Սիրելի՛ բարեկամ, բոլորի նման, վստահ եմ, դու էլ երբեմն կարող ես այսպիսի կասկածներ ունենալ. «Արդյոք Աստված իսկապե՞ս հոգ է տանում իմ մասին… Իսկ գուցե ինչ-որ պահի Նա թողնի ինձ միայնակ… Մի՞թե Նա կրկին ինձ կօգնի, երբ հաջորդ անգամ խնդրի առաջ կանգնեմ․․․ Իսկ ինչո՞ւ իմ սրտանց աղոթքը չպատասխանվեց․․․»։
Այսպիսի և նմանատիպ այլ մտքերի տեղատարափը շատ բնական երևույթ է մարդու համար։ Կասկածի մտքեր ունենալը միանգամայն բնական է և հատուկ է մարդկային բնույթին, ինչպես, օրինակ, կարկուտն է բնական երևույթ և հատուկ է երկրագնդի բնությանը:
Արդյոք Աստված դատապարտո՞ւմ է մեզ կասկածի մտքերի համար: Ուզում եմ հստակ իմանաս, որ՝ ո՛չ։ Քո կասկածները Աստծու համար խնդիր չեն: Դրանք բնական են, և Նա գիտի, որ քո կյանքում նման մտքերն անխուսափելի են։ Դրանք մեր մարդկային բնույթի մի մասն են կազմում։
Անգամ աշակերտները, որ Տեր Հիսուսի հետ էին երեք ու կես տարի, լսում էին Նրան ու սովորում Նրանից, ժամանակ առ ժամանակ լրջագույն կասկածներ էին ունենում:
Օրինակ՝ Պետրոսը, որ բավականին վստահ և ճշմարիտ կերպով հայտարարեց, որ Հիսուսն է Մեսիան՝ կենդանի Աստծու Որդին (Մատթեոս 16․16), այնուամենայնիվ, ավելի վաղ կասկածել էր և դրա պատճառով սկսել էր սուզվել, երբ քայլում էր ջրերի վրայով (Մատթեոս 14․31):
Ահա թե ինչ եմ ուզում, որ հիշես այսօր.
- Քո կասկածները խնդիր չեն Աստծու համար… եթե միայն սովորես դրանք վստահել Նրան:
- Մի՛ պահիր կասկածներդ քո մեջ:
- Պահելով դրանք քո ներսում՝ դու հնարավորություն ես ստեղծում, որ դրանք նորից ու նորից պտտվեն քո մտքում։
- Իսկ երբ կասկածները տալիս ես Աստծուն, դրանք կորցնում են իրենց ազդեցությունն ու քո կամքի վրա ունեցած իշխանությունը։
- Թույլ մի՛ տուր, որ քո կասկածները խոսեն քեզ հետ… Թո՛ւյլ տուր, որ Աստված խոսի:
- Տերը գիտի, թե ինչպես վստահությամբ լցնի քեզ և Իր խաղաղությունը դնի քո սրտում:
Ինձ շատ է դուր գալիս աստվածաշնչյան այս հատվածը․ «Հավիտյան Տիրո՛ջը վստահեք, որովհետև Տեր Աստված հավիտենական վեմ է» (Եսայիա 26․4)։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այլևս թույլ մի՛ տուր, որ քո կասկածները խոսեն քեզ հետ։ Թեև դրանք բնական են, ինչպես կարկուտը, դա չի նշանակում, որ մենք պետք է կարկուտի տակ կանգնած մնանք, քանի որ այն բնական երևույթ է։ Իմաստուն մարդը սովորում է պատսպարվել ու պաշտպանվել այն բոլոր բնական երևույթներից, որոնք կարող են մեզ վնասել։
Այսօր քեզ կոչ եմ անում չկասկածել, այլ վստահել Աստծուն:
Հույսդ Քրիստոսի՛ վրա դիր։ Հենվի՛ր Աստծու հավիտենական Ժայռի վրա: Նա, Ով ամուր է և անսասան, կտա քեզ անհրաժեշտ հանգստությունը, մտքի խաղաղությունն ու հոգեկան հավասարակշռությունը։ Քո կասկածները փախչում են Նրա ներկայությունից:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը