներ | Ինչպիսի՞ն է քո արձագանքը Տեր Աստծու սիրուն

Ինչպիսի՞ն է քո արձագանքը Տեր Աստծու սիրուն

Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշնչի այս կենտրոնական խոսքերից մեկը վկայում է, որ Բարի Լուրը, ամեն բանից առաջ, սիրո դրսևորում հանդիսացող շռայլ նվեր է. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3․16

Իսկ ինչպիսի՞ն է քո արձագանքը Տեր Աստծու այս անըմբռնելի ու անսահման խորը սիրուն։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մենք պետք է և կարո՛ղ ենք շնորհակալության տարբեր դրսևորումներ ունենալ։ Խոսքը վերաբերում է Նրա կամքին մեր հնազանդությանը և Նրա գործին աջակցելու մեր պատրաստակամությանը։

Իրականում Աստվածաշունչը սովորեցնում է, որ մեր ներդրումը հանուն Աստծու գործի՝ լինի դա մեր ժամանակը, տաղանդները կամ ֆինանսները, նման է պտղաբեր հողի մեջ սերմ ցանելուն։ Եվ Աստծու Խոսքը հստակ ասում է, որ մենք հնձում ենք այն, ինչ ցանում ենք․ «Որովհետև ով խնայողաբար է սերմանում, խնայողաբար էլ կհնձի, իսկ ով առատությամբ է սերմանում, առատությամբ էլ կհնձի» (Բ Կորնթացիս 9․6

Դեռ իմ ապաշխարության առաջին օրից Աստված սովորեցրել է մեզ (ինձ և կնոջս) առատաձեռն լինել Աստծո գործին տրվող հատկացումների ու ֆինանսական աջակցության մեջ, օգնել կարիք ունեցող քույրերին ու եղբայրներին, Տիրոջը ծառայողներին, ինչպես նաև մեր հնարավորության սահմաններում նպաստել ցանկացած նախաձեռնության, որի նպատակը Աստծու Արքայության նպատակների իրագործումն է այս երկրի վրա: Երբ ասում եմ «Աստված սովորեցրել է», դա չի նշանակում, թե մենք կատարյալ հնազանդություն ենք ունեցել հենց ամենասկզբից։ Այդ գործընթացը երբեմն բավականին ցավոտ սովորելու ընթացք է եղել, որովհետև Աստծու գործի հանդեպ մարդու առատաձեռնությունը բնածին որակ չէ, այլ պետք է զարգացվի Քրիստոսի հետևորդ ու աշակերտ հանդիսացող յուրաքանչյուր անհատի ներսում։

Բնությունը նույնպես հիանալի ուսուցիչ է։ Հողագործը կարող է հնձել միայն այն, ինչը նախօրոք ցանել է: Աստվածաշունչը ուսուցանում է, որ նույնը ճշմարիտ է նաև ֆինանսների հարցում: Կարող է տարօրինակ հնչել «ֆինանսները ցանել» արտահայտությունը, սակայն եթե մենք այդ սկզբունքը ճիշտ կիրառենք, ճիշտ տեղում և ճիշտ սրտով, ապա այն տալու է իր պտուղները:

Աստվածաշնչյան այս ճշմարտության մեջ ես համոզվել եմ այնքա՜ն շատ դեպքերում և իրավիճակներում, որ նույնիսկ դրանց հաշիվն եմ կորցրել: Իմ հավատքի տարիների մեջ ես համոզվել եմ, որ երբ Աստված որևէ օրենք է հաստատում Իր անխախտ Խոսքի մեջ, ապա այն գործում է անխափան կերպով: Պարտադիր չէ հասկանալ ծանրության ուժի օրենքը, որպեսզի համոզվենք, որ երբ մի բան ձեռքիցդ բաց ես թողնում, ապա այն ընկնելու է գետնին: Ձգողականությունը օրենք է, ճիշտ այնպես, ինչպես օրենք է նաև այն, որ մենք բազմապատիկ կերպով հնձում ենք այնպիսի պտուղներ, ինչպիսիք ցանել ենք։

Եվ եթե դու աջակցում ես Տեր Աստծու գործին, երբե՛ք չկարծես, թե կորցնում ես քո տրամադրած աջակցությունը։ Ճիշտ հակառակը՝ դու ցանում ես Նրա դաշտի մեջ: Մի օր դու հաստատ հնձելու ես այն, ինչը ցանել ես: Եվ հնձելու ես բազմապատիկը։ Բազմապատիկ ասելով՝ ես նկատի չունեմ քո տրամադրած ֆինանսների զրոների քանակը, այլ դրանց օգտակարությունն ու Տիրոջ օրհնությունների ոչ նյութական դրսևորումները, որոնք հաճախ շատ ավելի թանկ ու սպասված են, քան նյութական օրհնությունները։ Աստված տեսնում է քո զոհաբեր սիրտը և Նա երբե՛ք պարտքի տակ չի մնա (տե՛ս Հոբ 41․11 խոսքը)։

Աստվածաշունչը սովորեցնում է նաև, որ մեր ընծան պետք է լինի հոժարակամ և գիտակցված։ Այլ կերպ ասած՝ ո՛չ թե մարդկանց, այլ Տիրոջ համար, ճշմարիտ սրտով և ո՛չ պարտադրված կամ դժկամությամբ (տե՛ս Բ Կորնթացիս 9․7 խոսքը)։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր ե՛կ երախտապարտ լինենք Աստծուն Իր մեծ ու խորը սիրո համար և խնդրենք, որպեսզի Նա Իր առատաձեռն բնույթը ձևավորի մեր մեջ: Աղոթում եմ, որ որոշում կայացնես առաջիկա կիրակի գնալու եկեղեցի և առանձնահատուկ առատաձեռնությամբ, հոժարակամ սրտով, քո հնարավորությունների սահմաններում զոհաբերես ֆինանսներդ Տեր Աստծու գործի համար։ Մի՛ արա դա պարտադրված, այլ գիտակցված և որպես քո երախտագիտության դրսևորում։ Վստահի՛ր Աստծուն և ցանի՛ր սերմերդ Նրա պտղաբեր արտի մեջ․․․

Իսկ եթե Տերը քո սրտի մեջ դրել է, որպեսզի աջակցես «Քո հրաշքն՝ ամեն օր» ծառայությանը, եթե օրհնվում ես մեր ծառայությամբ և փափագում ես ընդլայնել մեր հնարավորության սահմանները, ապա կարող ես քո նվիրատվությամբ աջակցել՝ անցնելով հետևյալ հղումով:

Իսկ վերջում ուզում եմ միասին ընթերցենք Պողոս առաքյալի արձագանքը Փիլիպպեի եկեղեցու ուղարկած ֆինանսական աջակցությանը․ «Կարիքի մեջ լինելուս համար չեմ ասում, որովհետև ես սովորել եմ բավարարվել նրանով, ինչի մեջ որ կամ. գիտեմ կարիքի մեջ ապրելն էլ, առատության մեջ լինելն էլ. ամեն բանում ամեն ինչի տեղյակ եմ՝ թե՛ կշտանալուն, թե՛ քաղցելուն, թե՛ առատությանը, թե՛ կարիքին։ Նվերներ չեմ ուզում, այլ այն պտուղը, որ ձեր հաշվին է ավելանալու։ Եվ իմ Աստվածը թող համաձայն Իր հարստության ձեր կարիքները հոգա Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով։ Աստծուն՝ մեր Հորը, փա՜ռք հավիտյանս հավիտենից։ Ամեն» (Փիլիպպեցիս 4:11-12,17,19-20):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: