Novmeber-13

Գլխավոր | Հրաշքներ | Ի՞նչ է մտքի նորոգությունը

Ի՞նչ է մտքի նորոգությունը

Մենք շարունակում ենք «Հանի՛ր հին մարդուն և հագի՛ր նոր մարդուն» անվանումը կրող շարքը, որը հիմնված է Եփեսացիս 4․22-24 հատվածի ուսումնասիրության վրա։

«…հանե՛ք ձեր վրայից հին ընթացքն ունեցող մարդուն, որ ապականված է խաբուսիկ ցանկություններով, և ձեր մտքով ու հոգով նորոգվե՛ք ու նոր մարդո՛ւն հագեք, որ Աստծու պատկերի համաձայն է ստեղծված՝ ճշմարտությամբ և սրբությամբ, որ արդարությունից է» (Եփեսացիս 4․22-24

Սիրելի՛ բարեկամ, երեկ մենք անդրադարձանք հին ընթացք ունեցող մարդուն բնորոշ հատկանիշներից մեկին՝ խաբուսիկ ցանկություններին, որոնք ապականում են մարդու էությունը, և խոսեցինք հին մարդուն հանելու և նորը հագնելու աստվածաշնչյան հորդորի կարևորության ու հրատապության մասին։ Սակայն ինչպե՞ս է դա հնարավոր։ Ի՞նչ քայլեր պետք է մարդը ձեռնարկի, եթե ուզում է հնազանդվել Աստծո Խոսքի այդ հրահանգին։ 

Հին մարդուն քո կյանքի որոշումներից զերծ պահելու և նոր մարդուն հագնելու առաջին քայլը քո մտքի նորոգությունն է։ Պողոս առաքյալը հորդորում է մեզ․ «Մտքով նորոգվե՛ք ու նոր մարդո՛ւն հագեք․․․»։ Նույն Պողոս առաքյալն ավելի մանրամասնորեն է անդրադառնում այս թեմային Հռոմեացիս 12.2 խոսքում․ «Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը» (Հռոմեացիներին 12․2):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մտքի նորոգությունը օգնում է Աստծու կամքը ճանաչելու կարևորագույն հարցում։ Մարդու միտքը նորոգվում է Աստծու Խոսքի օգնությամբ։ Եթե ուզում ես միտքդ նորոգել, ապա ընթերցի՛ր Աստվածաշունչն ու մտորի՛ր Աստծու Խոսքի շուրջ։ Աստծու կամքը բացահայտվում է Իր Խոսքի մեջ։ Թո՛ղ Աստվածաշունչը դառնա քո ամենահարազատ Գիրքը։ Քո միտքը կնորոգվի, եթե փնտրես Աստծու կամքը, ճանաչես այն քո կյանքի տարբեր իրավիճակների մեջ և շարունակաբար քննես այն Աստվածաշնչի օգնությամբ։

Հին ընթացքն ունեցող մարդուն մեր վրայից հանելու առաջին քայլը մեր մտքի նորոգությունն է։ Աստծու կամքը բարի է, հաճելի և կատարյալ։ Այն ճանաչելը քեզ իմաստուն կդարձնի և կօգնի քո կյանքն ապականող խաբուսիկ ցանկությունների դեմ պայքարում, ինչպես նաև կնորոգի քո մտածելակերպը։ Երանելի է այն մարդը, ում միտքը գիշերուզօր Տիրոջ կամքի շուրջ է խորհում։

«Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի համաձայն չի գնում և մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում և ծաղր անողների աթոռի վրա չի նստում, Այլ նրա հաճույքը Տիրոջ օրենքի մեջ է, և ցերեկ ու գիշեր մտածում է Նրա օրենքի մասին։ Նա ջրերի հոսանքի մոտ տնկված ծառի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին, և նրա տերևը թառամելով չի թափվում, և ամեն ինչ, որ անում է, հաջողվում է նրան» (Սաղմոս 1․1-3):

Աղոթում եմ, որ քո կյանքում Աստված ուղարկի առաջին Սաղմոսի օրհնությունները, քանի որ նվիրվել ես Աստծու կամքը ճանաչելու և միտքդ նորոգելու օրհնյալ ընթացքին։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: