![December-22 December-22](https://hisus.am/wp-content/uploads/2024/12/December-22-1024x538.jpg)
Այս ուղերձով մենք ավարտում ենք «Դու նրանց հույսն ես․․․» անվանումը կրող ուղերձների շարքը։ Հավատում եմ, որ եթե դու Քրիստոսի աշակերտն ես, ապա արդեն իսկ ունես այն մեծագույն գանձերից մեկը, որը Տերը խոստացել է Իր հավատարիմ աշակերտներին։ Եվ եթե արդեն իսկ սովորել ես հոգևոր հաղթանակների ընթացքի մեջ հարատևելը, ապա համոզված եմ, որ ազատ ես խավարի, ստության ու վախի կապանքներից, որոնց անդրադարձել ենք մեր նախորդ ուղերձների մեջ, և քո ներսում ունես Տեր Հիսուսի պարգևած այն մեծագույն պարգևն ու գանձը, որը խաղաղությունն է։
Սիրելի՛ բարեկամ, քո շրջապատում բազմաթիվ մարդիկ կան, որոնք տարբեր դժվարություններով են անցնում և օգնության կարիք ունեն։ Դրանք կարող են լինել ընտանեկան, առողջական, ֆինանսական կամ այլ դժվարություններ։ Մենք միշտ կարող ենք աղոթել նման մարդկանց համար և միշտ չէ, որ կարող ենք ուղղակիորեն օգնել նրանց խնդիրների լուծման հարցում։ Սակայն ինչ խնդրով էլ ծանրացած լինեն մեր շրջապատի մարդիկ, նրանք բոլորն էլ մեկ ընդհանուր կարիք ունեն՝ նրանք խաղաղության կարիք ունեն։
«Դու նրանց հույսն ես․․․»։ Դու կարող ես քո ընդունած խաղաղությունը փոխանցել քո շրջապատի մարդկանց, եթե նրանց ցույց տաս այդ խաղաղությունն ընդունելու ուղին։ Տեր Հիսուսից խաղաղություն ընդունելու կերպը հոգևոր հաղթանակների մեջ հմտանալն է և խավարի, ստության ու վախի կապանքներից ազատագրության հարցում կայուն ընթացք ունենալը։ Այո՛, դու կարող ես քո ընդունած խաղաղությունը փոխանցել քո շրջապատի մարդկանց։
«Արդ ով բարին իմանա ու չանի, նրա համար մեղք է» (Հակոբոս 4․17):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստվածաշունչը սովորեցնում է, որ բարին իմանալը և չանելը մեղք է։ Եթե դու ունես մի բան, որը կարող ես բաժնեկցել մյուսների հետ և որի կարիքը նրանք ունեն օդի ու ջրի պես, և չանես դա, ապա քո գութը փակում ես կարիքի մեջ գտնվողներից։ Այո՛, մեր շրջապատի մարդկանց մեծագույն կարիքը խաղաղությունն է, իսկ մենք՝ Քրիստոսի աշակերտներս, ունենք այն, ինչը նրանք փնտրում ու փափագում են իրենց ողջ էությամբ։
«Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ։ Ամեն ինչ Աստծուց է, որը մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով Իր հետ հաշտեցրեց ու մեզ հաշտության ծառայությունը տվեց։ Որովհետև Աստված էր, որ Քրիստոսով աշխարհն Իր հետ հաշտեցրեց և նրանց հանցանքներն իրենց ներեց և հաշտության խոսքը մեր մեջ դրեց» (Բ Կորնթացիս 5․17-19):
Հայրը Քրիստոսի զոհի շնորհիվ մեզ հաշտեցրեց Իր հետ և մեզ մյուսներին Իր հետ հաշտեցնելու ծառայությունը տվեց։ Տերն Իր Խոսքի շնորհիվ մեզ սովորեցրեց հոգևոր հաղթանակների ընթացքը և մեր մեջ Իր հաշտության խոսքը դրեց։ Տերը մեզ Իր անսասան խաղաղությունը պարգևեց և մեզ Իր խաղաղությունը մյուս մարդկանց հետ բաժնեկցելու մշակները դարձրեց։ «Դու նրանց հույսն ես․․․»։ Ուղղակի վկայի՛ր քո ներսում առկա այդ խաղաղության մասին և մարդկանց ցույց տուր այն ընդունելու հավատքի ուղին․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
![156380229_268237911526745_6094722723839198753_n 156380229_268237911526745_6094722723839198753_n](https://hisus.am/wp-content/uploads/2021/03/156380229_268237911526745_6094722723839198753_n.png)
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը