July-19

Գլխավոր | Հրաշքներ | Ինչո՞վ ես «համեմում» քո սիրտը

Ինչո՞վ ես «համեմում» քո սիրտը

Սիրելի՛ բարեկամ, մեր հայկական մշակույթի մեջ մեծ տեղ ունի սեղանի շուրջ նստելը և միասին հաց կիսելը։ Ամենակարևոր քննարկումները մտերիմների հետ հենց հացի շուրջ են տեղի ունենում։ Ամենամտերիմ ընկերությունները հաճախ ձևավորվում են միասին հաց ուտելուց հետո։ Մեր մտածելակերպի մարդկանց համար կարևոր նշանակություն ունի ընտանիքի անդամների կամ ընկերների հետ սեղանի շուրջ հավաքվելը։ Մի խոսքով՝ կերակուրը կարևոր դեր ունի մեր մշակույթում ոչ միայն որպես սնունդ, այլև հաղորդակցության կարևորագույն բաղադրիչ։ Եվ պակաս կարևոր չէ, որ այդ կերակուրը լինի համեղ։ 

Իսկ համեղ կերակուր պատրաստելու կարևորագույն բաղադրիչներից մեկը ճիշտ համեմունքների օգտագործումն է։ Սխալ համեմունքը կարող է ամբողջովին փչացնել հրաշալի խորովված միսը կամ եփված ձուկը։ Իսկ ճիշտ համեմելը ապահովում է կերակուրի ախորժալի համն ու հոտը։ 

Հավատում եմ, որ մեր սրտերի «համն ու հոտն» էլ ճիշտ այդ նույն կերպ են ձևավորվում։ Մենք կարող ենք «համեմել» մեր սրտերը լավ կամ վատ «համեմունքներով»։ Հենց այդ «համեմունքներն» են մեր կյանքին փոխանցում այս կամ այն համը։ Դրանք կարող են մարդուն դարձնել համով կամ հակառակը՝ անհամ։

Տարբեր բաներ կարող են ձևավորել մարդու սրտի համն ու ու հոտը։ Օրինակ՝ Աստծո Խոսքի հանդեպ վստահությունը, Տեր Հիսուսի ուրախությունը կամ խաղաղությունը և այլ նմապատիպ բաներ։ Սրանք դրական ազդեցություններ պարունակող «համեմունքներն» են։ Բայց երբեմն մենք մեր սրտին թույլ ենք տալիս ընկնել վախերի, հոգսերի կամ մտավախությունների ազդեցության տակ։ Սրանք բացասական ազդեցություն պարունակող «համեմունքներն» են, որոնք դառնացնում են մեր կյանքը կամ մեր կյանքի համը դարձնում այրող կծուի նման։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե ասվածը ճշմարիտ է նաև քո պարագայում, ապա մեծ ցանկություն ունեմ օգնելու քեզ, որպեսզի վերջ դնես սրտիդ մեջ բուն դրած տագնապի ու անհանգստության մտքերին և ամբողջ սրտով ընդունես ու աղոթես աստվածաշնչյան այս խոսքերի շուրջ. 

  • «Տերն է իմ զորությունը և իմ վահանը. իմ սիրտը նրան է հուսացել, և Նա օգնեց ինձ. իմ սիրտը ցնծում է, և ես փառաբանում եմ Նրան իմ օրհներգությամբ» (‭‭Սաղմոս‬ ‭28․7):
  • «Դրա համար էլ չենք վախենա, թեկուզև երկիրը ցնցվի, և լեռները գցվեն ծովի մեջտեղը։ Թող գոռան և եռան նրա ջրերը, նրանց ալեկոծությունից թող դողդողան լեռները» (‬‭‭Սաղմոս‬ ‭46.2-3):‬
  • «Մի՛ սարսափեք և մի՛ երկնչեք. չէ՞ որ ես ձեզ վաղուց եմ հայտարարել և ասել այն. դուք եք Իմ վկաները. մի՞թե Ինձնից բացի ուրիշ Աստված կա. չկա վեմ. Ես չգիտեմ» (Եսայիա‬ ‭44․8):
  • «Այն ժանտախտից, որ շրջում է խավարում, այն հարվածից, որ սատկեցնում է կեսօրին։ Հազար հոգի կընկնեն քո կողքին, և տասը հազարը՝ քո աջ կողմում, բայց քեզ ոչ մի հարված չի մոտենա»(‬‭‭Սաղմոս‬ ‭91.5-7):

Տեր Հիսուսը վճարել է քո ազատության գինը․․․ Եվ այդ թանկ վճարի մեջ անկասկած ներառված է նաև վախից ու տագնապներից քո ազատագրման գինը։ Ամեն օր ընթերցի՛ր Աստծո Խոսքը, որպեսզի քո սրտի վախերը իրենց տեղը զիջեն հավատքին՝ Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերի և խոստումների հանդեպ հաղթանակող հավատքին։ Նրա հանդեպ անսասան հավատքն ու Աստծու Խոսքի խոստումների ճշմարիտ լինելու հարցում համոզվածությունը յուրահատուկ համեմունքներ են, որոնք փոխում են մեր սրտի ու ողջ կյանքի համն ու հոտը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: