October--6

Գլխավոր | Հրաշքներ | Թույլ մի՛ տուր, որ թանկ պարգևդ գողանան քեզնից…

Թույլ մի՛ տուր, որ թանկ պարգևդ գողանան քեզնից…

Գուցե քո անցյալը քեզ այնքան ցավ է պատճառել, որ այսօր որևէ դրական փոփոխությունն արդեն անհավանակա՞ն է քեզ թվում։ Իսկ գուցե մյո՞ւս ծայրահեղության մեջ ես և այնքա՜ն ես կենտրոնացել ապագայիդ վրա, որ չես կարողանում գնահատել և ապրել այսօրվա քո կյանքը։ 

Սիրելի՛ բարեկամ, այս առավոտ քաջալերում եմ քեզ տեսնել ու գնահատել այն պարգևը, որն Աստված միայն մեկ անգամ է տալիս մեզ․ դա մեր ներկան է՝ այս օրը։

Աստվածաշնչում կարդում ենք ամեն օրվա մանանայի մասին. «Չափում էին օրերով. շատ ունեցողինը չավելացավ, իսկ քիչ ունեցողինը չպակասեց։ Յուրաքանչյուրը հավաքեց իր ուտելու չափ» (‭‭Ելից ‭16․18)։

Այս աշխարհի տրամաբանությունը սովորեցնում է կուտակել այնքան, որքան կարող ես, որպեսզի հետագայում պաշար ունենաս։ Իսկ Աստծու տրամաբանությունը (որն ավելի մեծ, անկեղծ հավատք է պահանջում) ասում է, որ այն, ինչ այժմ ունես, բավարար է։ Անշուշտ, սա չի խոսում ապագայի հանդեպ անտարբերության մասին, այլ մեր ուշադրությունը կենտրոնացնում է ներկայի վրա։ 

Դու կհարցնես՝ իսկ ի՞նչ կապ ունի այս ամենը ժամանակի կառավարման թեմայի հետ։ Փորձեմ պատասխանել։ Եթե մենք հավատում ենք, որ այն, ինչ ունենք այսօր, Աստված է մեզ պարգևել, և կյանքին նայենք այս հավատքի տեսանկյունից, ապա, չանտեսելով վաղվա օրվան նախապատրաստվելը, մենք ազատ կլինենք վաղվա օրվա հոգսերից և կկենտրոնանանք այն ամենի վրա, ինչն այսօր է կարևորություն ներկայացնում։ Նման մոտեցման արդյունքում, եթե վստահ ես, որ Աստված այսօր քո քրտնաջան աշխատանքն օրհնել է և քեզ հաց է պարգևել, ապա համոզված կարող ես լինել, որ վաղն էլ և հետագա օրերին էլ Աստված օրհնելու է քեզ և ապահովելու է հացով քեզ ու քո ընտանիքին։ Սա չի նշանակում, որ նույն վստահությունը կարող են ծույլերն ունենալ և, ոչինչ չանելով, հույսը դնել Աստծու օգնության վրա։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, առաջարկում եմ միասին աղոթել այս աղոթքով. «Սիրելի Հա՛յր, շնորհակալ եմ, որ ինձ տալիս ես այն չափով, որքան ես ի վիճակի եմ ընդունելու, և այն, ինչը տալիս ես, ինձ լիովին բավարար է։ Իմ անցյալի ցավերն ու անհաջողությունները խոչընդոտ չեն Քեզ համար, որպեսզի այսօր ինձ նորովի ողորմես և օրհնես։ Համոզված եմ, որ վաղը նույնպես հավատարմորեն հոգալու ես ինձ համար։ Խնդրում եմ՝ տո՛ւր ինձ իմաստություն գնահատելու և վայելելու այն օրհնությունները, որոնք «այսօր» տալիս ես ինձ։ Աղոթում ու խնդրում եմ Քո սքանչելի ու պատվական անունով։ Ամե՛ն»։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: