March-21

Գլխավոր | Հրաշքներ | Ինչպե՞ս շնորհ ընդունել Տեր Աստծուց

Ինչպե՞ս շնորհ ընդունել Տեր Աստծուց

Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Տեր Աստծու շնորհը մեր մեծագույն օգնությունն է» անվանումը։ Այս ուղերձի մեջ անդրադառնալու ենք Աստծու շնորհի վերաբերյալ մի կարևորագույն թեմայի՝ ինչպե՞ս շնորհ ընդունել Տեր Աստծուց և ո՞րն է Նրա շնորհն ընդունելու պայմանը։

Սիրելի՛ բարեկամ, Աստծուց շնորհ ընդունելու համար չափազանց մեծ կարևորություն ունի այն ընդունելու պայմանն ու արժանիքը տարբերակելը։ Մենք մեր գործերով, պահվածքով, գիտելիքի քանակով կամ մեկ այլ որևէ գործի արդյունքում չէ, որ արժանանում ենք Աստծու շնորհն ընդունելու երանությանը։ 

«Իսկ եթե շնորհով է, ուրեմն այլևս գործերից չէ. այլապես շնորհն այլևս շնորհ չի լինի» (Հռոմեացիս 11․6

Մենք չենք կարող մեր գործերով արժանանալ Աստծու շնորհին, այլապես այն այլևս շնորհ չի լինի, այլ Աստված վարձահատույց կլինի մեր գործերի դիմաց։ Այսպիսին չէ Տեր Աստծու մոտեցումը և Նրա շնորհի դրսևորումը մարդկանց կյանքերում։ Այդ դեպքում ո՞րն է պայմանի և արժանիքի տարբերությունը։ Եթե մենք չենք կարող արժանանալ Աստծու շնորհին, սակայն Աստված պայման ունի այն տալու համար, ապա ո՞րն է դրանց տարբերությունը։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե Աստծու շնորհն ընդունելը լիներ առանց պայմանի, ապա բոլորը կարժանանային Աստծու շնորհն ընդունելու երանությանը՝ բոլորը կփրկվեին, քանի որ կընդունեին փրկարար շնորհը, բոլորը կզորանային, քանի որ կընդունեին Շնորհի Հոգու զորացման օգնությունը, բոլորը սուրբ կյանքով կապրեին, քանի որ Սուրբ Հոգին կհեռացներ բոլոր մեղքերը մարդկանց կյանքերից։ 

Անշուշտ, իրականությունն այլ է։ Ոչ բոլորն են փրկվում։ Բոլորը չեն, որ Սուրբ Հոգու զորացնող ներգործությունն են ընդունում։ Եվ բոլորը չեն, որ Տիրոջ շնորհի արդյունքում շատ մեղքերից դեպի սրբություն են առաջնորդվում Սուրբ Հոգու կողմից։ Ինչո՞ւ։ Որովհետև Աստված պայման է դրել Իր շնորհն ընդունողների համար։ Ինչպես փրկությունն անհնարին է առանց հավատքի և ապաշխարության, այնպես էլ Աստծու շնորհն է անհնարին, եթե մարդը չի նվիրվել Իր անձն ուրանալու և Իր խաչը վերցնելու առաքելությանը։ 

«Բայց ավելի մեծ շնորհ է տալիս. դրա համար ասում է. «Աստված ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Հակոբոս 4․6):

Աստված հպարտներին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս։ Հպարտ ու եսակենտրոն մարդիկ մշտապես դժգոհելու են իրենց կյանքում Աստծու շնորհի պակասից։ Խոնարհները վայելելու են Աստծու շնորհի առատությունն իրենց կյանքում։ Սեփական անձը խոնարհեցնելուն նվիրվելը՝ անձը ուրանալու և սեփական խաչը վերցնելու ընթացքի մեջ հմտանալը ճանապարհ են բացում Տեր Աստծու գերազանց շնորհի գերբնական դրսևորումների համար։ Եվ սա գործերից չէ, այլ մեր անձի տկարությունների և Տիրոջ մեծափառության գիտակցման արդյունքն է։ 

Ապրե՛նք մեր Տիրոջ նման հեզ ու խոնարհ կյանքով, և Նրա շնորհը միշտ առատ կլինի մեր կյանքերում։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: