Սիրելի՛ բարեկամ, աշակերտ լինելու սահմանումը հետևյալն է՝ լինել մեկը, ով ուսուցում է ընդունում իր ուսուցչից կամ վարպետից և հետևում նրան։ Իսկ դու ի՞նչ ես կարծում՝ ի՞նչ է նշանակում լինել հավատարիմ աշակերտ։
Աստվածաշունչը, որն ուսուցումների և իմաստության բացարձակ ճշմարիտ աղբյուրն է, ավելին է մեզ սովորեցնում՝ ասելով. «Աշակերտն իր ուսուցչից բարձր չէ, բայց կատարյալ դարձած ամեն ոք իր ուսուցչի պես կլինի» (Ղուկաս 6.40):
Աշակերտ լինելը միայն ուսուցումը լսելն ու այն կիրառելը չէ, այլ ընդունած գիտելիքն այնպիսի նվիրումով գործնականում դրսևորելը, որ արդյունքը լինի Ուսուցչին նմանվելը։
Տեր Հիսուսը կատարելապես մարմնավորում էր այն ամենը, ինչի մասին սովորեցնում էր: Նա Ինքը կրում էր այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են սերը, ներումը, կարեկցանքը, ազնվությունը և այլն։ Նրա այս հատկանիշների դրսևորումներին բավականին հաճախ ենք հանդիպում ավետարաններում։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, թույլ տուր ինձ հարցնել քեզ՝ դու հետզհետե ավելի ու ավելի ե՞ս նմանվում Տեր Հիսուսին, թե՞ ոչ։ Ես ուզում եմ հավատալ, որ դու սովորում ես ապրել Նրա մեջ, և այսօր քաջալերում եմ քեզ՝ շարունակե՛լ դա անելը։ Իմ ներսում զգում եմ, որ դու սիրում ես Տիրոջը և Նրան ավելի խորը ճանաչելու ու Նրա Խոսքը ավելի լավ հասկանալու փափագ ունես քո սրտում (և գուցե հենց այս պատճառով է, որ շարունակում ես հետևել «Քո հրաշքն՝ ամեն օր»-ի գրառումներին):
Ներքին փոխակերպման այս ընթացքը, որի արդյունքում դու նմանվում ես Տեր Հիսուսին, բոլորովին էլ հեշտ ընթացք չէ, բայց չափազանց անհրաժեշտ է յուրաքանչյուր քրիստոնյայի համար։ Զարգացրո՛ւ Տեր Հիսուսի բնավորությունը քո ներսում։ Մի՛ թուլացրու Նրա նման ապրելուն ուղղված ջանքերդ։ Մարդկանց հետ քո հարաբերություններում հավատարմությունը, կարգապահությունը, ջերմությունը, քաղցրությունը, ուղիղ լինելը, կարեկցանքը, սերն ու հոգատարությունը հենց Նրա՛ որակներն են։ Հենց ա՛յս ձգտման արդյունքում է, որ Նրա էությունն արտացոլվելու է այն ամենի մեջ, ինչ անում ես։ Եվ հենց այդ ժամանակ է, որ քեզ շրջապատող միջավայրը Տեր Հիսուսին կտեսնի քո մեջ և կընդունի Նրա փառքի հույսը։ (Տե՛ս Կողոսացիս 1.27 խոսքը):
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը