June-29

Գլխավոր | Հրաշքներ | Եղի՛ր համարձակ քո կոչմանն արձագանքելու հարցում

Եղի՛ր համարձակ քո կոչմանն արձագանքելու հարցում

Սիրելի՛ բարեկամ, այսօր մենք ավարտում ենք «համարձակության» թեմայով ուղերձների մեր շարքը։

  • Համարձակություն ունեցի՛ր դառնալու այնպիսին, ինչպիսին Աստված է փափագում տեսնել քեզ։
  • Համարձակություն ունեցի՛ր մուտք գործելու Աստծո կանչի՝ Նրա աստվածային կամքին հնազանդ և կատարյալ ծրագրին համահունչ նվիրման ու ծառայության կյանքի մեջ։
  • Բաց թո՛ղ այն ամենն, ինչը քեզ թույլ չի տալիս կամ հետ է պահում Աստծո կամքի մեջ առաջ ընթանալուց և Տեր Հիսուսի Քրիստոսի մեջ արդյունավետ ու պտղաբեր կյանք ունենալուց։

Ես հաճախ եմ նամակներ ստանում մեր ամենօրյա ունկնդիրներից, որտեղ նրանք պատմում են, որ Աստված գերբնական կերպով օգտագործում է «Քո հրաշքն ամեն օր» ծառայությունը Իր զավակներին քաջալերելու և խոսք փոխանցելու համար։ Ամենաշատը մարդիկ ինձ գրում են, որ տվյալ օրվա խոսքը ճիշտ իրենց համար էր և իրենց այդ օրվա իրավիճակին համապատասխան։ 

Ամեն օր Աստված այս ծառայության միջոցով քաջալերում ու ուղղորդում է Իր զավակներին։ Տերը նաև ինձ է քաջալերում մեր ունկնդիրների նմանատիպ վկայություններով։ Ոմանք գրում են, որ որոշել են փոխել իրենց կյանքը։ Ոմանք հետ են կանգնում ինքնասպանության մտքերից և փոխարենը որոշում մեռնել այս աշխարհի համար և ապրել Քրիստոսի համար որպես Նրա հնազանդ աշակերտներ։ Ոմանք որոշում են համբերությամբ կրել իրենց ընտանեկան դժվարությունները և իրենց ուրախությունը Տիրոջ մեջ որոնել։ Ոմանք հասկանում են այն ճշմարտությունները, որոնց մասին սխալ պատկերացումներ են ունեցել նախկինում և դառնում են Աստվածաշնչով ապրող քրիստոնյաներ։ Եվ կյանքի փոխակերպման այլ նմանատիպ վկայություններ․․․

Այս ամենը զորավոր կերպով քաջալերում է ինձ ու հաստատում, որ ես այժմ գտել եմ իմ կյանքի կանչվածությունը և ծառայում եմ Աստծո կամքի մեջ։ Իհարկե, դեռ շատ բան ունեմ կատարելագործվելու համար, և իմ ծառայությունն անթերի չէ։ Բայց ես խոսում եմ ոլորտի ու կանչվածության մասին, ոչ թե արդյունավետության ու ազդեցության մակարդակի։ 

Դու նույնպես կարող ես գտնել քո կանչվածությունը։ Երբեմն մեզ թվում է, թե Նրա աստվածային կանչը լսելն ու Տիրոջ կամքը կատարելը․․․

  • Բեմի վրա երգելն է, 
  • Տեր Հիսուսի մասին Բարի Լուրը փողոցում կիսվելն է,
  • Եկեղեցում մյուսներին ուսուցանելն ու քարոզելն է…

Թվարկվածներն, իհարկե, հրաշալի են, սակայն շատերս սխալմամբ հավատում ենք, որ դրանք կանչվածության միակ ճանապարհներն են, քանի որ այդ ծառայությունները տեսանելի են ու ակնհայտ։ Այնինչ, «կանչվածությունը» պարտադիր չէ, որ լինի մյուսների համար «տեսանելի» կամ «բացահայտ» պտուղներ տվող։

Աստծո կանչին պատասխանելու համար նախ պետք է կարողանալ տեսնել ու հասկանալ, թե ինչ է Աստված պահանջում քեզնից որպես քո սիրո և հնազանդության դրսևորում․ «Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Եթե մեկն ինձ սիրում է, իմ խոսքը կպահի։ Եվ իմ Հայրը կսիրի նրան, և նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ» (Հովհաննես 14․23

Աստծո կանչին պատասխանելը պարզապես անելն է այն, ինչն Աստված է դնում քո սրտում այնտեղ, որտեղ դու գտնվում ես հիմա, և այն մարդկանց հանդեպ, ում հետ առնչություն ունես ներկայում։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես շնորհակալ եմ Աստծուց, որ գուցե մենք իրար չենք ճանաչում, բայց Աստված ինձ արտոնել է ծառայել քեզ այս ուղերձների միջոցով, և դու այն մարդն ես, ում հետ ես առնչություն եմ ունենում ամեն առավոտ։ Ես սիրով եմ անում այս ծառայությունը, և իմ աղոթքներն ու քաջալերանքները բխում են քո հանդեպ ունեցած իմ եղբայրական սիրուց, որովհետև առաջին հերթին իմ Տերն է քեզ սիրում և ինձ գործածում է քեզ օրհնելու, զորացնելու և կյանքի դժվար պահերին Իր Խոսքի միջոցով քաջալերելու համար։ 

Այսօր ուզում եմ քեզ մի պարզ ու հասկանալի ճշմարտություն փոխանցել Աստծո Խոսքից։ Շատերն են փնտրում իրենց կանչվածությունը, որպեսզի ծառայեն Աստծուն։ Շատերը իրենց համեմատում են հայտնի քրիստոնեական ծառայողների հետ և երազում մեծ ու ազդեցիկ ծառայությունների մասին։ Սակայն Աստծուն ծառայելը՝ մեզնից յուրաքանչյուրի կանչվածությունը մի պարզ ու բոլորին հասկանալի գործ է՝ մարդկանց հոգսը թեթևացնելը։ 

«Միմյանց բեռը կրե՛ք և այսպես Քրիստոսի օրենքը կատարե՛ք» (Գաղատացիս 6․2):

Քրիստոնեական յուրաքանչյուր ծառայության հիմքում որևէ մեկի հոգսը թեթևացնելն է։ Մի՛ վախեցիր կրելու դիմացինի բեռը։ Օգնի՛ր մարդկանց․․․ և Տերն Ինքը կուղղորդի քեզ քո իրական ծառայության մեջ։ Ոչինչ մի՛ պահանջիր մարդկանցից, մի՛ սպասիր նրանց երախտագիտությանը, գնահատականին ու սիրուն։ Պարզապես կյանքդ նվիրի՛ր նրանց բեռները թեթևացնելու գործին։ Հնազանդվի՛ր Քրիստոսի օրենքին և կտեսնես, թե ինչպես է Տիրոջ սերը հորդում քո միջոցով դեպի մյուսները․․․

Պարզապես սիրի՛ր մարդկանց․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: