April-25

Գլխավոր | Հրաշքներ | Ինչպիսի՞ն ես դու քո իսկ աչքերում

Ինչպիսի՞ն ես դու քո իսկ աչքերում

Սիրելի՛ բարեկամ, յուրաքանչյուր մարդու համար սեփական անձը՝ որպես Աստծո համար ցանկալի, սպասված և ընդունելի մեկն ընկալելը թե՛ էական կարևորություն ներկայացնող պայման է, և թե՛ բանալի՝ դեպի ինքնաճանաչողություն և իրական աստվածապաշտություն։ Ես նույնիսկ կհամարձակվեմ ասել, որ կարևոր է, որպեսզի սովորես գոհանալ Աստծուց քո կյանքի համար և ճիշտ գնահատական տալ ինքդ քեզ։ Խոսքը եսասիրության մասին չէ։ Եվ նաև բնավ այն չէ, երբ մտածում ես, թե դու ավելի լավն ես, քան դիմացինը։ Եթե այդպես է, ապա դա հպարտության մեղքն է։ 

Աստվածաշնչում սեփական անձի ընկալման մասին այս հրաշալի տողերն ենք գտնում. «Գոհանում եմ Քեզնից, որովհետև ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի…» (Սաղմոս‬ ‭139․14‬)։

Կարևոր է, որ սովորես սեփական կյանքիդ համար գոհանալ։ Հնարավոր է՝ քեզ համար դժվար լինի այս բառերը բարձրաձայնելը քո ցավոտ անցյալի կամ քեզ պարբերաբար ուղղված  վիրավորական բառերի պատճառով։ Սակայն եթե նույնիսկ դա այդպես է, ապա վստահաբար իմացի՛ր, որ Աստված ցանկանում է բժշկել սեփական անձիդ հանդեպ քո ունեցած ընկալումը՝ այն, թե ինչպիսին ես դու քո իսկ աչքերում։ Նրա սերը կարո՛ղ է բժշկել քո բոլոր վերքերը՝ նրանք, որ քո անցյալում են, նրանք, որ քո սրտում են, և նրանք, որ քո մարմնի վրա են։ 

Սա է պատճառը, որ այսօր ես համարձակություն ունեմ վստահեցնելու քեզ, որ քո ընկալումը քո անձի մասին վստահաբար փոխվելու է, եթե թույլ տաս, որ Աստված բժշկի քո վերքերը։ Այդ դեպքում այն, թե ինչպիսին ես դու քո իսկ աչքերում, համահունչ է լինելու քո մասին Աստծո՛ կարծիքի ու պատկերացման հետ։ Հավատա՛, որ Աստված քեզ չի ստեղծել ընկճված, ճնշված և մեղավորության զգացումի բեռի տակ կքած ապրելու համար։

Ամբողջ էությամբ, անկեղծորեն գոհություն և երախտագիտություն ուղղի՛ր քո Արարչին սաղմոսերգուի այս խոսքերի նմանությամբ, սակայն քո սրտից բխած բառերով. «Տե՛ր, ես շնորհակալ եմ, որովհետև ահավոր և զարմանալի կերպով ես ստեղծել ինձ։ Քո գործերը զարմանահրաշ են ու հիացմունքի արժանի, և իմ անձը լա՛վ գիտի դրա մասին։ Ես Քո ձեռքի գործն եմ, Տե՛ր։ Ես գոհանում եմ Քեզնից՝ ինձ այսպիսին արարելու համար։ Բժշկի՛ր ինձ, Տե՛ր․․․ իմ սիրտը, իմ զգացմունքները, իմ հոգին ու իմ մարմինը»։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, փորձի՛ր մի կողմ դնել քո մասին ունեցածդ կարծիքն ու պատկերացումները։ Ճանաչի՛ր Տեր Աստծու կարծիքը քո մասին և քո կյանքի հետ կապված Նրա ծրագրերը։ Համոզված եմ, որ այս ամենը բացահայտելուց հետո երբե՛ք նույնը չես մնա։ Դու քեզ կտեսնես Նրա աչքերով։ Եվ եթե հավատում ես Աստծուն և ճանաչում ես Նրան, ապա չես կարող չհամաձայնել քո մասին Նրա կարծիքի հետ։ Դու թանկ մարդ ես Նրա համար և հատուկ տեղ ունես Նրա ծրագրերի մեջ։ 

Ինչպիսի՞ն ես դու քո իսկ աչքերում․․․ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: