May-24 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Ինչպե՞ս տարբերել իրական հավատքը կեղծ հավատքից

Ինչպե՞ս տարբերել իրական հավատքը կեղծ հավատքից


Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրել» անվանումը։ Այսօր խոսելու ենք իրական և կեղծ հավատքի տարբերությունների մասին։ Խնդիրն այն է, որ միայն իրական հավատքն է օգնում մարդուն իր կյանքի մեջ։ Իսկ կեղծ կամ անկենդան հավատքը ոչ միայն չի օգնում, այլև խանգարում է մարդուն իր կյանքի ընթացքի մեջ։ 

Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշունչը հստակ ուսուցում է մեզ փոխանցում, թե ինչպես է հնարավոր տարբերել իրական հավատքը կեղծ հավատքից։ Ես խորը համոզմունք ունեմ, որ կեղծ հավատքն ավելի վտանգավոր է, քան անհավատությունը։ Անշուշտ, երկուսի պարագայում էլ մարդու ընթացքը նույն տեղն է հասցնելու՝ հավիտենական անհուսություն և կործանում։ Սակայն, եթե անհավատությունը կարելի է համեմատել հոգևոր կուրության հետ, որի պարագայում մարդը չի տեսնում, թե ուր է գնում, ապա կեղծ հավատք ունեցող մարդիկ համոզված են, որ իրենք գնում են ճիշտ ուղղությամբ, այնինչ՝ այդ ճանապարհը նրանց դեպի կործանում է տանում։

Խաբված քրիստոնյաների և ճշմարիտ քրիստոնյաների տարբերությունը Տեր Աստծու կամքի հանդեպ նրանց վերաբերմունքի մեջ է։ Այսօր աղոթում եմ, որ թույլ տաս, որպեսզի Տեր Հիսուսի խոսքերը լուսավորեն քո սիրտը և բացահայտեն քո հավատքի իրական բնույթը։

«Ոչ թե ամեն Ինձ “Տե՛ր, Տե՛ր” ասողն է Երկնքի Արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է Իմ Հոր կամքը, որ Երկնքում է» (Մատթեոս 7․21):

Քրիստոսին շատերն են «Տեր» ասում։ Սակայն այսօր ե՛կ անկեղծ ինքներս մեզ հարցնենք, թե ինչպե՛ս ենք մենք վերաբերվում մեր երկնային Հոր կամքին։ Արդյոք ես և դու փափագո՞ւմ ենք մեր կյանքի տարբեր իրավիճակներում և որոշումներ կայացնելիս քննել ու ճանաչել Աստծու կամքը։ Արդյոք ես և դու պատրա՞ստ ենք տուժելու կամ կորցնելու, մարդկանց քննադատությանն ու անգամ հալածանքներին արժանանալու հանուն Աստծու կամքին մեր հնազանդության։ Արդյոք ես և դու կարո՞ղ ենք անկեղծորեն և ուղիղ սրտով ասել Աստծուն, որ թեև կատարյալ չենք և շատ սխալներ ենք գործում այս կյանքում, բայց ամբողջ սրտով փափագում ենք Աստվածաշնչի շնորհիվ Աստծու կամքը ճանաչելուն և այդ կամքին հնազանդվելուն։

«Եվ ինչո՞ւ եք Ինձ “Տե՛ր, Տե՛ր” կանչում, բայց չեք անում այն, ինչ ասում եմ» (Ղուկաս 6․46):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իրական ու ճշմարիտ հավատքը կեղծ ու անկենդան հավատքից տարբերելն ամենահեշտ բանն է այս աշխարհում։ Ընդամենը պետք է պատասխանենք Տեր Հիսուսի՝ վերը բերված հարցին։ Եթե մենք արհամարհում ենք Նրա ուսուցանած սկզբունքները և մեր գործերով ու վարքագծով մերժում ենք Նրա ակնկալած ապրելակերպը, ապա մեր հավատքը մեռած հավատք է։ Այն չի կարող մեզ փրկել։ Կեղծ հավատքը մարդուն տանում է դեպի կործանում և հավիտենական տանջանքի վայր։

Որքա՜ն մեծ փափագ ունեմ իմ սրտում, որ այսօր աղոթքով գնաս Տիրոջ առաջ և քննես քո սիրտը, խնդրես, որ Տիրոջ Հոգին ցույց տա քո հավատքի իրական վիճակը։ Որքա՜ն մեծ փափագ ունեմ, որ այդ աղոթքը քեզ քաջալերի, եթե կյանքդ արդեն իսկ նվիրել ես Տեր Աստծու կամքը ճանաչելուն և Նրա կամքին հնազանդվելուն։ Եվ որքա՜ն մեծ փափագ ունեմ, որ եթե տեսնես, որ կյանքումդ կան բաներ, որոնք հակառակ են Աստծու կամքին, Տիրոջ Հոգին քեզ մղի ապաշխարության ու խոստովանության, որպեսզի երբ Աստծուն դիմես՝ որպես քո կյանքի Տեր, Նա քեզ չասի․ «Ինչո՞ւ ես Ինձ “Տե՛ր, Տե՛ր” կանչում, բայց չես անում այն, ինչ ասում եմ», այլ ասի, որ գիտի քո սիրտն ու նվիրումը և Իր Հոգով զորացնում է քեզ փրկության նեղ ճանապարհի դժվարություններն անցնելու օրհնյալ ընթացքի մեջ։

«Ինչպես որ մարմինն է առանց հոգու մեռած, այդպես էլ հավատն է առանց գործերի մեռած» (Հակոբոս 2․26):

Կենդանի, իրական ու անկեղծ հավատքն օգնում է ինձ, քանի որ այդ հավատքի շնորհիվ է, որ ես Տեր ունեմ, Ով ամենակարող Աստված է՝ Սկիզբը և Վերջը, տերերի Տերն ու թագավորների Թագավորը։ Նա իմ Տերն է, քանի որ ես սիրում եմ Նրա կամքը, փափագում եմ մտքով նորոգվելուն և Նրա բարի, հաճելի ու կատարյալ կամքը ճանաչելուն, ինչպես նաև աղոթում եմ, որ Աստծու Հոգին զորացնի ինձ, որպեսզի կարողանամ հնազանդվել այդ կամքին, որ Տերը հայտնում է Իր Խոսքի մեջ և Իր Հոգու միջոցով։ Եվ նույնն էլ քեզ համար եմ աղոթքով խնդրում․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: