January-19

Գլխավոր | Հրաշքներ | Ինչպե՞ս ես տեսնում մյուսներին․․․

Ինչպե՞ս ես տեսնում մյուսներին․․․

Սիրելի՛ բարեկամ, քեզ դու՞ր է գալիս նստել այգում կամ որևէ այլ հասարակական վայրում ու հետևել մարդկանց։ Նրանք այնքա՜ն տարբեր են։ Ես սիրում եմ դա անել։ Սովորաբար ես նայում եմ նրանց և ասես տեսնում անցորդների հոգսերն ու ուրախությունը, բնավորությունն ու հետաքրքրությունները նրանց դեմքերի վրա։ Անշուշտ, ես սրտեր քննող չեմ և կարող եմ սխալվել։ Բայց փորձում եմ լսել Սուրբ Հոգու ձայնը և աղոթել յուրաքանչյուրի համար։ Սա իմ սիրած զբաղմունքներից մեկն է։ Այս ամենն, իրականում, կարող է վտանգավոր զբաղմունք դառնալ, եթե արտահայտվի մյուսներին քննադատելու և դատելու հակման մեջ:

Աստվածաշունչը այսօր մեզ հիշեցնում է․ «Բերանը սրտի լիությունից է խոսում» (Մատթեոս 12․34):

Ցավոք, մարդիկ ավելի հակված են տեսնելու մյուսների թերությունները, քան իրենց սեփականը։ Այն մեկի հագնվածքը, այն մյուսի հայացքը, հաջորդի վերաբերմունքը իր մանկահասակ երեխային, մեկ ուրիշի շպարը կամ աչքի ընկնելու ձգտումը և այլն։ Հաճախ այն, ինչը մենք քննադատում ենք մյուսների մեջ, հե՛նց մեր սեփական կյանքի թերությունների ու բնավորության արտացոլումն է: Եվ սա չի վերաբերում միայն պատահական անցորդների ենթադրյալ թերություններին, այլև՝ մեր շրջապատի մարդկանց, ում բավականին լավ ենք ճանաչում և քաջատեղյակ ենք նրանց կյանքին։

Ինչ-որ մեկը մի անգամ ասել է. «Երբ դու ցուցամատդ ուղղում ես ինչ-որ մեկի կողմ, քո ձեռքի երեք մատներն ուղղված են լինում ուղիղ դեպի քեզ»:

Իմ կյանքի որոշակի մի ժամանակահատվածում ես հակված էի քննադատելու մյուսներին։ Հատկապես եկեղեցում ես չափազանց հստակ էի տեսնում նրանց թերությունները։ Ասես դա մի յուրահատուկ պարգև լիներ։ Ի նկատի չունեմ քննադատելը, այլ մարդկանց սխալներն ու թերությունները տեսնելը։ Երբեմն անգամ նեղվում էի և հարցնում Աստծուն, թե ինչո՞ւ եմ նկատում այն, ինչը մյուսները, գուցե, չեն նկատում կամ չտեսնելու են տալիս։ Մինչև մի օր Սուրբ Հոգին զորավոր կերպով խոսեց իմ սրտին…

Երբ Տերը խոսեց, ես մոտավորապես այսպիսի մտքեր ունեցա․ «Եթե դու նայես ուրիշներին քո մարդկային աչքերով, ապա կտեսնես իրականության մի մասը միայն: Փորձի՛ր տեսնել նրանց այնպիսին, ինչպիսին Ես եմ նրանց տեսնում։ Նրանք Իմ թանկ ու սիրելի զավակներն են, որոնց ես բերել եմ եկեղեցի, որպեսզի նրանք այդտեղ հոգևոր սնունդ և հոգատարություն ընդունեն ու փոխվեն, այլ ո՛չ թե, որ ընկնեն քննադատության ալիքի ու կրոնավորության քարկոծումների ներքո»: Ես անմիջապես ներողություն խնդրեցի Տիրոջից, և այդ օրվանից սկսած աստիճանաբար իմ վերաբերմունքը փոխվեց մարդկանց սխալների ու թերությունների հանդեպ:

Հետագայում, մարդկանց թերությունները տեսնելու և նրանց խնդիրները զգալու իմ պարգևը ինձ հուշեց, որ այդ ամենը հենց այնպես չէ, որ ունեմ, և ես պետք է օգնեմ նրանցից շատերին իրենց դժվարությունների և հոգևոր ընթացքի մեջ։ Դրանից հետո ես ո՛չ միայն այլ կերպ սկսեցի տեսնել մարդկանց, այլև ինքս ինձ սկսեցի տեսնել այնտեղ և այնպիսին, ինչպիսին Աստված էր ինձ տեսնում։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու նույնպես նկատում ես մյուսների սխալները, ապա առաջարկում եմ աղոթել ու Տիրոջից իմաստություն խնդրել, թե ինչո՞վ կարող ես օգնել այդ մարդկանց։ Գուցե դա լինի միայն նրանց համար աղոթելը, գուցե նրանց խորհուրդներով և հոգևոր իմաստությամբ օգնելը, գուցե զրուցելով ու մտերմանալով՝ նրանց հոգու վերքերը ամոքելն ու Տեր Հիսուսի բժշկարար զորության մասին վկայելը։

Թող Աստծու Սուրբ Հոգին լուսավորի և առաջնորդի քեզ, մինչ աղոթում ես այս ամենի մասին։ 

Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, ես խնդրում եմ Քեզ, որ ներես ինձ, որ քննադատել եմ մյուսներին։ Ես ուզում եմ փոխվել և աղոթել այն մարդկանց համար, ում սխալները նկատում եմ, և ուզում եմ օգտակար լինել նրանց կյանքի փոփոխության հարցում։ Շնորհակալ եմ, որ Դու սիրում ու ընդունում ես ինձ և ուզում ես փոխել ինձ ու օգտագործել քո թանկ ու սիրելի զավակների օրհնության համար։ Խնդրում եմ՝ օգնի՛ր ինձ, որ մարդկանց կարողանամ տեսնել այնպիսին, ինչպիսին Դու ես նրանց տեսնում: Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: