Սիրելի՛ բարեկամ, չգիտես ինչու, երբ հոգևոր մարդիկ լսում են «հրաշք» բառը, անմիջապես պատկերացնում են հիմնականում միայն գերբնական միջամտությամբ ֆիզիկական բժշկությունը:
Բայց ես համոզված եմ, որ հրաշքները կարող են տարբեր ոլորտներում լինել։ Ոչ պակաս զորավոր հրաշքներ են բնավորության փոփոխությունը, մեղքի կապանքից ազատվելը, սրտի բժշկությունը, հոգևոր վերականգնումը և մեզ հասցրած վիրավորանքներն ու ծանր հոգեկան ապրումները ներելը:
Այո՛, ներելը իրական հրաշք է: Հատկապես, երբ ներման է արժանանում աններելի արարքը կամ վերաբերմունքը։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Մարդկայնորեն, կարծում եմ, որ դա ծայրահեղ բարդ մի բան է: Սակայն Աստծո հետ հնարավոր է անգամ անհնարինը: Ինչպե՞ս։ Ուզում եմ քեզ հետ կիսվել երկու պարզ, բայց կարևոր ճշմարտությամբ, որոնք աններելին ներելու հարցում զորավոր բանալիներ են։
1. Ներումը սիրո դրսևորում է։ Հռոմեացիս 5․5 խոսքում գրված է. «Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ»։
Աստված Սուրբ Հոգու միջոցով Իր անըմբռնելի սերն է սփռում մեր սրտերի մեջ, և Սուրբ Հոգուն իրենց մեջ ունեցող մարդիկ՝ Քրիստոսի իրական աշակերտները, ունակ են դառնում ներելու աններելին:
2. Ներումը Տեր Աստծո կամքին հնազանդվելու որոշում է: Կողոսացիս 3․13 խոսքում կարդում ենք. «․․․միմյանց հանդուրժելով ու ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա։ Ինչպես Տերը ձեզ ներեց, այնպես էլ՝ դուք»
Վրեժխնդրության ծարավից հրաժարվելը և դիմացինին մեր հանդեպ թույլ տված անգամ ահավոր ծանր սխալի համար ներելը Աստծո կամքին հնազանդվելու որոշում է։ Դա Աստծո ակնկալած մոտեցումը, սկզբունքներն ու վարքագիծը որդեգրելն է, անգամ եթե դրա համար մենք չափազանց մեծ գին պետք է վճարենք։ Քրիստոսի իրական աշակերտի համար Աստծո կամքին հնազանդվելուց կարևոր ու թանկարժեք բան չի կարող լինել այս աշխարհում։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու էլ այսօր բախվել ես քո դեմ գործած աններելի մի արարքի կամ վերաբերմունքի, ուզում եմ միասին հիշենք վերը բերված երկու կարևորագուն ճշմարտությունները ու ներելու որոշում կայացնենք, որը բխում է մեր սրտերում Սուրբ Հոգու սփռած Աստծո սիրուց և Տեր Աստծո կամքին հնազանդվելու մեր փափագից։
Առաջարկում եմ աղոթել միասին այս աղոթքով. «Տե՛ր, Դու տեսնում ես այն բարդ իրավիճակը, որին բախվել եմ իմ կյանքի այս հանգրվանում։ Դու գիտես այն հիշողությունները, որոնք իմ մեջ փոթորիկ են բարձրացնում, և չներելու պատճառով կորցնում եմ խաղաղությունս ու սրտիս ուրախությունը։ Մարդկայնորեն ինձ համար խիստ դժվար է ներելը։ Բայց ես հավատում եմ, որ Քո Հոգով Դու ինձ զորացնում ես և անհնարինը իմ կյանքում դարձնում հնարավոր։ Պարուրի՛ր իմ սիրտը Քո սիրով և զորությամբ, որպեսզի Քո կամքին հնազանդվելու և աններելին ներելու իմ փափագը դառնա իրականություն։ Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը