January-24

Գլխավոր | Հրաշքներ | Ի՞նչ ժառանգություն ես թողնելու քեզնից հետո․․․

Ի՞նչ ժառանգություն ես թողնելու քեզնից հետո․․․

Սիրելի՛ բարեկամ, երբևէ քեզ տվե՞լ ես այս հարցը «Իսկ ի՞նչ եմ ես թողնելու ինձնից հետո: Ի՞նչ ժառանգություն եմ թողնելու իմ երեխաներին, իմ թոռներին և իմ բոլոր սիրելիներին»։

Աստված հատուկ ուշադրություն է դարձնում, որպեսզի Իր զավակները կարևորեն իրենց պարկեշտ, արդար և սրբության ձգտող ապրելակերպը, և Նա հատուկ օրհնություններ է պատրաստել նման մարդկանց համար․ «Արդար է նա, ով ընթանում է իր պարկեշտությամբ. նրանից հետո երանի՜ նրա որդիներին» (Առակաց 20․7):

Իրականում, Աստված հատուկ հետևում է բոլոր մարդկանց գործերին։ Արդարության կյանքով ապրողների զավակներին երանելիության կյանք ապրելու խոստումը խոսում է արդարության կյանք սիրողների հանդեպ Տեր Աստծու առանձնահատուկ վերաբերմունքի մասին։ Սա մի օրհնյալ և արտասովոր ժառանգություն է, որը դու կարող ես թողնել քեզնից հետո։ 

Երբ մարդիկ լսում են ժառանգության մասին, հիմնականում, ունեցվածք, հարստություն և կարողություն են պատկերացնում։ Այնուամենայնիվ, լավագույն ժառանգությունը, որ կարող ես թողնել քեզանից հետո, Աստծու կամքին համահունչ կյանք ապրելու քո ազնվության և արդարության օրինակն է: Դու ո՛չ միայն իրական հավատացյալ մարդու օրինակ կլինես քո երեխաների, քո  ընտանիքի և քո սիրելիների համար, այլև մաս կկազմես գալիք սերունդներին ազնիվ ու անարատ քրիստոնեության սկզբունքների փոխանցման սուրբ գործի։ 

Ցավոք, այսօր մարդիկ քրիստոնեությունը գլխիվայր շուռ են տվել, և շատ հավատացյալներ իրենց դավանած սկզբունքներով գրեթե ոչնչով չեն տարբերվում աշխարհից։ Նրանք խաբում են մարդկանց, երբ դրա խիստ անհրաժեշտությունը կա, խարդախության են դիմում, երբ կարող են դրանով որոշակի ֆինանսական շահ ապահովել, սուտ տեղեկանքներ են ներկայացնում ու ստում իրենց ուզած երկրում ապրելու համար, ձգտում են այս աշխարհի չափանիշներով հաջողվելուն, հարստանալուն, փառքին․․․ և այլն։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ դու արդյոք որոշե՞լ ես ոչ մի բանում փոխզիջման չգնալ չարի կողմից առաջարկվող անիրավ շահի, պիղծ հաճույքի կամ մարդկանց փառքին արժանանալու գործարքների առումով։ Արդյոք որոշե՞լ ես լինել ազնիվ ամեն ինչում և ցանկացած իրավիճակում, ձգտել արդարության և քո սկզբունքներով արտացոլել քո Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի բնույթն ու էությունը։ 

Ես գիտեմ, որ ոչ ոք կատարյալ չէ, և թե՛ ես ու թե՛ դու ունենում ենք սայթաքումներ ու սխալներ։ Սակայն ես խոսում եմ մեր ընդունած սկզբունքների մասին։ Արդյոք մենք ընդունե՞լ ենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի կյանքի սկզբունքները։ Արդյոք դավանո՞ւմ ենք Նրան մեր վարքագծի, որոշումների ու գործերի մեջ, թե՞ պատկանում ենք մարդկանց այն խմբին, որոնց Տերը դիմեց հետևյալ խոսքերով․ «Եվ ինչո՞ւ եք ինձ “Տե՛ր, Տե՛ր” կանչում, բայց չեք անում այն, ինչ ասում եմ» (Ղուկաս 6․46):

Եթե դու որոշել ես մեր Փրկչին ո՛չ միայն Տեր ասել, այլև քո ողջ էությամբ ձգտել ապրել Նրա ակնկալած կյանքով՝ մեղքերից ու անիրավությունից հեռանալով և արդարության գործերին հետևելով, ապա ուզում եմ հստակ իմանաս, որ քո ազնվությունը այնքա՜ն թանկ է Աստծո համար, որ Նա դրան արձագանքում է Իր խոստմամբ և օրհնություններով: 

Այո՛, այն արդարությունը, որն ապրում ու գործում ես այսօր, գուցե քո այս երկրային կյանքում շատ զրկանքների պատճառ դառնա։ Սակայն դրանով դու ո՛չ միայն Երկնքում ես գանձեր դիզելու, այլև այստեղ՝ այս երկրի վրա անգին ժառանգություն ես թողնելու քո զավակների ու թոռների, քո մտերիմների ու սիրելիների համար։ Քո շնորհիվ նրանց ապրած կյանքն Աստված բնութագրում է որպես երանելի կյանք։ 

Եվ վերջում ուզում եմ ասել, որ քո ազնվությունն ու Աստծու կամքի համաձայն ուղիղ կյանքը ոչ միայն օրհնություն են քո շրջապատի մարդկանց համար, այլև փառավորում են Հորը, որ Երկնքում է:

Այո՛, շարունակիր ապրել ուղիղ ու ազնիվ կերպով, ձգտի՛ր արդարության կյանքի և մնա՛ Տեր Աստծուն հավատարիմ՝ անկախ այն գնից, որը կպահանջվի վճարել նման կյանք ապրելու համար։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: