April-6

Գլխավոր | Հրաշքներ | «Ես կամովին ընտրեցի խաչը, որովհետև սիրում եմ քեզ․․․»

«Ես կամովին ընտրեցի խաչը, որովհետև սիրում եմ քեզ․․․»

Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ քեզ հետ կիսվել Տեր Հիսուս Քրիստոսի խաչի զոհի շուրջ իմ մտորումներով։ Սակայն կարծում եմ, որ մեր երկրային կարողություններով սահմանափակված միտքը անկարող է մինչև վերջ ընկալել տիեզերքի այս մեծագույն զոհի ողջ խորությունն ու անսահման մեծությունը։

«Թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծու բնությունն ունենալով՝ Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ Ինքն Իրեն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես հայտնվելով՝ Ինքն Իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահ» (Փիլիպպեցիներին 2.5-8):

Աստվածաշունչը հաստատում է, որ Աստված հայտնվեց մարմնով, որպեսզի օգնի մեղքի ճահճի մեջ տառապող մարդկությանը։ Հիսուս Քրիստոսի խաչելության իմաստը հնարավորինս խորը կերպով հասկանալու առաջին քայլը Նրա Ով լինելը հասկանալն է։

«Աստվածապաշտության խորհուրդը հայտնապես մեծ է. Աստված մարմնով հայտնվեց, Հոգով արդարացավ, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատով ընդունվեց աշխարհում ու փառքով համբարձվեց» (Ա Տիմոթեոսին 3.16):


Մարդու մտքի համար դժվար է ընկալել, թե ինչպես է հնարավոր, որ Աստված մարմնով աշխարհ գա։ Սակայն հավատքը հենց ա՛յն միջոցն է, որը մեր սրտում համոզմունք է առաջացնում, քանի որ վստահում է Աստծու ճշմարիտ ու անսխալական Խոսքին՝ Աստվածաշնչին։

«Եթե հիմա ապրում եմ մարմնով, ապրում եմ Աստծու Որդու հավատով, որ ինձ սիրեց ու Ինքն Իրեն ինձ համար զոհեց» (Գաղատացիս 2․20):


Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսի խաչի զոհի հիմքում Նրա սերն էր իմ և քո հանդեպ։ Նա Իր վրա կրեց մեր մեղքերի պատիժը, որպեսզի ամեն հավատացողի կյանքում մեղքն այլևս իշխանություն չունենա։ Նա վճարեց մեր պարտքը՝ Իր կյանքը զոհելով հանուն նրա, որ մեզ մեղքերի ներման հնարավորություն շնորհի։ Սերն էր Նրա շարժառիթը։ Տիեզերքի մեծագույն սիրո խորհրդանիշը ոչ թե սրտիկն է, այլ՝ խաչը։

«Նա մեր մեղքերն Իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով՝ արդարության համար ապրենք. դուք Նրա վերքերով բժշկվեցիք» (Ա Պետրոս 2.24):

Եվ վերջում ուզում եմ խոսել խաչի զոհի հանդեպ իմ և քո երախտագիտության դրսևորման մասին։ Եթե մենք հավատում ենք Տեր Հիսուս Քրիստոսին․․․, եթե գնահատում ենք Նրա անսահման մեծ սերը մեր հանդեպ․․․, եթե շնորհակալ ենք ու երախտապարտ մեզ մեղքերի թողություն, ներում և փրկություն պարգևած այդ մեծ զոհի համար, ապա պետք է հասկանանք, որ Նա մեր մեղքերը Իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մենք մեղքերից հեռանալով՝ արդարության համար ապրենք։

Մեր սերն ու շնորհակալությունը Տեր Հիսուսի հանդեպ ունի միայն մեկ դրսևորում՝ հնազանդության կյանք Նրա ուսուցանած սկզբունքներին ու փոխանցած պատվիրաններին․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: