Սիրելի՛ բարեկամ, շատ մարդիկ կան, որ իրենց կյանքը կառուցում են մյուսներին հաճելի լինելու համար և ամեն բան անում, որպեսզի նրանց հավանությանն արժանանան: Մյուսների հայացքն ու կարծիքները նման մարդկանց ստիպում են միշտ ձգտել լավագույնս իրենց դրսևորել մարդկանց առջև: Մարդկանց հաճեցնելը դրական երևույթ է, քանի դեռ դա չի վերաճել գերության, որի ժամանակ այն դառնում է կյանքի շարժիչ ուժը և գլխավոր նպատակը։
Ես ինքս անցել եմ այդ ամենով և նախկինում միշտ ձգտում էի առավելագույնին հասնել, որպեսզի արժանանամ մյուսների գովասանքին։ Սակայն իմ կյանքում իրական խաղաղություն գտա, երբ հասկացա, որ ես չպետք է ապրեմ մարդկանց հաճեցնելու համար։ Ես պետք է սիրեմ մարդկանց և ամեն բան անեմ, որպեսզի օգնեմ ու ծառայեմ նրանց։ Սակայն իմ կյանքն ու առաջնահերթությունները, իմ արժեհամակարգն ու սկզբունքները պետք է կառուցել առաջին հերթին Աստծուն հաճեցնելու հիմքի վրա։
Աստծուն հաճեցնողները ձգտում են Աստծո կամքը կատարել։ Մարդկանց հաճեցնողները մարդկանց կամքի գերիներն են և մրցակցության մեջ են մտնում մյուս մարդկանց հետ ավելի մեծ բարձունքների և ավելի շատ գովասանքի արժանանալու համար։ Երբ ես Տեր Հիսուսին ընդունեցի որպես իմ կյանքի Տեր և Փրկիչ, Նա ազատեց ինձ մրցակցության այդ խելահեղ ընթացքից։ Տերը վերցնում է մարդկանցից խոցոտված և նրանց կարծիքների գերի դարձած մարդուն և «բժշկում է կոտրած սիրտ ունեցողներին և փաթաթում է նրանց խոցերը» (Սաղմոս 147․3):
Չարը քո մասին սուտ տեղեկություններ կարող է քեզ փոխանցել միայն, երբ համոզում է քեզ, որպեսզի ինքդ քեզ համեմատես քեզնից ավելի հաջողված մարդկանց հետ։ Երբ քո հոգու թշնամին գալիս է և շշնջում, որ դու անարժեք ես և հիշեցնում է քո խնդիրների մասին, ապա կենտրոնացիր ո՛չ թե նրա ասած ստերի և նախանձ, թերարժեքության զգացում ծնող համեմատությունների, այլ Աստծո Խոսքի ճշմարտությունների վրա: Աստծո Խոսքի ճշմարտությունները ճանաչելն ի զորու է քեզ ազատել սխալ պատկերացումների յուրաքանչյուր շղթայից, ներառյալ քո իսկ մասին ունեցած աղավաղված ընկալումները:
Այլևս կարիք չկա որևէ մեկին ապացուցելու քո արժանիքները: Անկախ քո կարգավիճակից, զբաղեցրած դիրքից, կրթությունից և ունեցվածքի ու ազդեցության չափերից, դու հստակ պետք է իմանաս, որ Աստված սիրում է քեզ: Դու առանձնահատուկ ես Նրա համար և անկրկնելի։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ազատվիր մարդկանց կարծիքի գերությունից։ Թող քեզ համար առաջնայինը դառնա Աստծուն հաճեցնելը։ Եթե իրոք գտնես կյանքի այս հավասարակշռությունն ու ապրես Տեր Հիսուսի ուսուցանած սկզբունքներով և Նրա հաստատած արժեհամակարգով, ապա կընդունես իրական ազատությունը և, որ ամենազարմանալին է, Աստված կբժշկի նաև քո հարաբերություններն այլ մարդկանց հետ։ Դու կկարողանաս նրանց հետ նորմալ ու դրական հարաբերություններ հաստատել, այլ ոչ թե դառնալ նրանց կարծիքի ու մանիպուլյացիաների զոհը։
Դու թանկ ես Աստծո համար և չպետք է մարդկանց կարծիքի ծառան լինես։ Օրհնյալ ու ազատության անուշ բուրմունքով հագեցած օր եմ մաղթում քեզ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը