January 24

Գլխավոր | Հրաշքներ | Երկնքի բանալին աղոթքն է ?

Երկնքի բանալին աղոթքն է ?

Սիրելի՛ բարեկամ, լինում են ժամանակներ, երբ մեր աղոթքների պատասխանը չի գալիս անմիջապես, սակայն լինում է նաև այնպես, որ դրանք ասես բացում են Երկնքի պատուհանները:

«Հանկարծ երկնքից սաստիկ քամու պես մի ձայն հնչեց և լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին։ Եվ նրանց երևացին բաժանված հրե լեզուներ, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ Բոլորը լցվեցին Սուրբ Հոգով և սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Հոգին» (Գործք Առաքելոց 2:2-4):

Երբևէ եղե՞լ է, որ աղոթես և զգաս, որ հենց այդ պահին ասես Երկինքը բացվում է և դու Աստծո ներկայության մեջ ես։ Հենց դա կատարվեց Պենտեկոստեի օրը Քրիստոսի հետևորդների աղոթքից հետո։ Իմ կյանքում նույնպես մի քանի անգամ հստակ զգացել եմ, թե ինչպես է աղոթքից հետո անմիջապես բացվում Երկինքը և շուրջս լցվում Աստծո աննկարագրելի ներկայությամբ։ 

Նման աղոթքներից հետո Աստծո ներկայությունն ու Սուրբ Հոգու զորությունը փոխակերպում են մարդուն, ինչպես փոխակերպվեցին աշակերտները Վերնատան աղոթքից հետո։ Աղոթքը ճանապարհ է բացում Սուրբ Հոգու համար։ Տեր Հիսուսն աշակերտներին սովորեցնում էր հետևյալը․«Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը» (Գործք Առաքելոց 1.8):

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, Սուրբ Հոգու մկրտությունը և Սուրբ Հոգու լեցունությունը ընտրյալ հավատացյալների կամ հոգևոր դիրք ու հասունություն ունեցող մարդկանց մենաշնորհը չէ։ Աստվածաշունչը նկարագրում է, որ այն նույն պարգևը, որն աշակերտներին տրվեց Պենտեկոստեի տոնին, տրվեց նաև հեթանոսությունից դարձի եկած Կոռնելիոսին և նրա տանը լինող նորադարձներին, տրվեց Եփեսոսի նորադարձներին և այլոց, որոնք հատուկ դասակարգի ներկայացուցիչներ չէին։ 

Այս պարգևը նաև քեզ համար է, և ես հրավիրում եմ քեզ քննել սիրտդ ու բացել այն Սուրբ Հոգու առջև։ Եթե խնդրես, ապա կստանաս։ Իրականում, ես իմ ամբողջ սրտով հավատում եմ, որ Աստծո յուրաքանչյուր զավակ հենց ապաշխարության պահին ստանում է Սուրբ Հոգին: Սուրբ Հոգին արդեն ապրում էր քո մեջ հենց այն պահից, երբ Քրիստոսը դարձավ քո կյանքի Տերն ու Փրկիչը: Հովհաննես 20։22 խոսքում կարդում ենք․ «Այս ասելուց հետո նրանց վրա փչեց ու ասաց. «Առե՛ք Սուրբ Հոգին»:

Սակայն Սուրբ Հոգու հետ հարաբերության առումով կա ավելին։ Փափագիր Աստծո ներկայությանը քո կյանքում։ Մի՛ խոսիր խոսքեր և մի՛ գործիր գործեր, որոնք կտրտմեցնեն Աստծո Հոգուն։ Ձգտիր ապրել Աստծո պատվիրանների ու կամքի համեմատ և աղոթի՛ր․․․ Աղոթի՛ր Հոգով լցվելու ակնկալիքով և կտեսնե՛ս, թե ինչպես է բացվում Երկինքը և ներսդ լցվում մի աննկարագրելի զորությունով ու քաջությունով, Տիրոջը ծառայելու և սրբության կյանք ապրելու փափագով․․․ Կտեսնես քո կյանքի փոխակերպումը։ Եվ այդ ամենը Սուրբ Հոգու լեցունության շնորհիվ։ Այս պարգևը քե՛զ համար է։ Իսկ Երկինքը քո կյանքի համար բացելու բանալին անկեղծ սրտի աղոթքն է, որը հաստատվում է Աստծո կամքին հնազանդ կյանքով։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: