Սիրելի՛ բարեկամ, իմ կյանքում եղել են ժամանակներ, երբ աղոթքիս կյանքը ավելի շատ կարելի էր բնութագրել որպես ավտոմատ կերպով կամ սովորության համաձայն նույնատիպ բառերով ու խնդրվածքներով Աստծուն ուղղված խնդրվածքների շարք։ Հիշում եմ, որ այդ ժամանակներում ինձ համար աղոթքն ասես կրոնական պարտականություն լիներ։ Ես ոչ թե աղոթում էի, որ հաղորդակցվեմ իմ երկնային Հոր հետ, այլ քանի որ կարծում էի, որ որպես հոգևոր մարդ պետք է աղոթքի կյանք ունենամ։
Ահա, թե ինչ էր սովորեցնում Տեր Հիսուսը․«Եվ Ես ասում եմ ձեզ. խնդրե՛ք, և կտրվի ձեզ, փնտրե՛ք և կգտնեք, դուռը բախե՛ք, ու ձեր առաջ կբացվի։ Որովհետև ով խնդրում է, ստանում է, և ով փնտրում է, գտնում է, և ով դուռը բախում է, նրա առաջ բացվում է» (Ղուկաս 11:9-10):
Աստված Հայր է, ով ուրախանում է, երբ Իր զավակներն օրհնվում են։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, հիշի՛ր, որ Տեր Հիսուսը բարեխոսում է քեզ համար։ Նա փափագում է քո մեջ տեսնել Իր սիրող ու կարեկից բնույթը։ Եվ մեր երկնային Հոր սիրտը լցվում է ուրախությամբ, երբ մենք հաղորդակցվում ենք Իր Որդու հետ և խնդրում մեր ու մեր շրջապատի մարդկանց կարիքների մասին։ Ահա այսպես ենք մենք դառնում Քրիստոսի աշակերտներ և Հայր Աստծո մշակության տնտեսներ։
Ահա թե ինչու ես և դու չպիտի վախենանք մեր զգացողությունների և կարիքների մասին Տեր Աստծո հետ ազնիվ ու անկեղծ զրույցներից։ Ինչպես Տեր Հիսուսը Գեթսեմանի պարտեզում կիսվում էր Հոր հետ Իր տառապանքներով և դժվարություններով, այնպես էլ դու կարող ես պատմել Նրան քո կյանքի խնդիրների և Աստծո ծրագրի հարցում քո ունեցած հարցերի մասին։ Նա չի նեղվի և չի բարկանա քեզ վրա։ Սակայն նաև պիտի պատրաստ լինես, ինչպես Տեր Հիսուսը, ընդունելու Աստծո կամքը անգամ առանց մինչև վերջ այն հասկանալու, քանի որ քո հավատն ու հույսը ամբողջովին Տեր Աստծո վրա է և դու անվերապահորեն վստահում ես Նրա բարությանը։ Եթե իրոք ասվածը ճշմարտություն է քո պարագայում, ապա կկարողանաս գոհությամբ ընդունել ամենը, որ Հայրը պատրաստել է քեզ համար։
Նա Իր իմաստության մեջ երբե՛ք «այո» չի ասի մեր բոլոր խնդրանքներին։ Բայց քանի որ մենք ձգտում ենք ճանաչել Աստծուն Աստվածաշնչի միջոցով և մտերմանալ Նրա հետ՝ վարժեցնելով մեր անձերը աղոթքի փորձառության մեջ, ապա ժամանակի ընթացքում մեր երազանքներն ու մեր խնդրվածքները կդառնան Աստծո սրտին համահունչ և Նրա կամքի համաձայն։
Այն, ինչ Աստված է պատրաստել քեզ համար, քո կյանքի հնարավոր լավագույն ծրագիրն է։ Այսօր իսկապես կիսվիր Նրա հետ քո զգացողություններով և քո ապրումներով, քո վախերով ու անհանգստություններով։ Նրա սիրտը ցնծում է, երբ տեսնում է, որ դու կամենում ես ընդունել Իր հայրական խորհուրդները և հաշվի առնել Նրա հայրական կարծիքը։
Աստված որպես Հայր ցնծում է Իր զավակների օրհնություններով։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը