July-21

Գլխավոր | Հրաշքներ | Ի՞նչն է գողանում քո ներքին զորությունը

Ի՞նչն է գողանում քո ներքին զորությունը

Սիրելի՛ բարեկամ, եթե ճամփորդել ես Հայաստանի հյուսիսային շրջաններով կամ ապրում ես եվրոպական որևէ երկրում, ապա նկատած կլինես, որ որոշ ծառերի վրա ասես կանաչ փնջեր աճած լինեն։ Անգամ երբ աշնանը ծառերը դեղնում են և մոտենում տերևաթափին, այդ փնջերը շարունակում են մնալ կանաչ։ Դրանք շատ գեղեցիկ են, սակայն պետք է իմանալ նաև, որ դրանք մակաբույծ բույսեր են և դանդաղ կերպով սպանում են ծառերին։ Այդ կանաչ փնջերը իրենց արմատները տարածում են ծառերի ճյուղերի մեջ, քաշում դրանցից հյութը, այդպիսով նաև՝ դրանց ողջ էներգիան։ Նման մակաբույծերով հիվանդացած ծառը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի է թուլանում և, ի վերջո, կարող է նաև չորանալ։ 

Մեր կյանքերին նույնպես կարող են այնպիսի մակաբույծներ կպչել, որոնք գողանում են մեր ողջ էներգիան՝ մեր ուժերն ու խանդավառությունը։ 

Օրինակ՝ դա կարող է լինել որևէ ճնշող իրավիճակ, փորձություն, անցյալի որևէ սուգ կամ ցավ, որից չենք կարողանում մխիթարվել ու ազատվել, ներելու հետ կապված խնդիրներ, հիվանդության խորացում, մեղք, վախեր, տագնապներ ու տարբեր անհանգստություններ։ Այս ամենի մեջ Աստված հատուկ խոսք ունի քեզ համար. 

«…հանդարտությամբ և վստահելով կլինի քո զորությունը» (‭‭Եսայիա‬ ‭30․15‬)։ 

Դա հնարավո՛ր է…։ Այո՛, հնարավոր է գերբնական խաղաղությամբ անցնել այդ բոլոր արհավիրքների միջով։ 

Անշո՛ւշտ, կարևոր է հասկանալ, թե ինչպես է հնարավոր դա անել։ Ինչպե՞ս է հնարավոր խաղաղ մնալ, երբ լսում ես, որ լուրջ հիվանդություն ունես։ Ինչպե՞ս կարող ես խաղաղ լինել, երբ չգիտես, թե ինչպես ես հաջորդ շաբաթ կերակրելու երեխաներիդ։ Ինչպե՞ս խաղաղ մնալ, երբ լրջագույն անձնական խնդրի ես բախվել։ 

Միայն Աստված կարող է տալ քեզ այդ անըմբռնելի խաղաղությունը։ Եվ բարի լուրն այն է, որ Նա ցանկանում է դա անել։ 

Ամենակարևոր քայլը բացասական մտքերը մերժելու որոշում կայացնելն է։ Դրա փոխարեն որոշի՛ր ընդունել հավատքդ ամրացնող խոսքեր։ Անշուշտ, դու արդեն իսկ դա անում ես՝ ընթերցելով «Քո հրաշքն ամեն օր»-ի գրառումները, բայց կարող ես նաև Աստծուն փառաբանող երգեր լսել և խորհել ու մտորել Աստվածաշնչում տեղ գտած խոստումների շուրջ։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ինչպիսին էլ լինի քո իրավիճակը՝ այսօր ընդունի՛ր Աստծո գերբնական խաղաղությունը։ Վստահի՛ր Նրան։ Ավելի մոտեցի՛ր Նրան, որպեսզի կարողանաս լսել Նրա մեղմ ձայնը, որը կարող է քեզ հանգստացնել և մխիթարել։ Քո վստահությունը թող Աստված լինի։ Թույլ մի՛ տուր, որ մակաբույծ մտքերը գողանան քո էներգիան, այլ սնվի՛ր Աստծու Խոսքով և ընդունի՛ր Նրա հավատք սնուցող քաջալերանքները։

Այսօրվա ուղերձն ուզում եմ ավարտել՝ հրավիրելով քեզ լսելու մեր եկեղեցու հրատարակած ձայներիզի երգերից մեկը, որը կրում է «Դու իմ ամենն ես» վերնագիրը։ Փորձիր երգել այն և երգի բառերն արտասանել որպես աղոթք։ Ահա երգի հղումը:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: