May-9 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Երբ մերժում ես հավատքից բխած ապաշխարությունը

Երբ մերժում ես հավատքից բխած ապաշխարությունը

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Դասեր Դանիելի մարգարեությունից» անվանումը։ Այսօր անդրադառնալու ենք մի պատմության, որը վերաբերում է հե՛նց Նաբուգուդոնոսոր թագավորին ու Տեր Աստծու առաջ նրա խոնարհվելուն։ 

Սիրելի՛ բարեկամ, գիտե՞ս արդյոք, որ Աստված կարող է յուրահատուկ մոտեցում ունենալ այն մարդկանց, որոնք ունեն հավատք, սակայն մերժում են ապաշխարությունն ու հրաժարվում են իրենց հնազանդությամբ խոնարհվել Տեր Աստծու գերիշխանության առաջ։ Այդ յուրահատուկ մոտեցումը կարող է բավականին ցավոտ ու դժվարին լինել, սակայն պտուղը, սովորաբար, ապաշխարությունն է, որը Տերն ակնկալում է տեսնել մարդու մեջ։ 

Մեր նախորդ ուղերձի ժամանակ անդրադարձանք կրակե հնոցից Դանիելի երեք ընկերների գերբնական փրկությանը։ Այս հրաշքին ականատես եղած թագավորը հետևյալ խոսքերն էր ասել․ «Օրհնյալ է Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի Աստվածը, որ ուղարկեց Իր հրեշտակին և ազատեց Իր ծառաներին, որոնք, Նրան ապավինելով, թագավորի խոսքն անարգեցին. իրենց մարմինները տվեցին, որպեսզի չպաշտեն ու չերկրպագեն ոչ մի աստծու, բացի իրենց Աստծուց։ Արդ հրամայում եմ, որ ամեն ժողովուրդ, ազգ և լեզու, որ սխալ բան կասի Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի Աստծու դեմ, նրա մարմնի անդամները պիտի հոշոտվեն, և նրա տունը աղբակույտ պիտի դառնա, որովհետև չկա մի ուրիշ Աստված, որ կկարողանա այսպես ազատել» (Դանիել 3.28-29):

Սակայն հիացմունքն ու հրաշքներին ականատես լինելը միշտ չէ, որ մարդուն մղում են ապաշխարության։ Շատերն են համոզվում Տեր Աստծու՝ իրական ու զորավոր լինելու հարցում, սակայն մարդկային հպարտությունը թույլ չի տալիս, որ մարդը խոնարհվի Աստծու առաջ և ապրի Նրա կամքին հնազանդ կյանքով։ Երբ մարդը մերժում է հավատքից բխող ապաշխարությունը, Աստված փորձում է նրան ապաշխարության տանել Իր գերբնական միջամտությամբ։ 

Նաբուգոդոնոսորը երազ է տեսնում, որը միայն Դանիելն է կարողանում մեկնել։ Սակայն երազն այնքան էլ լավ լուր չէր պարունակում թագավորի համար։ 

«Սա է մեկնությունը, ո՛վ թագավոր, և ահա Ամենաբարձրյալի վճիռը, որ հասել է իմ տեր թագավորին։ Եվ քեզ արտաքսելու են մարդկանց միջից, և դաշտի գազանների հետ պիտի լինի քո բնակությունը, և արջառների պես քեզ խոտ են ուտեցնելու, թրջվելու ես երկնքի ցողով, և յոթ ժամանակ է անցնելու քո վրայով, մինչև որ իմանաս, որ Ամենաբարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա և այն տալիս է նրան, ում որ ուզում է» (Դանիել 4․24-25):

Երազն իրականացավ հենց այնպես, ինչպես մեկնել էր Դանիելը։ Աստված վերցրեց Նաբուգոդոնոսորի բանականությունը, և նա անբան կենդանու նման ապրեց յոթը տարի, մինչև հասկացավ բարձրյալ Աստծու գերիշխանությունը և ամենակարողությունը։ Ահա թե ինչ է նա ասում այս ամենը հասկանալուց հետո։ 

«Արդ ես՝ Նաբուգոդոնոսորս, գովաբանում, մեծարում և փառաբանում եմ երկնքի Թագավորին, որովհետև Նրա բոլոր արարքները ճշմարիտ են, և Նրա ճանապարհներն արդար են, և որը կարողանում է նսեմացնել հոխորտանքով ընթացողներին» (Դանիել 4․37):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ի՞նչ դաս է պարունակում այս պատմությունը։ Աստված ապաշխարող ու խոնարհ սիրտ է ակնկալում յուրաքանչյուր մարդուց։ Երբ մարդը տեսնում է իր սխալը կամ մեղքը և հավատում, որ Աստված ուզում է նրան փոխել, ապա պետք է անմիջապես ապաշխարի, այլապես Աստված Իր խրատի աշխատանքը կարող է սկսել, որպեսզի Իրեն հավատացող մարդը չկորչի՝ մերժելով ապաշխարությունը։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: