September-6

Գլխավոր | Հրաշքներ | Ի՞նչ անել, երբ հուսահատությունը վերադառնում է

Ի՞նչ անել, երբ հուսահատությունը վերադառնում է

Մենք շարունակում ենք «Ազատագրում հուսահատությունից» շարքի ուսումնասիրությունը, որը հիմնված է Սաղմոս 42․5-6 հատվածի վրա:

«Ինչո՞ւ ես տրտմած, ո՛վ իմ անձ և խռովված ես ինձանում։ 

Հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ Նրանից, որ իմ երեսի փրկությունն է։ Ո՛վ իմ Աստված, իմ անձը տրտում է ինձանում, դրա համար էլ հիշում եմ Քեզ Հորդանանի երկրից և Հերմոնից և Փոքր սարից» (Սաղմոս 42․5-6):

Ո՛վ իմ Աստված, իմ անձը տրտում է ինձանում․․․

Սիրելի՛ բարեկամ, կյանքում լինում են պահեր, երբ, առանց որևէ տրամաբանական բացատրության, հուսահատությունը նորից թակում է մեր սրտի դուռը: Ի՞նչ կարող ես անել, երբ կարծում էիր, թե վերջ ես դրել դրան քո կյանքում, իսկ այն վերադառնում է կրկնակի ուժով։

Ես խորապես հավատում եմ, որ այդ պարագայում ամենաարդյունավետ լուծումն այդ մասին Տեր Աստծու հետ կիսվելն է։ Խոսի՛ր Նրա հետ, ինչպես կխոսեիր ամենամոտ ընկերոջդ հետ, և անկեղծորեն պատմի՛ր Նրան քո բոլոր հոգսերի, անհանգստությունների ու վշտերի մասին։

Դավիթը թագավորը, որին Աստվածաշունչը բնութագրում է որպես Աստծու սրտի համաձայն մարդ, հասկանում էր վերը բերված իրողությունները․ «Հեռացե՛ք ինձնից բոլորդ, ո՛վ անօրենություն գործողներ, որովհետև Տերը լսել է իմ լացի ձայնը» (Սաղմոս 6․8): 

Տեր Հիսուսը նույնպես անմասն չմնաց տառապանքների ընթացքից․ «Արթո՛ւն կացեք ու աղոթե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար։ Դարձյալ, երկրորդ անգամ Հիսուսը գնաց, աղոթեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթե հնարավոր չէ՝ այդ բաժակն Ինձանից հեռու անցնի, որ այն չխմեմ, թող Քո կամքը լինի»։ Եկավ և նրանց դարձյալ քնած գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին» (Մատթեոս 26:41-45):

Երբեմն մենք թուլանում ենք մեր ընթացքի մեջ, բայց հենց այդ պահերին պետք է մտածենք Տեր Հիսուսի մասին: Նա անասելի չարչարանքներ ու տառապանք կրեց ինձ և քեզ համար, որպեսզի մենք երբե՛ք չհուսահատվենք:

Այո՛, մենք Նրա հետ աղոթքի գնացած աշակերտներից լավը չենք և երբեմն նրանց նման մենք էլ թմրում ենք, և քնկոտությունը հաղթում է մեզ… Հոգևոր առումով սա  կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ խնդիրներից փախչելը գերադասում ենք դրանց դիմակայելուց:

Սակայն միշտ հիշի՛ր, որ հուսահատությունը ժամանակավոր է, և թույլ մի՛ տուր, որ այն քո մշտական ուղեկիցը դառնա:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված ցանկանում է, որ դու նորից քաջությամբ ոտքի կանգնես, նորից սկսես առաջ գնալ, կյանքը կրկին ընկալես իր ողջ քաղցրությամբ ու գունագեղությամբ։ Որքան էլ մեծ լինեն կյանքիդ տառապանքներն ու կորուստները, հավատա՛, որ Աստված ուզում է մխիթարել ու վերականգնել քեզ։ Արժե՛ այս կյանքն ապրել Նրա հետ և Նրա համար: Աստված լուսավոր ապագա է պատրաստել քեզ համար։ 

«Որովհետև Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ» (Երեմիա 29․11)

Եթե դու հավատում ես Տեր Հիսուս Քրիստոսին և Նրան ընդունել ես քո կյանքի Տեր և Փրկիչ, ապա քո կյանքի ճանապարհներին դու երբե՛ք մենակ չես։ Քո կողքով միշտ Աստված է քայլում, Ով ցանկանում է քեզ լցնել Իր ուժով և զորությամբ, և ոչինչ չի կարող խանգարել քեզ Նրա հետ և Նրա օգնությամբ հաջողվելու հարցում:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: