November-4

Գլխավոր | Հրաշքներ | Ինչպե՞ս կարող ես Աստծուն ավելի լավ ճանաչել

Ինչպե՞ս կարող ես Աստծուն ավելի լավ ճանաչել

Սիրելի՛ բարեկամ, հավատում եմ, որ ծանոթ ես այն ասացվածքին, որն ասում է, որ մարդուն ճանաչում ես, երբ նրա հետ ճանապարհ ես գնում։ Ասվածի իմաստն այն է, մարդուն լավ ճանաչելու համար պետք է ժամանակ անցկացնել նրա հետ և տեսնել նրան կյանքի տարբեր իրավիճակներում։ 

Իսկ գիտե՞ս արդյոք, որ Տեր Աստված՝ մեր երկնային Հայրը, քեզ հետ ժամանակ անցկացնելու, քեզ հետ ճանապարհ անցնելու ու Իր բնույթն ու որակները քեզ ճանաչեցնելու մեծ փափագ ունի։

«Եվ դու, որդյա՛կ իմ Սողոմոն, ճանաչի՛ր քո հոր Աստծուն և ծառայի՛ր Նրան բոլորանվեր սրտով և հոժարակամ մտքով, որովհետև Տերը քննում է բոլորի սրտերը, և Նա գիտի բոլոր խորհուրդներն ու մտածումները. եթե դու փնտրես Նրան, կգտնես Նրան, իսկ եթե լքես Նրան, Նա էլ քեզ կմերժի հավիտյան» (‭‭Ա Մնացորդաց‬ ‭28.9): ‬

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հավատում եմ, որ դու Աստծուն փնտրող մեկն ես և ինքդ էլ մեծ փափագ ունես ավելի մտերիմ ու խորը ճանաչելու Նրան։ Եվ գուցե հե՛նց այս պատճառով ես հետևում «Քո հրաշքն՝ ամեն օր» մեր ուղերձներին։ Ուզում եմ այսօր Աստծո Խոսքը քո սրտի մեջ հաստատի հետևյալ աստվածաշնչյան ճշմարտությունը՝ Աստված թույլ է տալիս, որ Իրեն փնտրողները գտնեն Իրեն։ 

Քաջալերում եմ քեզ Տիրոջ հետ ավելի ու ավելի շատ ժամանակ անցկացնել՝ աղոթելով Նրան, ընթերցելով Նրա Խոսքը և քո կյանքը քննելով Աստծո Խոսքի օգնությամբ։ Օրվա ցանկացած ժամին՝ լինի ցերեկ թե գիշեր, դու կարող ես դիմել Նրան և ականջդ խոնարհեցնել Նրանից Խոսք ընդունելու համար… Դու կարող ես բարձրացնել քո ձեռքերն ու քո ձայնը Նրան փառք տալու և երկրպագելու համար։ 

Հրավիրի՛ր Տեր Աստծուն միանալու և մաս կազմելու քո կյանքի ճամփորդությանը։ Տեր Հիսուսի հետ միասին անցիր քո կյանքի դժվարություններով և ուրախություններով։ Նա ամենալավ ուղեկիցն է, որ միայն կարող ես պատկերացնել։ Նրա հետ ճանապարհ անցնելով և Նրա պահվածքն ու քո կյանքին միջամտելը տեսնելով՝ դու ավելի ու ավելի խորը կճանաչես Նրան։ Դու կհասկանաս՝ երբ է Նա ուրախանում և երբ է տրտմում։ Դու կճանաչես՝ ինչ է Նա սիրում և ինչն է ատում։ 

Փնտրի՛ր Աստծուն։ Փնտրի՛ր քո ամբողջ սրտով և քո ողջ էությամբ։ Աստված թույլ կտա, որ գտնես Իրեն, քանի որ Նա սիրում է քեզ անսահման մեծ ու խորը սիրով։

Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով. «Տե՛ր, ես ծարավ եմ Քո ներկայությանը, փափագում եմ Քեզ ավելի խորը և ավելի մտերիմ կերպով ճանաչելուն։ Ուզում եմ իմ կյանքը Քեզ հետ ապրել, Քո առաջնորդությունն ու ուղղորդումներն ընդունել, տարբերել Քո ձայնը և ընդունել քո խրատները, քաջալերանքն ու մխիթարությունները։ Խնդրում եմ, Տե՛ր, արթնացրո՛ւ իմ սիրտը, որ զգայուն դառնամ Քո ներկայության հանդեպ։ Բացի՛ր լսելիքս Քո ձայնը լսելու և այն զանազանելու համար։  Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: