Այսօր հրավիրում եմ քեզ նորովի բացահայտելու Աստծո և մարդու մտերմության մասին Աստվածաշնչում նկարագրված տեղեկություններով կազմված և Աստվածաշնչի խոսքերի հիման վրա գրված խոսքերը, որ Տեր Աստծո անունից քեզ են ուղղված։ Աղոթում եմ, որ այսօրվա ուղերձն օրհնություն լինի քեզ համար։
Սիրելի՛ բարեկամ, Աստված այնքան է քեզ սիրում, որ ամեն օր փափագում է քեզ ավելի մոտեցնել Իր սրտին։ Համոզվա՛ծ եղիր սրանում և երբե՛ք թույլ չտաս, որ թշնամին կասկածներ սերմանի քո սրտում:
Ահա՛ թե ինչ է Աստված ուզում ասել քեզ այսօր.
«Զավա՛կս, մի պահ կանգ ա՛ռ, դադար վերցրո՛ւ և առանձնացի՛ր Ինձ հետ ժամանակ անցկացնելու համար։ Ես գիտեմ, որ շատ զբաղված ես և բավական թվով գործեր պետք է անես օրվա մեջ։ Բայց մի պահ դադար առ և որոշակի ժամանակ Ինձ հատկացրու։ Ես գիտեմ, որ ուզում ես Ինձ ավելի լավ ճանաչել։ Գիտեմ, որ փափագում ես լսել Իմ ձայնը և ավելի լավ հասկանալ Ինձ։ Քո բոլոր հարցերի պատասխաններն Իմ մեջ են։ Բայց ինչպե՞ս կարող ես քո շուրջն առկա այդ համատարած խառնաշփոթի մեջ լսել Իմ ձայնը։ Այդքա՜ն շատ ձայների մեջ ինչպե՞ս կարող ես լսել Ինձ։ Քո՝ խիստ հագեցած օրակարգի մեջ, որտեղ Ինձ համար գրեթե ժամանակ չի մնում, ինչպե՞ս ես դա անելու։
Դադար ա՛ռ… Արի՛ Ինձ մոտ։ Մի պահ կանգ ա՛ռ և մոտեցի՛ր Ինձ։ Թույլ մի՛ տուր, որ հոգսերդ ու անհանգստություններդ ճնշեն քեզ… Մոտեցի՛ր Ինձ։ Թույլ մի՛ տուր, որ վախը խոցի քո սիրտը… Արի՛ Ինձ մոտ։ Թոթափի՛ր ֆինանսների ու ապրուստի հետ կապված քո հոգսերը։ Թող վաղվա օրը չվախեցնի՛ քեզ… Արի՛ ինձ մոտ։ Ժամանակ անցկացրո՛ւ Ինձ հետ և փորձիր Իմ ձայնը լսել սովորել։
Եթե իրոք ուզում ես լսել Ինձ, ապա քննի՛ր, թե ի՛նչն է քեզ մոտեցնում Ինձ և ի՛նչն է հեռացնում քեզ Ինձնից։ Եթե իրոք ուզում ես լսել Ինձ, ապա կարդա՛ Իմ Խոսքը՝ Աստվածաշունչը, և տե՛ս, թե ի՞նչ պետք է փոխես քո կյանքում, որպեսզի կարողանաս մուտք գործել Իմ ներկայության մեջ։ Երբ խնդրես Ինձ, Ես կօգնեմ քեզ Իմ կամքը ճանաչելու և Իմ բարեհաճությանն արժանանալու հարցերում։ Թույլ տո՛ւր, որպեսզի Իմ Խոսքը նորոգի քո միտքը։ Առանձնացի՛ր Ինձ հետ և ընդունի՛ր Իմ կյանքը։ Ընդունի՛ր Իմ խաղաղությունը։ Ընդունի՛ր Իմ ուրախությունը։ Ես քո կողքին եմ, որպեսզի օգնեմ քեզ փոխվելու բարդ ընթացքի մեջ։ Ես սիրում եմ քեզ և ուզում եմ, որ ճանաչես քեզ համար Իմ պատրաստած Խաղաղության ճանապարհը»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը