Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ քո ուշադրությունը կենտրոնացնել Տեր Հիսուսի մի յուրահատուկ հատկանիշի վրա։ Աստվածաշնչում Տեր Հիսուսի մասին գրված է, որ Նա «հոգով խռովվեց, հուզվեց և արտասվեց» (Հովհաննես 11․33,35)։
Հիշո՞ւմ ես պատմությունը։ Տերը շատ ջերմ մտերմություն ուներ Ղազարոսի, նրա երկու քույրերի՝ Մարթայի ու Մարիամի հետ։ Նա հաճախ էր գնում Բեթանիա նրանց տանը հյուրընկալվելու։ Ես պատկերացնում եմ, թե որքա՜ն երջանիկ էին վերջիններս, երբ հյուրընկալում էին Տեր Հիսուսին, ճաշում Նրա հետ միասին և զրուցում տարբեր թեմաներով…
Սակայն նրանց դժբախտություն էր պատահել։ Ղազարոսը հիվանդացել էր ու, դժբախտաբար, մահացել։ Տեր Հիսուսը տեղեկանում է այդ մասին, գալիս է Բեթանիա և, տեսնելով Մարթայի և Մարիամի վիշտը, Ինքն էլ հոգով խռովվում է, հուզվում և արտասվում (տե՛ս Հովհաննես 11․1-44 հատվածում նկարագրված պատմությունը)։
Այս պատմությունը մեզ բացահայտում է Տեր Հիսուսի կարեկցանքով լի սիրտը։ Նա ցավում է քեզ համար և տառապում քեզ հետ միասին, երբ անցնում ես կյանքի դժվարին ժամանակներով։
- Երբ քեզ ցավեցնում ու վիրավորում են, Նա ցավ է ապրում և տառապում է քեզ հետ միասին։
- Երբ դու տխուր ես և տրտմած, Նա կիսում է քո տրտմությունն ու զգում քո տխրությունը։
- Երբ դու հուզված ես և արտասվում ես, Նա արտասվում է քեզ հետ միասին։
Տեր Հիսուսը զգայուն է, սիրող և կարեկից։ Նա տեսնում է և զգում Իր մտերիմների ցավը… Նա չի փոխվել։ Նրա կարեկցանքը՝ նույնպես։ Նա նույնն է անկախ ժամանակաշրջանից և քո կյանքի իրավիճակներից։ Մի՛ կարծիր, թե Նա հեռու է քեզնից և չի միջամտի քո իրավիճակին։ Ընդամենը մեկ բանի համար մտահոգվիր՝ Նրա հետ մտերմանալու։
Իսկ Նրա հետ մտերմանալու պայմանը Տեր Հիսուսը մեզնից երբե՛ք չի թաքցրել։ Նա յուրաքանչյուրի համար բաց է թողել դեպի Իր հետ մտերմության տանող դուռը։ Ընդամենը պետք է լսել ու հասկանալ Նրա հետևյալ խոսքերը․ «Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես պատվիրում եմ ձեզ» (Հովհաննես 15․14):
Այո՛, Նա Ամենակարող Աստված է և շռայլ՝ ողորմության ու քո հանդեպ սիրո հարցում։ Մտերմացի՛ր Տեր Հիսուսի հետ և հիշի՛ր, որ…
- Նրա կարեկցանքը չունի սահմաններ, և Նա անում է այն, ինչը քեզ համար ամենաբարին է,
- Նրա հայացքը մշտապես ուղղված է դեպի քեզ, և Նա սպասում է, որ դու էլ դեպի Իրեն կշրջվես,
- Նա գիտի քո ցավը, տեղյակ է քո տառապանքին և ուզում է օգնել քեզ քո կյանքի դժվարությունները հաղթահարելու հարցում։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Աստծուն ցավեցնում է քո կյանքի տառապանքը։ Նրան հուզում են քո արցունքները, և Նա քո կողքին է քեզ օգնելու համար։
Այսօր հաստատ որոշում կայացրո՛ւ Նրա հետ մտերմանալու և Նրա բարեկամը դառնալու վերաբերյալ։ Խորհի՛ր Նրա հետ բարեկամանալու պայմանի շուրջ։ Փոխի՛ր կյանքիդ առաջնահերթությունները, նվիրվի՛ր Տեր Հիսուսի խոսքերին հնազանդ կյանք ապրելուն և ընդունի՛ր այն սերը, շնորհն ու ապահովությունը, որը Տերն է պատրաստել քեզ համար։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը