April-7

Գլխավոր | Հրաշքներ | «Ի՛մ զավակ, Ես այստեղ եմ քեզ համար»

«Ի՛մ զավակ, Ես այստեղ եմ քեզ համար»

«Բարձրացրո՛ւ գլուխդ, ուղղի՛ր հայացքդ դեպի Ինձ և քայլի՛ր Իմ ուղղությամբ, առա՛ջ արի, վազի՛ր, մոտեցի՛ր Ինձ ու ցնծա՛… Ես քո կողքին ու քե՛զ հետ եմ»։ 

Սիրելի՛ բարեկամ, այսօր՝ Ավագ ուրբաթի խորհրդավոր հիշատակման այս խորը իմաստ պարունակող օրվա սկզբին, հրավիրում եմ քեզ ուշադիր լսելու, թե Տերն ինչ է ասում քեզ։ Ես կրկին ամբողջացրել եմ ստորև շարադրված մտքերը՝ հիմք ընդունելով մի քանի աստվածաշնչյան հատվածների փոխանցած ճշմարտությունները, որոնց հղումները կներկայացնեմ այս ուղերձի վերջում։ Աղոթում եմ, որ թույլ տաս Տեր Աստծուն հպվելու քո սրտի ամենանվիրական ու ամենախորը ոլորտներին։ 

«Զավա՛կս, 

Ես քո Աստվածն եմ և քո Հայրը, Ով լսում է քեզ…

Ես ներկա եմ եղել, երբ դու առաջին անգամ շնչեցիր, երբ առաջին ճիչն արձակեցիր և երբ քո թոթովախոս շուրթերով արտասանեցիր առաջին բառը։ Եվ հիմա էլ քո ամեն մի խոսքը բարձրանում է Ինձ մոտ…։ Ես լսում եմ քո յուրաքանչյուր աղոթքը։ 

Ես եմ Տերը, Ով պահում է քեզ…

Ամեն օր, ամեն ժամ, ամեն ակնթարթ Ես քեզ հետ եմ։ Քայլում եմ քո կողքին։ Ես եմ քեզ ուժ տալիս անհնարինն անելու, լեռներ տեղաշարժելու և ամեն օրդ վստահության մեջ ապրելու համար։

Այդ ես եմ՝ Տերը, Ով քո կողքին է…

Երբե՛ք չկարծես, թե մենակ ես, մերժված կամ որբ…։ Ես Նա եմ, Ով Է, և Ես քեզ ՀԵՏ ԵՄ։ Ես քո ԿՈՂՄԻՑ եմ։ Ես քո բարիքն եմ ուզում։ Ես սիրում եմ քեզ անսահման մեծ սիրով։

Ես Իմ ամենաթանկն եմ տվել, որպեսզի քեզ ունենամ Իմ կողքին։ Իմ Որդու չարչարանքներն ու խաչի մահը հենց այն գինն էր, որը վճարվեց քո փրկության ու մեր մտերմության համար։ 

Եվ հիմա բարձրացրո՛ւ գլուխդ, ուղղի՛ր հայացքդ դեպի Ինձ և քայլի՛ր Իմ ուղղությամբ, առա՛ջ արի, վազի՛ր, մոտեցի՛ր Ինձ ու ցնծա՛… Եթե միայն սովորես Ինձ մոտենալու կերպը․․․ Եթե միայն ապրես Իմ Խոսքերից բխող հավատքի կյանքով և հավատաս Իմ սիրուն ու Իմ Որդու զոհին, ապա Իմը կլինես հավիտյան։ Որքա՜ն եմ փափագում քո հավատքի ու հնազանդության արձագանքին։

Ես ուզում եմ, որ դու Իմը լինես, և Ես քո կողքին ու քե՛զ հետ լինեմ հավիտյան»։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ահա աստվածաշնչյան մի քանի հղումներ, որոնց հիման վրա կառուցվել է այսօրվա ուղերձը՝ Ծննդոց 16․13, Ելից 3․14, Սաղմոս 121․5, Մատթևոս 1․23։ 

Օրհնյալ օր եմ մաղթում քեզ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: