Սիրելի՛ բարեկամ, այսօր հրավիրում եմ քեզ, որ օրդ սկսես ամենահամեղ և ամենաօգտակար Աղբյուրից հագենալով․․․
«Դու ճանաչեցնում ես ինձ կյանքի ճանապարհը. Քո առաջ ուրախությունների լիություն կա, և Քո աջ կողմը՝ քաղցրություններ՝ հավիտյան» (Սաղմոս 16.11)։
Աստված է ամենահամեղ և ամենաօգտակար աղբյուրը՝ իրական ուրախության աղբյուրը… Ուրախություն՝ այնքա՜ն առատ, որ գրեթե անհնար է թաքցնել ու զսպել այնպես, որ մարդիկ չնկատեն այն: Խանդավառություն, որ լցնում է քո սիրտը և ստիպում, որ հոգիդ ցնծությունից պար գա: Այս ուրախությունը սրբում է քո բոլոր արցունքները, ստիպում է քեզ երգել ցնծության մեջ և դեմքիդ մի շողշողացող ժպիտ է բերում, որը լուսավորում է քո շրջապատի մարդկանց կյանքի խավարը:
Աստված է ամենահամեղ և ամենաօգտակար աղբյուրը՝ իրական խաղաղության աղբյուրը… Խաղաղություն, որը չես կարող ստանալ ուրիշ ոչ մեկից: Դա աստվածային խաղաղություն է՝ երկնային և կատարյալ: Աշխարհի դժվարություններն ու արհավիրքներն անկարող են մարդուց գողանալու այն խաղաղությունը, որ Աստված է նրան շնորհում։
Աստված է կյանքի աղբյուրը… Քո գոյությունը բխում է Նրա էությունից: Նա Իր շունչն է փչել քո ռունգերից ներս և քեզ Իր կյանքով լցրել։ Նրա ներկայությունը քեզ շրջապատում է ամեն օր, ամեն վայրկյան ու ամեն ակնթարթ:
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, անսպառ ու վարար մի գետի նման Աստված քո կյանքի բոլոր կարիքների ամենահամեղ և ամենաօգտակար աղբյուրն է։ Նա ցանկանում է Իրենով լցնել քեզ։
Ուզո՞ւմ ես զգալ Նրա ուրախության ցնծությունը, Նրա անըմբռնելի խաղաղությունը և Նրա առատ կյանքի հեղումը քո ներսում։ Եթե այո, ապա հրավիրում եմ քեզ աղոթելու ինձ հետ միասին այս կարճ աղոթքով․ «Տե՛ր, ես ընդունում եմ Քո ուրախությունը, Քո խաղաղությունը և Քո առատ կյանքը հենց հիմա: Ես Քո զավակն եմ և որոշել եմ այս կյանքն ապրել՝ Քո կամքը ճանաչելով և Քո կամքին հնազանդվելով։ Ես ամեն ջանք անելու եմ, որպեսզի իմ որոշումներով, իմ գործերով, իմ ծրագրերով ու երազանքներով Քո բարեհաճությանն արժանանամ և արտոնություն ու առանձնաշնորհում ունենամ Քո կյանքի գետից հագենալու համար։ Թող այսօր Քո սիրո գետը լցվի իմ մեջ, և հոգիս թարմանա ու ծարավս հագենա: Դու իմ ուրախության լիությունն ես, և ես սիրում եմ Քեզ: Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը