March-19 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Ինչպե՞ս ազատվել անօրեն, չար ու անհավատ մարդկանցից

Ինչպե՞ս ազատվել անօրեն, չար ու անհավատ մարդկանցից

Աստծուն ծառայող մարդիկ բախվում են տարբեր դժվարությունների ու խոչընդոտների։ Դրանք անխուսափելի են, քանի որ Աստծու կամքը կատարող մարդիկ դեմ հանդիման են դուրս գալիս Աստծու կամքին հակառակ գործող ուժերին։ Սակայն այդ դժվարություններից ամենածանրը, թերևս, չար ու անհավատ մարդկանց առաջացրած դժվարություններն են, հատկապես այն ժամանակ, երբ այդ մարդիկ կրում են արդարության ու բարության դիմակներ։

Սիրելի՛ բարեկամ, իսկ դու քո ամբողջ սրտով փափագո՞ւմ ես ծառայել Աստծուն։ Եթե երբևէ որևէ կերպ ծառայել ես Տեր Աստծուն, ապա անպայման հանդիպած կլինես նման մարդկանց։ Մենք, անշուշտ, պետք է աղոթենք, որ այդ մարդիկ ապաշխարեն, փոխվեն և դառնան աստվածավախ։ Սակայն Պողոս առաքյալը նաև խնդրում էր, որ եկեղեցու հավատացյալներն աղոթեն, որպեսզի ինքն ու իր ծառայակիցներն ազատվեն նման մարդկանցից և որ այդ մարդիկ չկարողանան խանգարել Ավետարանի տարածման կարևորագույն առաքելության իրականացմանը։

«Այսուհետև, եղբայրնե՛ր, մեզ համար աղոթե՛ք, որպեսզի Տիրոջ խոսքը տարածվի ու ամեն տեղ փառավորվի, ինչպես ձեզ մոտ, և որպեսզի անօրեն ու չար մարդկանցից ազատվենք, որովհետև ոչ բոլորը հավատ ունեն։ Բայց Տերը հավատարիմ է. Նա ձեզ կհաստատի և կպահի չարից։ Տիրոջով վստահություն ունենք ձեզ վրա, որ այն, ինչ ձեզ պատվիրեցինք, անում եք ու կանեք։ Իսկ Տերը թող ձեր սրտերը ուղղի դեպի Աստծու սերն ու Քրիստոսի համբերությունը» (Բ Թեսաղոնիկեցիս 3.1-5

Աղոթքը զորավոր միջոց է Տեր Աստծուն արդյունավետ ծառայելու համար։ Ցավոք, մենք պետք է աղոթենք նաև, որպեսզի անօրեն ու չար մարդիկ, որոնց հավատքը ճշմարիտ աստվածաշնչյան հավատքը չէ, անկարող լինեն խանգարելու Աստծու արդյունավետ ու պտղաբեր մշակներին։ Առաքյալը հաճախ էր անդրադառնում այս թեմային իր ուսուցումների ու զգուշացումների մեջ։ 

«Որովհետև շատերը, որոնց մասին շատ անգամներ ասում էի ձեզ և հիմա էլ լալով եմ ասում, ընթանում են որպես Քրիստոսի խաչի թշնամիներ։ Նրանց վախճանը կորուստ է։ Նրանց Աստվածն իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը. նրանք երկրային բաներն են մտածում» (Փիլիպպեցիս 3․18-19):

«Եվ զարմանալի էլ չէ, որովհետև սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքն է ընդունում։ Ուրեմն մեծ բան չէ, որ նրա սպասավորներն էլ արդարության սպասավորների կերպարանքն ընդունեն։ Նրանց վերջը իրենց գործերի պես է լինելու» (Բ Կորնթացիս 11․14-15):

Անօրեն, չար ու անհավատ մարդկանց շատ հեշտ է տարբերել եկեղեցիներում, եթե ուշադրություն դարձնենք, թե այդ մարդկանց ձգտումներն ու փափագները երկնայի՞ն, թե՞ երկրային իրականության մեջ են։ Օրինակ՝ մարդիկ ձգտում են մարդկանցի՞ց փառքի արժանանալ, թե՞ Աստծուն փառավորելու ուղիներ են փնտրում։ Այստե՞ղ են կուտակում իրենց հարստությունը, թե՞ ամեն միջոց, այդ թվում՝ նաև իրենց ֆինանսական միջոցները, ներդնում են Երկնքում գանձեր կուտակելու համար։ Բամբասում ու չարախոսո՞ւմ են մյուսներից, թե՞ աղոթում ու բարեխոսում նրանց համար։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, միշտ եղել են ու կլինեն Քրիստոսի խաչի թշնամիները, որոնց նպատակը Քրիստոսի ճշմարիտ մշակներին խանգարելն է՝ նախանձից ու ատելությունից դրդված։ Պողոս առաքյալը խնդրում էր, որ եկեղեցին աղոթք անի նման մարդկանցից ազատվելու համար։ Ե՛կ այսօր միանանք այդ աղոթքին և աղոթենք միաբան, որ Աստված բացահայտի բոլոր կեղծ ու իրենց շահը որոնող ծառայողներին։ Աղոթենք, որ Աստված չեզոքացնի նրանց բացասական ազդեցությունը, և Նրա հավատարիմ մշակներն է՛լ ավելի արդյունավետ կերպով նվիրվեն Քրիստոսի Մեծ Հանձնարարականի կատարման օրհնյալ գործին։

Իմ և քո այսօրվա աղոթքը Տեր Աստծուն ծառայելու մեջ անհամատեղելիության միջավայր է ստեղծելու անօրեն, չար ու անհավատ մարդկանց համար․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: