December-31

Գլխավոր | Հրաշքներ | Երբ Աստված ասում է, որ մնանք հանդարտ և Նրան վստահենք․․․ ✋

Երբ Աստված ասում է, որ մնանք հանդարտ և Նրան վստահենք․․․ ✋

Սիրելի՛ բարեկամ, այսօր այս տարվա վերջին օրն է և, ամենայն հավանականությամբ, ոչ միայն վերջին օրը, այլև ամենազբաղված օրը։ Բոլորը զբաղված են ամանորյա նախապատրաստություններով և երեկոյան տոնական հյուրասիրությանն ու այցելություններին պատրաստվելով։ Ժամեր անց մենք մուտք ենք գործելու 2023 թվական։ Սովորաբար, նոր տարվա սկիզբը շատերի համար լավագույն ժամանակն է նոր որոշումներ կայացնելու համար։ 

Մարդիկ ոգևորված որոշում են փոխել իրենց կյանքը, սկսել ապրել առողջ ապրելակերպով կամ նոր հոգևոր ընթացք ունենալ․․․ Սակայն մի քանի շաբաթ անց մենք մոռանում են այդ որոշումների մասին… Ինչո՞ւ։ Քանի որ որոշումները պահելու համար մեզնից պահանջվում է ամենօրյա կարգապահություն և ամուր նվիրում։ Մարդը պետք է բավականաչափ ամուր լինի, որպեսզի հաստատակամորեն առաջ գնա իր առջև դրած նպատակներն իրականություն դարձնելու ընթացքի մեջ: 

Ես շատերին եմ հոգևոր խորհրդատվություն մատուցում։ Եվ հաճախ եմ տեսնում, թե ինչպես են մարդիկ ոգևորվում՝ իրենց կյանքում ճիշտ որոշումների հնարավոր հետևանքները պատկերացնելով։ Սակայն երբ այդ ոգևորությանը չի հաջորդում ամենօրյա կարգապահ աշխատանքը, ամուր նվիրումը և որոշումն իրականացնելու ճանապարհին ծագած խոչընդոտները հաղթահարելու վճռականությունը, ցավոք, նման մարդկանց կյանքն այդպես էլ մնում է ճահճացած վիճակում և ոչ մի բան չի փոխվում նրանց ընթացքի մեջ։ 

Տեր Աստծու հետ մարդու ընթացքը ավելի շատ նման է մարաթոնյան վազքի՝ հանդարտ, հավասարակշռված և երկար ու դժվարին ընթացքին տրամադրվածության առկայությամբ։ Տերը Ինքն է մեզ հորդորում հետևյալը․ «Հանդա՛րտ մնացեք և ճանաչե՛ք, որ Ես եմ Աստվածը. Ես եմ իշխում ազգերի վրա. Ես եմ տիրում երկրի վրա» (Սաղմոս 46․10

Երբ Աստված իր Խոսքում ասում է ՀԱՆԴԱ՛ՐՏ ՄՆԱ,  նշանակում է, որ մենք պետք է սովորենք վստահել Նրան մեր դժվարին ընթացքի և ծանր իրավիճակների մեջ։ Եվ որպեսզի վստահենք Աստծուն, մենք նախ պետք է ճանաչենք Նրան։ Տերն ուզում է, որ մենք կյանքի ճգնաժամային պահերին մեր հայացքը կենտրոնացնենք Իր վրա՝ վստահելի և ամենակարող Աստծու վրա։ 

Անշուշտ, Աստված կարող էր ողջ տիեզերքն արարել մեկ օրում, սակայն արեց դա հերթականությամբ՝ հատուկ և մտածված քայլերով: Այս ամենով Նա ասես ուղեցույց է մեզ փոխանցում։ Ոգևորությունը լավ բան է, սակայն այն չի ապահովում հարատևություն։ Հարատևությունը բխում է նվիրումից և կարգապահությունից։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մենք լավագույն ծրագիր ենք առաջարկում քեզ եկող տարվա համար, որը լավ միջոց կարող է դառնալ քո կյանքի կարգապահությունն ու հավատարմությունը բարձրացնելու համար։ Հուսով եմ՝ տեղյակ ես, որ մենք 2023 թվականը հայտարարել ենք Աստվածաշունչ ընթերցելու տարի։ Աստծո Խոսքի ընթերցումը կզորացնի քո հավատքը, կբացահայտի Տեր Աստծու բնույթն ու էությունը և կմղի քեզ ավելի ու ավելի վստահելու Նրան քո կյանքի դժվարին իրավիճակների մեջ։ 

Քեզ նոր ու լավագույն սկիզբ է սպասվում, եթե որոշում կայացնես ամեն օր քո հոգևոր սնունդն ընդունել Աստվածաշնչի կենդանի և սրտիդ հետ խոսող էջերից։ Միացի՛ր մեր նախաձեռնությանը և կտեսնե՛ս, թե ինչպես են քո կյանք այցելում խաղաղվելու և Աստծուն վստահելու ժամանակները։

Ե՛կ աղոթենք միասին այս աղոթով․ «Հա՛յր, աղոթում եմ, որ օգնես ինձ, որպեսզի իմ կյանքում զարգացնեմ ամեն օր Քո Խոսքի հոգևոր սնունդն ընդունելու օրհնյալ սովորությունը։ Ես ուզում եմ ճանաչել Քեզ նորովի, հասկանալ Քո պատվիրաններն ու տեղյակ լինել Քո կամքին։ Ես ուզում եմ իմ յուրաքանչյուր նոր որոշումից առաջ խաղաղվել, դադար առնել և լսել Քո ձայնն ու ուղղորդումը։ Ես ուզում եմ իմ կյանքը մի հարատև երկրպագություն լինի Քո սուրբ ու պատվական անվանը։ Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։ 

Եվ վերջում, ուզում եմ ասել, որ հույս ունեմ՝ 2022 թվականի ընթացքում ականատես ես եղել Տեր Աստծու զորավոր գործերին քո կյանքում։ Գուցե ճանաչել ես ու մոտեցել Նրան հե՛նց «Քո հրաշքն ամեն օր» ծառայության շնորհիվ: Անձամբ ես անչափ շնորհակալ եմ Տիրոջից, որ կարողացել եմ ծառայել քեզ այս ուղերձներով և հուսով եմ, որ մեր համատեղ ընթացքը շարունակական կլինի նաև հաջորդ տարվա մեջ: Եվ որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան ստանալ «Քո հրաշքն ամեն օր» ուղերձները, ես քեզ կոչ եմ անում հրավիրել քո մտերիմներին միանալու մեր ֆեյսբուքյան էջին, բաժանորդագրվելու յութուբյան ալիքին կամ միանալու այն խմբերին, որոնց միջոցով ստանում ես մեր ուղերձները։ Շնորհակալ եմ քո աջակցության համար և հատուկ աղոթում եմ, որ 2023 թվականը քեզ համար լինի հոգևոր հաղթանակների, իսկ մեր երկրի համար Տեր Աստծու բարեհաճությանն արժանանալու տարի։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: