August-13 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Երբ հանձնվելը մեծագույն հաղթանակ է

Երբ հանձնվելը մեծագույն հաղթանակ է

Հանձնվել… Այս բառը հաճախ ունի բացասական երանգ՝ պարտվել, լինել լքված, հրաժարվել պայքարելուց: Այս բառն իր մեջ, ի սկզբանե,  չունի թեթևության, խաղաղության կամ ուրախության իմաստը։ Սակայն կա նաև այս ամենի հակառակ կողմը։ Մենք կարող ենք հայտնվել ծանրագույն մի իրավիճակում, քանի որ սխալ պայքար ենք մղել մինչ այդ:

Սիրելի՛ բարեկամ, մեր կյանքի փակուղին կարող է պայմանավորված լինել նրանով, որ մենք մեր ողջ ներուժը, եռանդն ու ուշադրությունը կենտրոնացրած ենք եղել սխալ ռազմադաշտի վրա։ Մենք ոգևորված ծրագրեր ենք մշակել, զարգացրել ռազմավարություններ, որպեսզի այդ պայքարի միջից դուրս գանք հաղթանակած, սակայն, փոխարենը, ինքներս մեզ մեր իսկ ձեռքով գցել ենք մեկ այլ փակուղու մեջ և բախվել այնպիսի խոչընդոտների, որոնց հաղթահարումը շատ ավելի բարդ է, քան նախկինում էր։

Շատերն են այսօր իրենց կյանքի պայքարների մեջ պատերազմում սեփական պատկերացումներով, ալյ ոչ թե Աստծուց ստացած իմաստությամբ՝ ապավինելով  Աստծո Խոսքի փոխանցած սկզբունքներին և Սուրբ Հոգու առաջնորդությանը։ Եվ հենց նման պահերին է, որ շատերս հարցնում ենք Աստծուն. «Ինչո՞ւ, Տե՛ր: Չէ՞ որ Դու բոլորից լավ գիտես, որ ես տվյալ բանի կարիքը շա՜տ եմ զգում: Ինչո՞ւ ես անտարբեր իմ կյանքի խնդիրների հանդեպ։ Ինչո՞ւ իմ կյանքում չես բացում այն դռները, որոնք բացելը Քեզ համար մեծ դժվարություն չի ներկայացնում․․․»։

Աստված ամենագետ է՝ Նա ամեն բան գիտի։ Նա գիտի նաև, թե ի՛նչն է մեզ հասցրել փակուղի և որո՛նք են մեր ճանապարհի խոչընդոտները։
Աստված ամենակարող է՝ Նա կարող է անել ցանկացած բան։ Նա կարող է գործել մեր կյանքում և գերբնական կերպով միջամտել մեր կյանքի իրավիճակներին։ Սակայն այն նույն Աստված, Ով գիտի ամեն բան և կարող է անել ամեն ինչ, նաև սիրում է քեզ ամեն բանից առավել: Եվ այդ անըմբռնելի սիրո մեջ Նա գիտի, թե ինչո՛ւ է թույլ տալիս, որ այդ «դռները» փակ մնան որոշակի ժամանակ։

Աստվածաշունչում հետևյալ խոսքերին ենք հանդիպում․ «Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։ Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր Նրան, և Նա կուղղի քո ճանապարհները» (Առակաց 3․5-6

Մեր հանձնվելը կարող է Աստծո կամքի մեջ լինել և Նրան հաճելի ու Նրա սիրտը ուրախացնող որոշում դառնալ, եթե այդ հանձնվելու ընթացքում մենք դադարենք պայքարել մեր սեփական ծրագրերը առաջ մղելու և իրականացնելու համար ու, փոխարենը, մեզ, մեր ընթացը, մեր ծրագրերն ու երազանքները վստահենք մեր Տիրոջն ու Ամենակարող Աստծուն: Սա հենց այն հանձնվելն է, որին սպասում է Աստված։ Մենք պետք է դադարենք պայքարելուց և հարցնենք․ «Տե՛ր, ի՞նչ ես փորձում ինձ սովորեցնել կյանքի այս իրավիճակների միջոցով։ Ինչպիսի՞ որակներ ես ուզում իմ մեջ զարգացնել։ Իմ բնավորության ո՞ր գծերն ես ուզում փոխել։ Ո՞ր սովորություններից ես ուզում ինձ ազատագրել։ Ինչպե՞ս ես ուզում ինձ օգտագործել Քո Արքայության տարածման համար»:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, գուցե քո կյանքում հայտնվել ես մի իրավիճակի մեջ, որ պարզապես պետք է զենքերդ վայր դնես ու հանձնվես Տեր Հիսուսին՝ որոշում կայացնես հնազանդեցնելու քո կամքը Նրա կամքին։

Եթե զգում ես, որ Սուրբ Հոգին այս գրառման միջոցով խոսում է քո սրտին, և այս տողերը հենց քեզ էին վերաբերում, ապա քեզ հրավիրում եմ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, ես իմ ամբողջ սրտով խնդրում եմ, որպեսզի իմ կյանքում Քո կամքը կատարվի, այլ ոչ թե իմը: Ես Քո կամքն եմ ուզում, քանի որ Քո կամքը իմ կյանքի համար Քո կատարյալ ծրագրի իրականացմանն է տանում: Ես խնդրում եմ Քեզ, որ լցնես իմ սիրտը Քո կամքի գիտությամբ։ Թող Քո ցանկությունները դառնան իմ ցանկությունները, Քո փափագները՝ իմ փափագները, Քո երազանքները՝ իմ երազանքները: Խնդրում եմ՝ օգնիր ինձ, Տե՛ր, դադարել իմ սրտի ցանկություններն իրականացնելու համար պատերազմելուց։

Օգնի՛ր ինձ ապրել լիարժեք կերպով, Քեզ վստահել իմ կյանքը և վստահ լինել, որ իմ կյանքում ամեն բան իրականանալու է ըստ Քո աստվածային ծրագրի, եթե ես լինեմ Քո հավատարիմ աշակերտը։ Եվ միակ բանը, որի համար պետք է անհանգստանամ, այն է, որ հավատարմորեն անեմ այն, ինչ Դո՛ւ ես ինձ ասում, որ պետք է անել։ Մնացած ամեն բան դու կհոգաս և կիրագործես։ Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: