
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Զրույց «Քո հրաշքն՝ ամեն օր»-ի ընթերցողի հետ» անվանումը։ Այս շարքի նախորդ ուղերձների մեջ մենք խոսել ենք Տեր Աստծու սիրո, հոգատարության, խնամքի և դժվարության մեջ հայտնված մարդկանց հանդեպ Նրա ունեցած առանձնահատուկ վերաբերմունքի մասին։ Այս ուղերձի մեջ ուզում եմ քո ուշադրությունը կենտրոնացնել Տեր Աստծու այն հրաշքի վրա, որը կոչվում է Եկեղեցի։
Սիրելի՛ բարեկամ, ինչո՞ւ է Եկեղեցին հրաշք և ինչո՞ւ է այն Տեր Աստծու հրաշքը իմ և քո կյանքում։ Այս հարցերի պատասխանը գտնում ենք Աստվածաշնչում, որտեղ երևում է իրական եկեղեցու բնութագիրն ու գործունեությունը և հստակ նշվում, որ Եկեղեցու հեղինակն Աստված է։
«Մոտեցել է ամեն ինչի վերջը, ուրեմն խոհե՛մ մնացեք և արթո՛ւն եղեք աղոթքների համար։ Ամեն ինչից առաջ միմյանց նկատմամբ ջերմ սե՛ր ունեցեք, որովհետև սերը ծածկում է մեղքերի շատությունը։ Միմյանց նկատմամբ հյուրասե՛ր եղեք՝ առանց տրտնջալու։ Յուրաքանչյուր ոք ինչ շնորհ ընդունել է, այն իրա՛ր մատակարարեք որպես Աստծու զանազան շնորհների բարի տնտեսներ» (Ա Պետրոս 4.7-10):
Եկեղեցին ընտանիք է։ Այն պետք է ջերմ սիրո մթնոլորտ ապահովի եկեղեցու անդամի համար։ Եկեղեցին շենքն ու քարերը չեն։ Եկեղեցին մարդիկ են։ Իրական ու ճշմարիտ եկեղեցին Տեր Աստծու գերբնական նվերն է հավատացյալներին։ Այնտեղ մարդը գտնում է քույրեր ու եղբայրներ, որոնցից ամեն մեկն Աստծուց ընդունած իր շնորհներով ծառայում է մյուսներին։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ դու ունե՞ս այնպիսի մի կարիք կամ խնդիր, որը կարող է լրացվել կամ լուծվել որևէ մեկի ծառայության շնորհիվ։ Ուզում եմ հորդորել քեզ, որ փնտրես ու գտնես ճշմարիտ եկեղեցի։ Եվ հույս ունեմ, որ այդ եկեղեցում կգտնես մարդկանց, որ ձգտում են ապրել Աստծու Խոսքի սկզբունքներով և հավատացյալների, որոնք միմյանց նկատմամբ ջերմ սեր ունեն ու միմյանց ծառայում են Աստծուց ընդունած իրենց շնորհներով։
Ցավոք, եկեղեցիներում միշտ եղել են ու կան Քրիստոսի խաչի թշնամիները, որոնք իրենց պահվածքով, գործերով ու վարքագծով ավելի շատ վարկաբեկում են Աստծու Արքայությունն ու պախարակում Քրիստոսի եկեղեցու բարի համբավը։ Նրանցից հեռու մնա՛, և թող գայթակղություն լինողները քեզ չկարողանան հետ պահել ճշմարիտ եկեղեցու մեջ հաստատվելուց։
Երբեմն մենք այնքա՜ն շատ ենք զգում ինչ-որ մեկի քաջալերական խոսքի, հոգատար հայացքի կամ անկեղծ ու սրտանց աղոթքի կարիքը․․․ Թույլ կտա՞ս դառնալ քեզ համար հե՛նց այդ մեկը։ Թույլ կտա՞ս ծառայել քեզ աղոթքով կամ հոգևոր խորհրդատվությամբ։ Եթե այո, ապա խնդրում եմ, որ կապ հաստատես ինձ հետ և գրես քո աղոթքի խնդրանքն ու խորհրդատվության կարիքը։
Իմ մեծագույն փափագն է ու երազանքը, որ մի օր մի մեծ, շատ մեծ դահլիճում հանդիպեմ «Քո հրաշքն՝ ամեն օր» ծառայության ունկնդիրների հետ։ Բայց այժմ կարող ենք միասին կատարել իմ երազանքի իրականացման առաջին քայլը, եթե դու թույլ տաս ծառայել քեզ աղոթքով և քաջալերական խոսքով։ Այո՛, երբեմն մենք այնքա՜ն շատ ենք զգում ինչ-որ մեկի անկեղծ ու սրտանց աղոթքի կարիքը․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:

Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը