Սիրելի՛ բարեկամ, այսօր մենք շարունակում ենք «Ազատագրում հուսահատությունից» շարքի ուսումնասիրությունը, որը հիմնված է Սաղմոս 42․5-6 հատվածի վրա:
«Ինչո՞ւ ես տրտմած, ո՛վ իմ անձ և խռովված ես ինձանում։
Հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ Նրանից, որ իմ երեսի փրկությունն է։ Ո՛վ իմ Աստված, իմ անձը տրտում է ինձանում, դրա համար էլ հիշում եմ Քեզ Հորդանանի երկրից և Հերմոնից և Փոքր սարից» (Սաղմոս 42․5-6):
Այսօր ես պետք է խոստովանեմ, որ Աստծուն հաճախ եմ տալիս այս հարցը՝ ինչո՞ւ, Տե՛ր։ Գուցե դու էլ ինձ նման ունենում ես Աստծուն ուղղված տարբեր «ինչու»-ներ։
- Ինչո՞ւ սա տեղի ունեցավ:
- Ինչո՞ւ այս հիվանդությունը:
- Ինչո՞ւ այս տառապանքը:
- Ինչո՞ւ այս փորձությունը։
- Ինչո՞ւ այս ֆինանսական խնդիրը:
Ես կարծում եմ, որ ցանկացած մարդ իրավունք ունի նմանատիպ անկեղծ ու ազնիվ հարցեր տալ Աստծուն։
Երբ մենք անցնում ենք դժվարին ընթացքով, երբ մենք չարչարվում ենք և մեր շուրջբոլորը այնպիսի իրավիճակներ են, որոնք միայն ցավ ու տառապանք են մեզ պատճառում, ապա կարող ենք մեր Տեր Աստծուց հարցնել այդ ամենի պատճառը:
Բայց հաճախ Աստված մեզ չի տալիս մեր բոլոր հարցերի պատասխանները, և հենց այդ ժամանակ է, որ մենք կանգնում ենք հուսահատության և խռովված վիճակի մեջ հայտնվելու վտանգի առջև։
Այս խոսքերը Դավթի խոսքերն են․ «Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, և ինչո՞ւ ես խռովված ինձանում. հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ Նրանից, որովհետև Նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը» (Սաղմոս 43.5):
Երբ մարդու հոգին ընկճված է և խռովված, ապա նրա ներքին հուսահատությունը հանգեցնում է նաև արտաքին հետևանքների, ինչպիսիք են, օրինակ, տրտունջը, դժգոհությունները և բողոքները։ Բայց մենք երբե՛ք չպետք է մոռանանք, որ խնդիրը չի վերանում, երբ տրտնջում ես, դժգոհում ու բողոքում։ Այս ամենը միայն վատթարացնում է մեր՝ առանց այդ էլ ծանր իրավիճակը:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ահա մի հատված, որը, հուսով եմ, կքաջալերի քեզ նույնքան, որքան ինձ է քաջալերում «Իմ պահակակետում կանգնեմ ու պատնեշի վրա մնամ և նայեմ ու տեսնեմ, թե ի՛նչ է խոսելու ինձ հետ, և ի՞նչ պիտի պատասխանեմ, երբ ինձ հանդիմանի։ Տերն ինձ պատասխան տվեց և ասաց. «Գրի՛ր տեսիլքը և որոշակի նշանակի՛ր տախտակների վրա, որպեսզի այն կարդացողը սահուն կարդա»։ Որովհետև տեսիլքը դեռևս որոշված ժամանակի համար է և հևում է դեպի վախճանը. չի ստում, եթե նույնիսկ հապաղի. սպասի՛ր նրան, որովհետև անպատճառ պիտի գա և չի ուշանա» (Ամբակում 2․1-3):
Աստծու պատասխանը մեր բոլոր հարցերին այն է, որ Նրա բոլոր խոստումները ճշմարիտ են և չեն կարող չկատարվել, եթե մենք պահենք դրանց պայմանները։ Եթե կա խոստում, ապա այն անպայման իրականանալու է։ Մենք մեր տրտունջներն ու բողոքները պետք է դադարեցնենք, եթե մեր կյանքը վստահել ենք Աստծուն։ Այն, ինչ պատահել է, արդեն անցյալում է։ Մենք ոչինչ չենք կարող անել այս առումով։ Սակայն երբ մեր կյանքի վերահսկողությունը հանձնում ենք Աստծուն, ապա պետք է վստահենք, որ Նա տիրում է մեր կյանքերի վրա։ Եվ սա լավագույն հիմքն է խռովված ու բողոքող վիճակից դեպի վստահ ու գոհացող վիճակին անցում կատարելու համար։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը